Նախկին ռազմական գործիչները նշանակվել են փոխմարզպետներ

Նախկին ռազմական գործիչները նշանակվել են փոխմարզպետներ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի յոթ մարզերում միանգամից նոր փոխմարզպետներ նշանակվեցին։ Ուշագրավ է, որ բոլոր նոր պաշտոնյաները ռազմական գործիչներ են կամ ազատամարտիկներ։ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը՝ արցախյան առաջին պատերազմում «Ապարան» ջոկատի հրամանատարը։ Նա անցյալում զբաղեցրել է Ապարանի քաղաքապետի պաշտոնը, ՀԱԿ անդամ է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի աջակիցներից։ Նա այս օրերին էլ ռազմաճակատում է եւ մեզ տված հարցազրույցում հայտնել էր, որ այնտեղ է մեկնել պատերազմը սկսվելու առաջին օրվանից։
Արարատի փոխմարզպետ է նշանակվել Նորիկ Ամիրխանյանը։ Նա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման շրջանում՝ 2014-ից, եղել է առաջին բանակային կորպուսի շտաբի պետը, մինչ այդ Նոյեմբերյանի զորամասի հրամանատարն է եղել։ Նախկին հրապարակումների համաձայն՝ Ամիրխանյանը ՊՆ-ում բարձր պաշտոն է զբաղեցրել գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորչության շնորհիվ, ջերմ կապեր է ունեցել նաեւ ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու  հետ։ Այս կապերը նրան շնորհել են արտոնյալի կարգավիճակ, որի պատճառով ՊՆ պաշտոնյան հաճախ է հայտնվել մամուլի էջերում։ Հրապարակումներից մեկի համաձայն, Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացրել ու հայհոյել է ենթականերին: Իսկ հրամանատար եղած ժամանակ անհասկանալի հանգամանքներում այրվել է նրա մեքենան, ըստ վարկածի՝ նրանից դժգոհ ու վիրավորված զինվորներն են դա արել։
Գեղարքունիքի փոխմարզպետ է նշանակվել Հենրիկ Մուրադյանը՝ Հայաստանի զինվորական նախկին կոմիսարը, ում պաշտոնից ազատել էին անցյալ տարի՝ տարիքի պատճառով։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, ՊՆ-ում զբաղեցրել է հրամանատարական այլ պաշտոններ եւս։ Մուրադյանն արցախյան առաջին պատերազմում կազմավորել ու մասնակցել է Վարդենիսի հայկական բնակավայրերի պաշտպանությանը։ Գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։ Ալեքսանյանը երկար ժամանակ ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, ապա՝ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ եւ ազատվել է աշխատանքից այս տարի՝ մի շարք զինվորականների հետ։ Նրանց ազատմանը նախորդել էին բանակում մեկ տասնյակից ավելի դժբախտ պատահարների, ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով մահվան ելքով դեպքերը։ Զինված ուժերում էր 1992թ.-ից։

Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել Արթուր Հովակիմյանը։ Նա գնդապետ է եւ երկար տարիներ Իջեւանի զինվորական կոմիսարն էր։ Սյունիքի փոխմարզպետ նշանակվել է Մելիքսեթ Պողոսյանը։ Նա էլ Գորիսի զինկոմն է եղել։ Վայոց ձորում փոխմարզպետ նշանակվել է Արայիկ Մուրադյանը, մականունը՝ Մախնո: Նա զբաղեցրել է Արարատի զինվորական կոմիսարի պաշտոնը։ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների օրերին 200 հոգանոց ջոկատով առաջնագծում էր:
Ռազմական անցյալ ունեցող  փոխմարզպետների նշանակումը պայմանավորված է Հայաստանում աշխարհազորի ձեւավորման հանգամանքով։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ խորհրդարանն  ընդունեց «Աշխարհազորի ստեղծման մասին» օրենքի նախագիծը, եւ փոփոխություն կատարվեց «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում՝ աշխարհազորի կազմավորման պատասխանատվությունը դրվեց փոխմարզպետների վրա։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարզում ձեւավորվող աշխարհազորային զորամիավորման հրամանատար պետք է դառնա փոխմարզպետը, իսկ Երեւանում՝ փոխքաղաքապետը։ Աշխարհազորային փոխմարզպետներ դեռ չեն նշանակվել Լոռիի, Շիրակի, Կոտայքի մարզերում, իսկ Երեւանի ավագանին նոր փոխքաղաքապետի նշանակման վերաբերյալ ավագանու նիստ դեռ չի հրավիրել։ «Օրենսդրորեն սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով եւ, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից եւ գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձեւավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Հետաքրքիր է, որ դեռեւս 2017 թվականին, երբ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, տարբեր հասարակական-քաղաքական գործիչների կողմից բարձրացվում էր այն հարցը, թե իշխանությունները պետությունը տանում են առավել խորը միլիտարիզացման՝ ռազմականացման: Հասկանալի է, որ այսօր պատերազմական դրությունը որոշ պահանջներ է առաջ քաշում, բայց ուշագրավ է, որ աշխարհազորի ստեղծման մասին նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռեւս այս տարվա օգոստոսին։ Նշենք, որ նոր փոխմարզպետները չեն փոխարինում հներին, կամ՝ աշխարհազոր կազմելու պարտականությունը չի դրվել գործող փոխմարզպետների վրա, այլ լրացուցիչ նոր հաստիքներ են բացվել՝ ավելացնելով բյուջեի բեռը։