Մարզպետն իր վարակվելու հարցը երկրորդական հարց է համարում

Մարզպետն իր վարակվելու հարցը երկրորդական հարց է համարում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երկրորդական հարց է համարում իր առողջական վիճակի ու աշխատասենյակում «ինքնամեկուսանալու» հարցը, ինչպես նաեւ վարչապետի կոչով կամավորական ջոկատներ կազմավորելու եւ առաջնագիծ մեկնելու։ Մենք տեղեկացել էինք, որ շուրջ 10 օր է՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն «ինքնամեկուսացել» է կամ բուժվում է հենց մարզպետարանի իր աշխատասենյակում: Բժշկական ծառայությունները Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Սերոբյանն անձամբ է մատուցում մարզպետին՝ հիվանդանոցից մարզպետարան բերելով անհրաժեշտ սարքավորումներ եւ բժշկական պարագաներ: Սննդի կետերն էլ սնունդն են մատակարարում «մեկուսացած» մարզպետին: Մարզպետարանում բոլորը խոսում են, որ նա «Covid-19»-ի վարակակիր է, իսկ գուցե՝ կոնտակտավոր:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ կորոնավիրուսից մահացավ Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը, ով հենց աշխատավայրում էր վատացել եւ այնտեղից էլ տեղափոխվել էր հիվանդանոց: Ասացին՝ վարակված են նաեւ մարզպետի հետ անմիջականորեն շփվող երկու աշխատակցուհիներ եւս: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ մարզպետից։ Նա հեռախոսին պատասխանեց շատ արագ, բայց շատ արագ էլ անջատեց, երբ փորձեցինք հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Մինչ նրա «ինքնամեկուսացման» հարցին անցնելը, նախ փորձեցինք ճշտել՝ մարզպետարանն արդեն ձեւավորե՞լ է կամավորականների ջոկատ, արդեն կա՞ն առաջնագիծ մեկնածներ։ «Եկեք էդ հարցերը չքննարկենք, էլի, իրար հետ, լա՞վ»,- եղավ մարզպետի պատասխանը։ Ինչ վերաբերում է հարցին, որ իրեն բժշկական ծառայություններ են մատուցում անմիջապես իր աշխատասենյակում, եւ իր՝ հավանական վարակակիր լինելու մասին հարցին մարզպետն ասաց․ «Երկուսն էլ երկրորդական հարց են, եկեք անցնենք առաջ, լա՞վ։ Ես աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է, եղբայր ջան, հաջողություն»։ Այլ՝ ավելի «առաջնային» հարցեր չհասցրինք տալ, քանի որ մարզպետն արդեն անջատել էր հեռախոսը։