«Ով էլ հիմա դիմի, չեն գա»․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին 

«Ով էլ հիմա դիմի, չեն գա»․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին 

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Աբու Դաբիից ներդրումներ անելու հարցի շուրջ ծավալված քննարկումներին, մասնավորապես, Հայաստանի շեյխ հյուրերի թագաժառանգ լինել-չլինելու հարցին․

«Արդեն ամաչում եմ տվյալ հարցին պատասխանեմ: Հիմնական հարցը թողած ինչի մասին են խոսում՝ ջինսով կգային, կամ թագավորի որ տղեն էր՝ մեծ տղեն էր, փոքրն էր: Ամոթ ա, մարդիկ եկել էին բիզնես ծրագրով: Թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, փոքրն էր, կրտսերն էր: Հասկանալի է, թագաժառանգը չէր, բայց թագավորի տղան էր, եկել էին բիզնես ծրագրով: Մնացածը դուք մտածեք, ես մտածելու բան չունեմ»,- լրագրողներին ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե նորից կդիմի՞, որ նրանք գան Հայաստան, Ծառուկյանը պատասխանեց. «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա: Դուք տեսա՞ք՝ նրանք ասացին՝ մենք զգացինք, որ անցանկալի հյուրեր էինք: Ես չգիտեմ մարդկանց մտածելակերպը, մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ: Հարցը տվել ենք, թող հարցին պատասխանեն լիարժեք: Եկե՞լ են, եկել են, ուզեցե՞լ են ներդրում անեն, ուզեցել են: Թե ջինսով կգան, դա հիմնական խնդիր չի: Ծառուկյանը անձնական շահ չունի, ուզում ա, որ լավ լինի»: Աբովյան փողոցի հյուրանոցի հարցն ի՞նչ փուլում է․

«Այդ հյուրանոցը թողենք մի կողմ, ես նորից եմ ասում՝ դուք նայեք իմ հարցազրույցը ինչի մասին է, փոխանակ խոսան ներդրման մասին, հիվանդանոցի մասին, որ կառուցվում է անվճար լինելու համար, որ ժողովրդին սպասարկի անվճար, մարդիկ էսօր հիվանդանոցներում հերթեր են կանգնում, գումար չկա, մարդիկ ուզում են քայլ կատարեն, իսկ հյուրանոցը դատական փուլում է, երբ կլուծվի, կլուծվի, խնդիր չկա»։