Զինծառայողների հասանելիքի ուղղությամբ պարզված թաթիկները, հուսամ՝ կկտրեն. Ուրիխանյանը դիմել է դատախազություն

Զինծառայողների հասանելիքի ուղղությամբ պարզված թաթիկները, հուսամ՝ կկտրեն.  Ուրիխանյանը դիմել է դատախազություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Մալբրի» համակարգով նյութեր է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պարզել Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ չփոխանցված արդեն շուրջ մեկ միլիարդի հասնող գումարի վերաբերյալ նյութերը։ Ակնկալում է համարժեք քրեաիրավական գնահատական, քրեական գործի հարուցում և մեղավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

«Հրապարակի» հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դիմել է դատախազություն։

«Քանի որ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները և ստացված նյութերի համակցվածությունը ոչ միայն չտվեց պատասխաններ, այլ առավել մտահոգությունների առիթ տվեց։ Հատկապես մտահոգությունների առիթ տվեց վարչապետի հանձնարարության ուսումնասիրությամբ օգնականի կողմից ստացած տեղեկությունները»։

Հիշեցնենք, որ  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն Ուրիխանյանին ներկայացրել էր տեղեկանք հիմնադրամի ստացած միջոցների մասին, սակայն պատասխանն ավելի շատ հարցականներ է առաջացրել։

«Հատկապես երբ նշվում է 1․9 միլիարդ դրամի չվճարված պարտավորությունների մասին»,-ասաց Ուրիխանյանը։ Նա նշեց, որ դատախազություն ուղարկված նյութերում ներառված են վարչապետի ԱԺ-ում արված հայտարարությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նշել էր 2019թ․-ի ընթացում 648,8 միլիոն դրամ վճարված գումարների մասին՝ Տոնոյանի՝ դրա վերաբերյալ տեղեկանքը, հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունը, որտեղ այդ գումարները չկան։

«Հետևաբար ստացվում է, որ վարչապետի՝ ԱԺ-ում հրապարակած տեղեկությունն  իրականությանը չհամապատասխանող էր՝ հիմնված  նախարարի տեղեկանքի վրա»,-ասաց նա։