Պարոն Փաշինյանը չի համաձայնել՝ բացի ծառերից, ձեր տունն էլ է ուզում

Պարոն Փաշինյանը չի համաձայնել՝ բացի ծառերից, ձեր տունն էլ է ուզում

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել եւ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանին հարակից 1-ին փողոց, 12-րդ փակուղի, 4 բնակելի տունը եւ նույն փողոցի 12-րդ փակուղի, 2 հողամասը՝ դրա վրա գտնվող անշարժ գույքերով, ճանաչել է հանրային գերակա շահ: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թ. բյուջեով նախատեսված միջոցներից կվերաբաշխվի 65 մլն 540 հազար դրամ, որը կուղղվի Բջնիի հանրապետական նշանակության «Ամրոց» հուշարձանին հարակից տարածքում գտնվող քաղաքացիների անշարժ գույքի ձեռքբերմանը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է կառավարությունը տվյալ տարածքը գերակա շահ ճանաչել, եւ ովքեր որքան փոխհատուցում կստանան այդ տարածքի դիմաց: Բջնի վարչական ղեկավար Հովհաննես Անդրեասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ ոչինչ չի փոխանցվել, բայց գիտի, որ երկու տնտեսությունների մասին է խոսքը, մեկը բնակելի տուն է, մյուսը՝ տնամերձ հողամաս: Եվ մեզ փոխանցեց Անդրանիկ Խաչատրյանի հեռախոսահամարը, ում պատկանում է տնամերձ հողամասը։ «Պայմանավորվել ենք, որ իրենք գան, տեսնեն, հողամասը գնահատեն եւ գումարային կփոխանցեն: Իմ տնամերձը գտնվում է պատմամշակութային ամրոցի անմիջապես հարեւանությամբ, քիչ վերեւ իմ ազգականի տունն է, որտեղից ամրոցի պարիսպը չի երեւում: Ելնելով դրանից՝ ճանաչվել է հանրային գերակա շահ: Մի քանի անգամ մենք հանդիպեցինք մարզպետի հետ, իրենք ներկայացրին, զրուցելուց հետ իրենք էլ ներկայացրին իրենց փաստարկները, որ ամրոցն այս պահին տեսանելի չէ, պետք է տարածքն ազատվի, որ տեսանելիությունն ապահովվի: Օրենքի կետերով մեզ նամակ են ուղարկել՝ տարածքն ազատելու մասին, մենք էլ համաձայնել ենք»,- ասաց Խաչատրյանը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե միայն տեսանելիությունն ապահովելու համա՞ր է գերակա շահ ճանաչվել, թե՞ ինչ-որ մեկը ցանկանում է տիրանալ այդ տարածքին՝ հետագայում, ասենք, հյուրանոց կառուցելու նպատակով։ «Չեմ կարող ասել՝ հետագա պլանները ոնց են լինելու, միայն կարող եմ ասել, որ իմը 1400 մետր է, իմ բարեկամինը՝ 4 հազար 900»:
Զրուցեցինք նաեւ Վահրամ Խաչատրյանի հետ, ով համաձայն չէ կառավարության որոշման հետ, անգամ դատական հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության: Վահրամը հետաքրքիր մանրամասներ պատմեց, թե ինչպես են ուզում իրենց ձեռքից տունն ու հողամասը խլել. «Ամենաառաջինը՝ պարոն Փաշինյանը որ եկել է Բջնի, իրեն ներկայացրել են, որ մենք չենք թողնում, որ մեր կողմով շինարարություն լինի, մեր կողմով մարդ բարձրանա ամրոց: Ամրոցին երկար տարիներ մերոնք՝ եղբայրս ու հայրս են տեր կանգնել, ամրոցը վերանորոգել ենք՝ պետության ֆինանսավորմամբ եւ մեր ուժերով: 1826 թվականից մերոնք ապրել են Բջնիում ու ապրել են ամրոցի տակ: Մայրս՝ ավելը ձեռքին, ողջ ամրոցի տարածքը մաքրել է, մի հատ թուղթ չէր թողնում այդ տարածքում: Էս վերջում ամրոցը տվեցին ինչ-որ ՊՈԱԿ-ի: ՊՈԱԿ-ի աշխատակիցները հենց առաջին օրվանից եկան, ամրոցի տարածքում, մեր տան վերեւի մասում սետկա քաշեցին, մի հատ դուռ դրեցին եւ կողպեքը դրեցին վրան: Մեր կողմից լրիվ ճանապարհը փակեցին, ու Փաշինյանը հենց եկավ Բջնի, բերեցին կանգնեցրին քարափի ծայրին եւ ներկայացրին, որ բնակիչը չի թողնում իր տարածքով մարդիկ ամրոց բարձրանան»:

Վահրամը պատմեց, որ տարիներ շարունակ ընտանիքով ամրոցի տարածքը պահպանել են, պատերը վերանորոգել, այդ տարածքից հայտնաբերված իրերով նախարարության թույլտվությամբ եւ որոշմամբ իրենց տան մի հատվածում թանգարան են հիմնել եւ պահպանել. «Տարածքը մաքրել էինք, մի փոքր բեսեդկա դրել, որ զբոսաշրջիկները հանգստանան, թեյ կամ սուրճ խմեն: Հետո՝ այս պատմությունը: Փաշինյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ գյուղացու հետ համագործակցեք, որ ծառերը մի քիչ կտրեք, ճյուղերը կտրեք, ամրոցի արտաքին տեսքը երեւա՝ փոխհատուցումով: Մեզ կանչեց մեր մարզպետը, համաձայնության եկանք, որ ինչ-որ չափով մեզ փոխհատուցում տան, մենք էլ մեր 200 տարվա ծառերը կտրենք: Թթի ծառ ունեինք՝ 150 տարեկան է, մեր պապի պապն է տնկել: Մենք համաձայնեցինք, որ մեր ծառերը կտրենք՝ տարածքը երեւա: Հետո մեզ նամակ եկավ, որ մեր տարածքը ճանաչել են գերակա շահ, եւ մենք խոչընդոտ ենք հանդիսանում: Կրկին մարզպետը կանչեց, ասացինք՝ պարոն մարզպետ, սրան լուծում չկա՞, մենք խոչընդոտ չենք: Մարզպետն ասաց, որ միակ լուծումն այն է, որ անփոխհատույց թողեք՝ կտրենք ձեր 70 հատ ծառերը, բացվի ամրոցի տեսքը, մենք էլ ձեզնից հանենք գերակա շահը ու բարիշենք իրար հետ: Ու կառավարությունից մեզ թուղթ բերեցին

: Ըստ կառավարության որոշման՝ իրենք համաձայնել են մեզ հետ՝ կտրում են ծառերը, որ ամրոցի տեսքը երեւա, իրենք հանում են գերակա շահը, այսպես հարցը լուծում է ստանում: Մեծ դժվարությամբ, սրտի ցավով համաձայնեցինք, որ մեր ծառերը կտրեն եւ գերակա շահը հանեն: Իմ հոր ու մոր լացը ոչ մեկը չի կարա մարսի, դառը ցավով էդ ծառերը կտրել տվեցի: Մեծ պոպոքի ծառեր էին, հիմա ցախն էլ տեղում լցրած է, փայտն էլ չենք վերցրել: Հետո իմացանք, որ ուզում են այդ կտրած ծառերը վաճառել, մենք չթողեցինք: Պատկերացրեք, որ իմ ընտանիքն էդ ծառերի բերքով էի պահում, եկամուտ էր մեզ համար, մեզ եկամտից զրկեցին: Բայց որոշ ժամանակ անց մեզ եւս մի նամակ եկավ՝ մարզպետի ստորագրությամբ, որ տարածքը կրկին գերակա շահ է, Փաշինյանը համաձայն չէ: Զանգեցինք մարզպետին, ասացինք. «Պարոն մարզպետ, մենք մերն արել ենք, դուք էլ թուղթ եք ուղարկել, որ ծառերը պետք է կտրենք՝ կառավարությունը չեղարկի իր որոշումը»:

Մարզպետն ասաց. «Ի՞նչ անեմ, իմ հաշիվը չէ, պարոն Փաշինյանը չի համաձայնել դրա հետ, ինքը, բացի ծառերից, տունն էլ է ուզում»: Ու հետաքրքիրն այն է, որ նամակի մեջ գրված է՝ տունը գերակա շահ ճանաչել՝ հետագա նպատակների համար: Մեր ամբողջ տարածքը 5000 մետր հող է, ամեն մի հարկը՝ 300 քմ: Ո՛չ նախարարի թոռ եմ, ո՛չ էլ՝ պաշտոնյա, ընդամենը աշխատող գյուղացի վարպետ մարդ ենք, պապական ժառանգություն ստացած: Հիմա մենք դատի ենք տվել կառավարությանը, որովհետեւ իրենք անհիմն են մեզնից ուզում մեր տունն ու տեղը, մեր ապրուստը վերցնեն, մեր երեխեքին թողնեն անտերուդուս: Ցավն այն է, որ մեր ողջ տունն ու հողամասը գնահատել են 57 մլն դրամ, մեզ հետ ոչ մի բան չեն համագործակցել: Ինչ-որ մեկին ուղարկել են, եկել է մեր հայաթը նայել ու գնացել, ասել է՝ էսքան արժե տունը: Ես համոզված եմ, որ սրանից Փաշինյանը տեղյակ չէ, ու ես շատ կուզեի իր հետ հանդիպեի, Փաշինյանը տեսներ հորս ու մորս արցունքները, որ իրենց տարիներով աճեցրած ծառերը, որ դույլերով ջուր են կրել ու ծառ ջրել, կտրեցին: Երեւի ինչ-որ մեկը նպատակ ունի այստեղ հյուրանոց կառուցելու, էդպես է ինձ թվում, մեր մարզպետն էլ մի քիչ շատ է շահագրգռվել: Հիմա էլ մեզ հերթական նամակն է եկել, որ մենք իբր իրավունք չունենք դատի տալ կառավարությանը: Դեռ դատական նիստ տեղի չի ունեցել, բայց մենք ամեն բան կանենք, որ մեր պապական տունը պահենք»:

ՀԳ. Մենք հետեւողական կլինենք եւ պարբերաբար կանդրադառնանք այս դատական նիստերի ընթացքին՝ իմանալու, թե «ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած Փաշինյանի «ժողովրդական» կառավարության օրոք ինչպես են մարդկանց ձեռքից խլում տունուտեղը, կտրել տալիս եկամտի աղբյուր ծառերը եւ խաբելով՝ 11 հոգանոց ընտանիքին զրկում ապրուստի միջոցից: