Արցախի ԱԺ նախագահի փոփոխությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ

Արցախի ԱԺ նախագահի փոփոխությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ

Կարեւորը ոչ թե Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի պատճառներն են, այլ հրաժարականի հետեւանքը. Թովմասյանին փոխարինելու է ոչ թե խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության որեւէ ներկայացուցիչ, այլ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Խորհրդարանի ղեկավարությունը հանձնվում է ընդդիմությանը. ՀՅԴ-ն ընդդիմություն է ոչ միայն Արցախում, այլեւ՝ Հայաստանում: ՀՅԴ-ական պատգամավորին Արցախի խորհրդարանի ղեկը հանձնելով, Արցախի իշխանությունները փաստացի ավելի են ռադիկալացնում Արցախի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի կողմից վարվող հակաարցախյան քաղաքականության նկատմամբ: Առաջիկայում պետք է սպասել, որ Արցախի իշխանությունները, առնվազն օրենսդիր իշխանության մակարդակով, հստակ նշելու են, թե ով է Արցախում ներկայում ստեղծված ճգնաժամի պատասխանատուն, եւ ինչ միջոցներով է հնարավոր հաղթահարել այդ ճգնաժամը: 

Փաշինյանը փորձում է Արցախում ստեղծված աղետը ներկայացնել որպես Արցախի իշխանությունների վարած արմատական քաղաքականության եւ աշխարհի կողմից արցախցիների ճակատագրի նկատմամբ դրսեւորած անտարբերության հետեւանք՝ ոչ ավելին: Փաշինյանն ասում է, որ Արցախի իշխանությունները պետք է ճկունություն դրսեւորեն Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում եւ իրենց վրա պատասխանատվություն վերցնեն այդ բանակցությունների արդյունքների եւ հետեւանքների համար: Միջազգային հանրությունն էլ պետք է երաշխավորի, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն, մի քիչ էլ հումանիստ գտնվի ու թույլ չտա, որ 120 հազար մարդ սովից կոտորվի:

Ըստ Փաշինյանի՝ Արցախում ստեղծված աղետը կանխելու հարցում Հայաստանի իշխանություններն անելիք չունեն, Արցախի ժողովուրդն էլ Հայաստանից ակնկալիքներ չպետք է ունենա: Փաշինյանը բառացի ասում է, որ ինքը, բառի բուն իմաստով, մատաղ կանի 120 հազար արցախցիներին, բայց թույլ չի տա, որ Արցախի պատճառով պայմանականորեն մատաղ լինեն ինքն ու իր իշխանության մոտ 120 ներկայացուցիչները՝ զրկվելով Հայաստանում իշխանությունն անվրդով վայելելու հաճույքից:

Իրավիճակն էականորեն կարող է փոխվել, եթե Արցախի իշխանությունները հստակ հայտարարեն, որ երբեւէ Փաշինյանին մանդատ չեն տվել՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը սկսվել է հենց Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքում, եւ հիմա արցախցիները սովի եւ տառապանքների են մատնվել Փաշինյանի քաղաքականության արդյունքում: Մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի՝ Պրահայի հանդիպումը, Ադրբեջանի մտքով անգամ չէր անցնում շրջափակել Արցախը, քանի որ մինչ այդ գործում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը: Այդ փաստաթղթի ստորագրումից գրեթե երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Պրահայում ստորագրեց մեկ այլ եռակողմ հայտարարություն, որով, ըստ էության, չեղյալ հայտարարվեցին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված պայմանավորվածությունները: Միայն դրանից հետո է, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ստացավ՝ շրջափակելու Արցախը, իսկ Ռուսաստանը զրկվեց Արցախի հարցում միջնորդություն իրականացնելու իրավունքից` հիմա բանակցություններն ընթանում են ընդամենը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու շուրջ:

Ասվածն ամենեւին էլ հայտնագործություն չէ, սրա մասին բազմիցս է խոսվել: Բայց մի բան է, երբ սա ասվում է անհատական մակարդակում, երբ դրա մասին խոսում են լրագրողները, փորձագետները, առանձին ընդդիմադիր գործիչներ, այլ բան է, երբ դրա մասին հայտարարի Արցախի ժողովրդի կողմից ընտրված, 120 հազար արցախցիներին ներկայացնող խորհրդարանի ղեկավարը: Դրանից հետո թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ կստեղծվի: Երբ Արցախում ստեղծված իրավիճակի համար Արցախի իշխանությունները մեղավոր ու պատասխանատու ճանաչեն անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ ոչ թե ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանին կամ անհասցե միջազգային հանրությանը, կփոխվի նաեւ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհը:

Փաշինյանի մեղքն այս հարցում ուղիղ է եւ անմիջական: Նա չի կարող 44-օրյա պատերազմի նման, պարտության մեղավոր հռչակել Արցախը, իբրեւ թե ի սկզբանե, Ադրբեջանին հանձնած նախկիններին, դավաճան զինվորականությանը, իր պայմանագրային պարտավորությունները չկատարած Ռուսաստանին չի կարող ասել, որ եթե բոլոր հայ տղամարդիկ եւ կանայք կամավոր գնային ռազմաճակատ եւ միասնաբար զոհվեին, գուցե ինքը կարողանար հաղթել Ադրբեջանին եւ իրեն հռչակեր հաղթող գերագույն գլխավոր հրամանատար ու նույնիսկ ինքն իրեն մարշալի կոչում շնորհեր: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է անձամբ ինքը, ինքն է հայտարարել, որ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ՝ դրանով չեղարկելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով Արցախի կարգավիճակը հստակեցված չէր: Փաշինյանը փորձում է արդարանալ՝ ասելով, թե Ռուսաստանը մինչեւ Պրահայի հանդիպումն էլ էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի մաս, այնպես որ՝ իր ճանաչել-չճանաչելը ոչինչ չէր փոխում: Հա, ճանաչել էր, բայց Ռուսաստանի ճանաչելն ի՞նչ կապ ունի Հայաստանի կողմից ճանաչել-չճանաչելու հետ: Մինչեւ այն պահը, երբ Հայաստանը չէր ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, Արցախի կարգավիճակը համարվում էր վիճարկելի. Ադրբեջանն այն համարում էր իրենը, իսկ Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պնդում էր, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք: Քանի որ հարցը վիճարկվում էր, Ռուսաստանը կամ այլ միջնորդներ իրավունք ունեին մասնակցել այդ վեճի լուծմանը: Արդեն մեկ տարի Փաշինյանը եւ իշխանական թիմը հայտարարում են, որ վեճ չկա, Հայաստանը եւս ճանաչում է Արցախը որպես Ադրբեջան։ Եթե վեճ չկա, միջնորդներն ի՞նչ հարցով միջամտեն, ի՞նչը կարգավորեն:

Երբ Արցախի իշխանությունները հստակ հայտարարեն, որ Արցախում տեղի ունեցողի միակ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է, եւ հայ հասարակությունն այս հարցում կգա համընդհանուր կոնսենսուսի, շատ հեշտ կլինի Արցախի փրկության ճանապարհ գտնելը: Ընդամենը պետք կլինի համընդհանուր ուժերով հեռացնել Փաշինյանին: Նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունները սկսել իր զրոյական կետից՝ փորձելով սրբագրել Փաշինյանի գործած սխալները, որքանով որ հնարավոր կլինի:

Ավետիս Բաբաջանյան