Ամեն դեպքում, ձեռքներս ծալած չենք նստելու, դա՝ հաստատ

Ամեն դեպքում, ձեռքներս ծալած չենք նստելու, դա՝ հաստատ

«Հրապարակը» զրուցել է Երեւանում Արցախի աջակցությանն ուղղված հանրահավաքների կազմակերպմանը մասնակցող Սերոբ Նալթակյանի հետ։ 

- Հանրահավաքներ լինելո՞ւ են։

- Ճիշտն ասած, այս երեկվա՝ մեքենաների գնալուց հետո որոշել էինք սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ են լինելու։ Տեսնել՝ կարողանո՞ւմ են հումանիտար օգնությունն անցկացնել, թե՞ ոչ։ Դրա համար այս պահին նախատեսված ակցիա չկա։

- Եթե թույլ չտան բեռնատարներին մտնել Արցախ, ինչ-որ քայլե՞ր եք անելու։

- Ճիշտն ասած՝ չեմ ուզում ես միանձնյա ինչ-որ հայտարարություններ անել։ Ամեն դեպքում, ձեռքներս ծալած չենք նստելու, դա՝ հաստատ։ Իսկ թե ինչ գործողություններ կամ ակցիաներ կլինեն, հիմա չեմ կարող ասել։ Ժամանակից շուտ չենք ուզում բան ասել։

- Անգամ եթե այդ օգնությունը տեղ հասնի, ընդամենը 2 օրվա պարենի հարց է լուծվելու, հետեւաբար՝ մարդկանց մոտ հարց է առաջանում, թե արդյոք լինելո՞ւ են նոր ակցիաներ։

- Եթե մարդկանց մոտ հարցեր են առաջանում, որ կարող է մեր նպատակը երկու օրվա օգնությունն էր կամ ընդամենը օգնություն անցկացնելը, հաստատ սխալ են այդ մարդիկ։ Եթե հիմա, այս պահին մեքենա էր գնում՝ երկու օրվա համար նախատեսված օգնություն տանելու, ու մեր ակցիաներով կարող է մենք ինչ-որ բացասական ազդեցություն ունենայինք այդ պրոցեսի վրա, դրա համար այս պահին ժամանակավոր ոչ մի գործողություն չենք ձեռնարկի։ Բայց դա չի նշանակում, որ չկա գործողությունների հաջորդականություն, կամ նպատակն այն էր, որ մի քանի մեքենա գնա Արցախ։ Ժամանակից առաջ հայտարարություններ անելը սխալ եմ համարում, կներեք, չեմ կարող։

- Ովքե՞ր են եղել հանրահավաքների կազմակերպիչներն ու աջակիցները, անուններ կարո՞ղ եք հնչեցնել։

- Չէ, ճիշտն ասած՝ անուններ չեմ կարող հնչեցնել, չեմ ուզում հնչեցնել, սխալ եմ համարում, որովհետեւ եթե այդ մարդիկ ուզեին, իրենք դա կանեին։ Ուրեմն գիտակցում են, որ պետք չէ այս միջոցառումներն օգտագործել փիառի համար։ Իսկ գուցե սկսենք հավատա՞լ, որ մարդիկ սկսել են մտածել իրենց ժողովրդի մասին։

- Անունների հնչեցնելն ի՞նչ խնդիր է, ինչո՞ւ են ուզում ստվերում մնալ։

- Չէ, չէ, խնդիր բացարձակ չկա, եթե այդ մարդիկ այդպես են որոշել, դա իրենց որոշումն է, բայց ասեմ, որ ինչ-որ վառ անուն այդ ցանկում չեք գտնի։ Ես լսել եմ, որ ցույցին մասնակցել են այսինչ-այնինչ մարդիկ, որոնց անձամբ ես չեմ նկատել, բայց գուցե իսկապես եղել են։ Ինձ համար այդ սահմանները ջնջվել են՝ նախկին, ներկա։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մասնակցած լինեն «Քաղաքացիական պայմանագրից», Երկրապահից, էս մեկից, էն մեկից եւ այլն։ Եկեք այդ մարդկանց ինքնարտահայտվելու հնարավորություն տանք, ինչ-որ ձեւ, գուցե գործով, գուցե ինչ-որ տեղ ֆիզիկապես ներկա լինելով՝ հնարավորություն տանք, գուցե այդ մարդիկ չեն կարողանում ինքնադրսեւորվել, իրենց մտքերն արտահայտել։

- Հանրահավաքը կազմակերպողների մեջ Արայիկ Հարությունյանի շրջապատից մարդիկ կա՞ն․ նման լուրեր են տարածվել։

- Կներեք, բայց իմ անունն էլ են սկսել կապել Արայիկ Հարությունյանի հետ։ Պետական ապարատում աշխատող բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ճանապարհի փակվելու պատճառով գտնվում են այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, եւ իրենց ակտիվ մասնակցությունը եթե չլինի այս միջոցառումներում, առնվազն տարօրինակ կլինի։ Բայց անուններ չեմ նշում, ոչ թե՝ որովհետեւ վախենում են, այլ՝ եթե իրենք այդպես են նախընտրել, ես չեմ կարող իրենց փոխարեն որոշել՝ իրենց մասնակցության չափաբաժինը կարո՞ղ եմ հրապարակայնացնել, թե՞ ոչ։ Կարող է մարդիկ ուզում են ամեն ինչ լուռ անել, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը՝ ողջունում եմ։