Արյունակցական-ոչ արյունակցական բոլոր մորաքույրներս թիրախավորվել են

Արյունակցական-ոչ արյունակցական բոլոր մորաքույրներս թիրախավորվել են

Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տեւած ասուլիսի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով դժվար իրավիճակում դրեց վարչապետին՝ փաստարկված հակադարձելով եւ զուգահեռներ անցկացնելով մինչ 2018 թվականը եւ պաշտոնավարման ժամանակ նրա հնչեցրած հայտարարությունների միջեւ։ Հարցեր հնչեցնելով արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների եւ շարքային քաղաքացիների կողմից։ Ասուլիսից հետո իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, իշխանություններին հարող տարբեր խմբերի ու լրատվամիջոցների կողմից, որոնք անգամ խմբագրակազմ չունեն, թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ եւ հատկապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գեւորգյանն ու «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը: Բանը հասել է նրան, որ լրագրողներին վառելու, սպանելու կոչեր են արվում, սեռական հայհոյանքներ տալիս, սպառնում անգամ լրագրողների հարազատներին եւ ընտանիքի անդամներին:

Սպառնալիքներն այն աստիճան են տարածում գտել համացանցում, որ դրա մասին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայաստանի ժուռնալիստների միությունը: «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ազատ խոսքի համար լրագրողները, բառի ամենաուղիղ իմաստով, հարձակումների են ենթարկվում իշխանությունների կողմից: Հավանաբար, իշխանությունները մոռացել են, թե ինչպիսի բառապաշար էր կիրառում լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Համեմատության մեջ Անի Գեւորգյանի եւ Հռիփսիմե Ջեբեջյանի լեքսիկոնը լրագրող Նիկոլ Փաշինյանի բառապաշարի համեմատ աննախադեպ զուսպ եւ հավասարակշռված էր, ինչը չենք կարող ասել նախկինում ազատ խոսքի ջատագով, այժմ խոսքի ազատության թշնամի Նիկոլ Փաշինյանի մասին: Նկատենք, որ Անի Գեւորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը որեւէ վիրավորական արտահայտություն չեն օգտագործել հարցեր հնչեցնելիս, փոխարենը իշխանություններին մոտ կանգնած շրջանակները նրանց հասցեին ամենավերջին այլանդակ խոսքերն են ասում: Մենք զրուցել ենք Անի Գեւորգյանի եւ Հռիփսիմե Ջեբեջյանի հետ:

Անի Գեւորգյան

Եթե ասեմ, թե իմ հասցեին ուղղված սպառնալիքներն ու վիրավորանքները որեւէ ազդեցություն չեն ունեցել, սխալ կլինի, սակայն, որ այդ հերյուրանքներից ընկրկեմ եւ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ասուլիսին չգնամ, հարցեր չուղղեմ, դա այդպես չէ: Եթե հաջորդ ասուլիսին էլ հրավիրվեմ, ապա հաստատ նորից հետաքրքիր հարցեր կհնչեն: Սպառնալիքներ հիմնականում հնչում են տեսանյութերի տակ: Մի քանիսը սքրին եմ արել անգամ: Ինձ առաջարկում են վառել, հետո այդ մոխիրը նորից վառել, ու այդպես շարունակ: Նրանց մեջ կան թե՛ իրական օգտատերեր, թե՛ ֆեյքեր, բայց կոնկրետ վառելու կոչ անողն իրական օգտատեր է: Գրում են, որ ինձ որտեղ տեսնեն, ծեծի են ենթարկելու, գլուխս ջարդելու են, գրում են այլանդակ հայհոյանքներ: Հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից «լրատվամիջոցներ» թվացող կայքերն էլ են իմ եւ Հռիփսիմե Ջեբեջյանի մասին նյութեր գրում՝ մեզ անվանելով անբարոյականներ, մեզ մեղադրում են թշնամի պետության շահերը ներկայացնելու մեջ, բայց ինչպե՞ս կարող եմ ես, որ խոսում եմ Արցախի մասին, փոխանցում արցախցու խոսքը, թշնամու շահը սպասարկել: Ես ֆեյսբուքյան գրառում էի արել, այդ գրառման հիման վրա պատկան մարմինները կարող էին վարել քննություն: Ալեն Սիմոնյանի հետ կապված նախադեպ եմ ունեցել: Հավանաբար, հիշում եք, որ ասել էի, թե իմ դեմ ֆեյքային արշավը պատվիրել է Ալեն Սիմոնյանը, այդ մասին նաեւ հայտնել էի իրավապահներին, հիմնավորումներ էի ներկայացրել, իրավապահները գործը կարճել էին՝ նշելով, որ սպառնալիք չեն դիտարկում այդ մեկնաբանությունները, որովհետեւ սպառնալիքն այն է, որ կա կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգ: Ենթադրենք, որ գրում են՝ վիզդ դանակով կկտրեմ, պետք է գան դանակը պահեն վզիդ, նոր դա կհամարվի սպառնալիք, սակայն վիզը կտրելու կոչը սպառնալիք չեն համարում: Այսինքն` կոնկրետ գործողություններ են պետք: Մեր իրավապահներն առաջնորդվում են նրանով, որ անպայման պիտի մարդը ծեծ ուտի, նոր միայն դա համարեն սպառնալիք: Իմ ելույթի ընթացքում դժնդակ դեմքով փորձում էին ինձ լռեցնել Freenews-ի, Civic.am-ի եւ 1tv.am-ի լրագրողները: Բոլոր լրագրողները դիտարկում անելու հնարավորություն ունեին, սակայն իմ պարագայում դա էլ փորձեցին խոչընդոտել, բայց չստացվեց: Ընդ որում՝ դա անում էր նաեւ Արմեն Խաչատրյանը: Փորձում էին խոսքս կանխել, բայց ուզում է հարյուրներով լինեն, ես իմ խոսքն ասում եմ:

Հռիփսիմե Ջեբեջյան

Եթե ասեմ, որ աշխատանքային դիսկոմֆորտ չեն առաջացնում իմ հասցեին ուղղված վիրավորանքները, այդպես չէ, որովհետեւ մարդու ամենաթանկ բանը ժամանակն է, եւ եթե ես ասուլիսից հետո օրը 300 ֆեյք էջ բլոկ եմ անում, դա խլում է իմ ժամանակից եւ հանգստից՝ ես հիմա արձակուրդում եմ: Մեծ մասամբ` առաջին նախադասությունը կարդալուց հետո էլ չեմ շարունակում կարդալ, որովհետեւ արդեն պարզ է: Նեգատիվից փորձում եմ հեռու մնալ: Հնչում են տարբեր սպառնալիքներ իմ հասցեին, անգամ մեր տան երեխաների հասցեին, ընտանիքի անդամների: Գրում են ֆեյքերով: Անջելինա Ջոլիի նկարով էջով գրում են, որ կթաղենք ընտանիքիդ, ու այդպես շարունակ: Այժմ փորձում եմ առանձնացնել իրական օգտատերերին ֆեյքերից: Իմ մասին անգամ գրառում էր արել ԱԺ-ի այթի բաժնից մի աշխատակից: Նա համարվում է ԱԺ պաշտոնատար անձ, քաղծառայող, սակայն գրառում էր արել, թե կթքի մեջքիս: Ավետ է ֆեյսբուքյան անունը, ազգանուն չկա: Իհարկե, այդ գրառման սքրիններն ուղարկեցի ԱԺ լրատվականին, նշեցի, որ եթե դատական հայց ներկայացնեմ, պատասխանող կողմը լինելու է Ազգային ժողովը, այդ գրառումը ջնջվեց: Սքրինները պահում եմ: Թքելը դարձել է Ազգային ժողովի սիմվոլներից մեկը:

Ես այդ ամենից չեմ վախենում, եթե վախենայի, կստացվեր, որ իմ 20 տարվա աշխատանքային փորձն իզուր է.... կարող եմ դնել դարակում պարզապես: Իհարկե, անթույլատրելի է նման վարքագիծ դրսեւորելը, վատ է, որ նման արձագանքներ են լինում, սակայն ինչպես իմ խմբագիրն է ասում, դրանք ինձ համար մոծակի խայթոցներ են, ես արհամարհում եմ, ոչ մի բանից չեմ վախենում: «Հայկական ժամանակն» էլ մի հոդված էր գրել, որ մորաքրոջս համարն են խնդրել, ես չեմ տվել: Այդ կիսատ ինֆորմացիան ՀԺ-ին, հավանաբար, Նազելի Բաղդասարյանն է տրամադրել: Ես նշել եմ, որ մայրիկիս մորաքույրը չի ցանկանում, որ ես իր համարը տամ ինչ-որ մեկին, որովհետեւ այս օրերին Գեղարքունիքի մարզում մայրիկիս արյունակցական եւ ոչ արյունակցական բոլոր մորաքույրները թիրախավորվել են: Գուցե հետագայում մորաքույրը ցանկանա խոսել, հանդիպել վարչապետին, սակայն այժմ չի ցանկանում: Թե կոնկրետ ինչպես են մորաքույրներիս թիրախավորել, այդ մասին դեռեւս չեմ ցանկանում խոսել: Չեմ ցանկանում, որ իմ աշխատանքը դառնա հարազատներիս թիրախավորելու պատճառ: