«Հրապարակ». Առաջին բեռնատարի մեջ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանն ու Սեյրան Օհանյանը

«Հրապարակ». Առաջին բեռնատարի մեջ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանն ու Սեյրան Օհանյանը

1988 թվականին, երբ արցախյան շարժումն արդեն մեծ թափ էր հավաքել, եւ Խորհրդային Հայաստանում աննախադեպ ակցիաներ էին տեղի ունենում՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, ադրբեջանցիները կրկին փակել էին Լաչինի միջանցքը՝ Արցախը բլոկադայի մեջ էր։ Ի՞նչ արեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իշխանություն չէր եւ առաջին ընդդիմությունն էր սովետական 70-ամյա պատմության ընթացքում եւ որը ղեկավարում էր արցախյան շարժումն ու պայքարում հզոր Կոմկուսի, սովետական պատժիչ մեքենայի դեմ։

Ընդդիմությունը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հավաքեց հումանիտար բեռ, մեքենաներ բարձեց եւ Երեւանից ավտոշարասյունով շարժվեց դեպի Ստեփանակերտ։ Անսպասելիորեն այդ շարասյունը գլխավորող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանին միացավ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը։ Շարասյունը հասավ Արցախի սահմանին, իսկ այն ժամանակ Լաչինի միջանցքն Ադրբեջանին էր պատկանում, եւ Արցախը նախկին ԼՂԻՄ տարածքն էր միայն զբաղեցնում։ Սովետական 150 բեռնատար մեքենաները՝ խոյահարելով ադրբեջանցիների սարքած արգելքը, ճեղքեցին ու սլացան դեպի Ստեփանակերտ։

Այսինքն, հիմա էլ նույն տրամաբանությամբ բեռնատարները պետք է ուղեւորվեին Արցախ եւ առաջին բեռնատարի մեջ պետք է լինեին վարչապետ Փաշինյանն ու ընդդիմության լիդերները՝ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան եւ այլն։

Մենք երեկ փորձեցինք այս միջադեպի հետ կապված՝ 88-ի շարժման մասնակիցների հիշողությունները հավաքել։ Մեր զրուցակիցներից այս դեպքը հիշեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Ես հիշում եմ նման դեպք, կարծեմ՝ 1988 կամ 1989 թվականն էր, բայց ակնհայտ է, որ, պայմանավորված ղարաբաղյան շարժմամբ եւ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությամբ, բեռնափոխադրումների առումով մենք ունեինք խնդիրներ։ Այն ժամանակ Լաչինի միջանցք, որպես այդպիսին, ինչպես մենք այսօր ենք ընկալում, ըստ էության, չկար։ Կար ճանապարհ, ընդ որում՝ շատ վատ վիճակում գտնվող ճանապարհ, որով կարելի էր Լաչինով հասնել Ստեփանակերտ։ Այո, այն ժամանակ կառավարության ղեկավարը՝ Ֆադեյ Սարգսյանը, սեփական նախաձեռնությամբ ձեւավորեց այդ բեռների անհրաժեշտ ծավալը եւ անձամբ ինքն իր ծառայողական մեքենայով ուղեկցում էր այդ շարասյունը։ Միացել է Վանո Սիրադեղյանը, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ «Ղարաբաղ» կոմիտեն աջակցում էր այդ նախաձեռնությանը, դա փաստ է, սա եղել է»,- ասաց Հարությունյանը։

Նրան հարցրինք՝ եթե այդ դեպքը համեմատենք այսօրվա իրողությունների հետ, օրվա իշխանությունները եւ ընդդիմությունն ի վիճակի՞ են նման կամք դրսեւորել եւ նման քայլ կատարել։ «Եկեք արձանագրենք, որ, որպես այդպիսին, ոչ միայն հումանիտար օգնությունն Արցախին հասցնելու, այլեւ ընդհանրապես Արցախի ճակատագրի հետ կապված հայաստանյան իշխանությունների՝ պատասխանատվություն կրելու կամք ես չեմ տեսնում։ Օրինակներով կարող ենք փաստել, որ ավելի շատ խոսում են այլոց պարտավորությունների մասին՝ արցախահայության անվտանգությունը երաշխավորելու առումով, քան թե սեփական նախաձեռնությունների կամ սեփական պատասխանատվության մասին։ Սա փաստ է»,- պատասխանեց Խոսրով Հարությունյանը։

Իսկ «Ղարաբաղի» կազմկոմիտեի անդամներից Հրայր Ուլուբաբյանն էլ մեկ այլ դեպք հիշեց․ «1992-ին, երբ այդ ճանապարհը փակ էր, ուղղաթիռով բեռ ենք տարել, եւ ուղղաթիռի մեջ ուղղակի մի քանի զինվորներով՝ պատրաստ կրակելու, եթե նրանց կողմից ինչ-որ բան լինի։ «Արցախ» հայրենակցական միությունը տարբեր ուղղություններով Արցախի տարբեր համայնքներին օգնություն էր տանում, եւ Մարտունու շրջանի մեր գյուղ այդպես ենք տարել, ճանապարհները փակ էին, իրոք։ Իրավիճակը, իրոք, սրա նման էր, բայց էն ժամանակ արդեն կռիվ սկսվեց։ Մեր կողմից ճիշտը դա է՝ պաշտպանվել զենքով։ Ինչքան էլ նրանք մարդաքանակով եւ տեխնիկայով ուժեղ էին, առավել էին, բայց ի վերջո մենք հաղթեցինք։ Կարծում եմ՝ հիմա էլ պետք է այդպես լինի, բայց ո՛չ իշխանությունները, ո՛չ կուսակցությունները, այդ միությունները կարծես այդ ուղղությամբ ակտիվություն չեն ցուցաբերում։ Ճիշտն այն կլինի, որ հիմա ուժով ճանապարհը բացենք։ Թե չէ՝ գնացել են, քանի մեքենա է էնտեղ կանգնած 20 ժամից ավելի, չեն կարողանում անցնել․․․»։