Ապրեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն

Ապրեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն

Այն, որ ԲՀԿ և ԼՀԿ ընդդիմադիր խմբակցությունները նստում են ԱԺ նիստերի դահլիճում և լուրջ դեմքով հարցեր են տալիս կառավարության անդամներին ու մանավանդ վարչապետին, մինչև վերջին պահ ես էլ էի համարում սխալ և ոչ բարոյական։ Իսկապես․ հարց տալ որևէ մեկին՝ նախ նշանակում է նրան արժևորել իր պատասխանը լսելու քո ակնկալության չափ։ Ավելի մասնավորեցնեմ․ հարց տալ Նիկոլ Փաշինյանին, դիցուք՝ գերիների վերադարձի մասին, նշանակում է ի սկզբանե հավատալ պատասխանի իրատեսականությանը և բարոյականությանը, մինչդեռ բոլորին է պարզ, որ արցախյան պատերազմին և ընդհանրապես Արցախին վերաբերող ցանկացած հարց վարչապետի համար սոսկ մի բան է նշանակում՝ պատասխանի ձևաչափով  դեր և այդ դերը ամբիոնից «խաղալու» հնարավորություն ստանալ, իսկ դերը, ինչպես հայտնի է, բուն իրականությունը չէ։ Ինչպես որ վարչապետ Փաշինյանի ցանկացած խոսք՝ պաշտոնական, թե ոչ։

Այո, ես անկեղծորեն այսպես էի մտածում և մտովի բանավիճում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի քանի հարգարժան պատգամավորների հետ, մինչև որ չհասկացա պարզ մի բան։ Ընդդիմադիր խմբակցությունները միանգամայն ճիշտ մարտավարություն են ընտրել՝ Նիկոլին թյուրիմացության մեջ պահելով, թե ինքը դեռ վարչապետ է, հետևաբար միանգամայն ազատ է բերանին եկածն ասել։ Մանավանդ որ բերանին եկածն ասելը Նիկոլը համարում է իր սրբազան մենաշնորհը՝ փոխանցված վարչապետական աթոռի հետ մեկտեղ։ Եվ նա բերանն եկածն ասում է՝ բոլորին և բոլորի  մասին։ Նաև՝ Արցախի։ 

Այնպես որ, Արցախին վերաբերող որևէ հարցով Նիկոլին գրգռել այնքան, որ նա հասնի իր բնազդային-բնական վիճակին և հայտարարի, թե Շուշին ադրբեջանական քաղաք է՝ ընդդիմության հաղթանակն է։ Թե չէ՝ կարող էինք մնալ այն թյուրիմացության մեջ, թե Շուշին «հայոց արժանապատվության միջնաբերդն» է, ինչպես Նիկոլ Աննախադեպն էր հայտարարել երեք տարի առաջ։ Ոչ միայն հայտարարել էր, այլև իր պարագլխությամբ մի թեթև տրնգի էլ էր պարել՝ սեփական խոսքերին ի հավաստումն։

Ապրեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Նրանք, քաղաքականից բացի, նաև լուսավորչական գործունեություն են իրականացնում․ փաստորեն։