Փաշինյանը շատ մեծ ամբիցիայի տեր մարդ է, նա երբեւ պետության շահը վեր չի դասի․ Դավիթ Խաժակյան

Փաշինյանը շատ մեծ ամբիցիայի տեր մարդ է, նա երբեւ պետության շահը վեր չի դասի․ Դավիթ Խաժակյան

Հարցազրույց ԼՀԿ անդամ, Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։

- Այս օրերին ամենաշատ քննադատվող հարցերից մեկը Երեւանի փողոցների մերկասառույցների հարցն է։ Թեպետ քաղաքապետարանն աղաղակում է, թե մեքենաները կան, աշխատում են, սակայն սառած ճանապարհներն ավելի նկատելի են։ Չի՞ աշխատում քաղաքապետարանը, թե՞ արդյունք չկա։

- «Երեւանի աղբահանության սանիտարական մաքրում» հիմնարկը գործում Է, բայց արդյունքն է թերի եւ ոչ բավարար, դա կարող է լինել մի շարք պատճառներով, որպեսզի այդ ամենը վերհանվեն, պետք է լինի քաղաքապետի ներկայությունը, որը մինչ օրս գտնվում է արձակուրդի մեջ։ Նա փաստացի այս տարի չի հաճախել աշխատանքի եւ չգիտի՝ ինչ արդյունք կա, ինչպես պետք է այդ ամենը գործի։ Եթե ճիշտ եմ տեղյակ՝ երկրում էլ չի գտնվում։ Շատ լավ, ԵԱՍՄ-ի համար առաջին ձմեռն էր, եւ որպեսզի բացերը վերհանվեին, պետք է վերանայողը լիներ։ Ակնհայտ է մեկ բան, մայթերը պատված են սառույցով, դրանք քիչ են մշակվում, փողոցները, երբ գալիս էր ձյուն, տեսանելի էր, որ դրանք տաք եղանակից հալվեցին։

- Ինչո՞վ է բացատրվում այն, որ քաղաքապետն այս խառը տարում պարբերաբար հանգստի էր մեկնում, հիմա էլ հերթական արձակուրդի մեջ է։

- Ես կարծում եմ, որ այդ խնդրներով զբաղվելու հավեսի բացակայությունն է։ Տպավորություն է, որ Մարությանը չի ցանկանում այդ խնդիրներով զբաղվել եւ ամբողջ 2020-ի ընթացքում, երբ համավարակ էր, եւ երբ պատերազմը սկսվեց՝ Մարությանն առանձնացել էր նրանով, որ դարձել էր մի չգտնվող պաշտոնյա։ Մենք բազմաթիվ դրվագներ ենք հիշում, որ նիստը վարում էր առաջին տեղակալը, Մարությանը ներկա չի եղել, իսկ այս տարի Մարությանն աշխատանքի գրեթե չի եկել։

- Հեռանալու տրամադրության մե՞ջ է։

- Կարծում եմ գնալու տրամադրություն ունի եւ քաղաքական կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ հաշվի առնելով կառավարության հետ իրենց հակասությունները, հնարավոր է դիմի այդ քայլին, բայց կարծում եմ՝ մինչեւ այդ քայլին դիմելը կարող է հստակ տեսակետ հայտնել Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամի մասին եւ եթե նա պետք է պարզապես որպես վատ կառավարիչ հեռանա եւ տպավորություն ստեղծվի, որ իրենց ուժն իրեն հեռացրեց, նա կարող է օգտվել այս քաղաքական հնարավորությունից, հրապարակավ խոսել այն մասին, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Սա քաղաքական շանս է։

- Վերջերս համեմատության մեջ են դրվում Հայկ Մարությանի եւ Տարոն Մարգարյանի աշխատանքը։ Դուք համեմատության մեջ ինչպե՞ս կգնահատեք։

- Ես միշտ ասել եմ, որ չեմ սիրում անձերի միջեւ համեմատության անել, բայց պատրաստ եմ իրենց գործունեության արդյունքների մեջ համեմատականներ տանել․ եկեք սկսենք տրանսպորտի խնդրից, որն առաջնահերթ է։ 2017-ից սկսած շատ ինտենսիվ աշխատանքներ էին տարվում նոր ցանց ստեղծելու առումով, մնացել էին շատ քիչ քայլեր, որ հնարավորություն կլիներ ցանցը ներդնել, ի՞նչ արեց այս քաղաքային իշխանությունը․ եկավ 1 տարի մսխեց նրա վրա, որ փորձեց ապացուցել, թե ծրագիրը վատն է։ Ուստի այս առումով համեմատում ենք, որն ի օգուտ իրենց չէ։

- Անդրադառնանք ներքաղաքական իրավիճակին․ Դուք տեսնո՞ւմ եք, որ այս պայմաններում միչեւ 2023 թվականը Նիկոլ Փաշինյանը կարող է կառավարել։

- Եթե ես դա նոյեմբերի 10-ին անհնարին էի համարում, ապա ինչ-որ պահից հասկացա, որ նա դրա հնարավորությունը ունի, որը հագեցված է լինելու բազմաթիվ ֆորս-մաժորներով, բայց ես տեսնում եմ, որ ընդդիմության առջեւ դրված խնդիրը՝ Փաշինյանին հեռացնելու, չի լուծվում։ Այստեղ կան մի շարք հանգամանքներ, որոնք խոր ուսումնասիրության են ենթակա։ Ակնհայտ է որ իրեն հեռացնելու համաժողովրդական ռեսուրս տեսանելի չէ, ակնհայտ է, որ իրենց առաջարկած միակ օրակարգն՝ արտահերթ ընտրությունների գնալը, եւս անհեռանկար է, ուստի ճգնաժամը շարունակվում է եւ պետք է վերարժեւորել եւ նոր թափով առաջ գնալ։

- ԼՀԿ-ն ի՞նչ արեց այդ պահանջը կյանքի կոչելու համար, բացի հայտարարություններից եւ այդ թեմայով հարցազրույցներ տալուց։

- ԼՀ-ն ներկայացրեց այլընտրանքային թեկնածու, որովհետեւ մեծ ուժեր միացան, առաջադրեցին Վազգեն Մանուկյանին, բայց մենք ներկայացնում ենք այլընտրանք, որ, եթե մարդիկ չեն ուզում Փաշինյանին, ապա կա այլընտրանք եւ բազմաթիվ գործողություններ իրականացվեցին, որոնք արդյունք չտվեցին, արդյունք չտվեց նաեւ փողոցային պայքարը։ Ես կարող եմ արձանագրել, որ տվյալ պարագայում Փաշինյանի վարկանիշը իր գործունեությունից էապես կախված չէ, մարդիկ փնտրում են այլընտրանքներ եւ դեռեւս չեն գտնում։ Դուք պատկերացնո՞ւմ եք չկա մեկ ընդդիմադիր ուժը, որը կարող է ինքնուրույն 10 տոկոս տանել։

- Այդ թվում՝ դո՞ւք։

- Կարծում եմ՝ մենք էլ այդ խնդիրը ունենք, այո, բոլորն ընդդիմադիր դաշտում։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը այսքան ժամանակ զբաղված է եղել ցույց տալու իրենց թերությունները, բայց արդյունքները ցույց չենք տվել, որ մարդիկ ասեն՝ պատրաստ ենք ընտրել այս ընդդիմադիր ուժին։ Այս ուժերը պետք է կենտրոնանան իրենց ներկայացնելու, վարկանիշը բարձրացնելու, ընկալելի լինելու գործի վրա, որի արդյունքում Փաշինյանի կերպարը՝ ոչ պրոֆեսիոնալ, կզգացվի։ Իսկ այն, որ Փաշինյանը պետք է մինչեւ վերջին վայրկյանը կառչի աթոռից, մենք դա իմացել ենք դեռեւս «ԵԼՔ» դաշինքից՝ շատ մոտ ժամանակում հասցրել եմ շփումներ ունենալ։

- Այսինքն՝ աթոռասեր է։

- Շատ մեծ անձնական ամբիցիայի տեր մարդ է, ով երբեւ պետության շահը վեր չի դասի, քան նեղթիմային շահը։

- Տեղեկություններ կան, որ ԼՀԿ-ին եղել է առաջարկ կոալիցիոն կառավարման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ես չեմ կարծում, որ նման առաջարկի տեղ կարող էր լիներ։ Այս կոնտեքստում որեւէ կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող, քանի որ այս իշխանությունը սպառված է եւ չի կարող այլ ուժեր ներգրավելով իր գործունեությունը դարձնել ավելի լավը։