Չ`Նիկոլին կամ Չնիկոլ 

Չ`Նիկոլին կամ Չնիկոլ 

Որպես գրող` ինձ համար գտնված է Նիկոլի կերպարը, իսկ որպես ՀՀ քաղաքացի` պատիժ է, խարան: Ազգային ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, իրեն բնորոշ հռետորական շեշտադրմամբ հայտարարում է, որ դեռ որեւէ մեկին չէր հաջողվել այդքան գերի վերադարձնել: Այո, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովը ադրբեջանական 10 գերի ու 2 մարդասպան տարավ եւ մեր 44 գերիներին ետ բերեց: Փոխանակում` բոլորը բոլորի դիմաց: Բայց հետո պարզվեց, այդ օրն էլ գիտեինք, որ Ադրբեջանը մեր ոչ բոլոր գերիներին է վերադարձրել, քանի որ տարբեր թվեր էին շրջանառվում, որոնք 44-ից բարձր էին: Փաստորեն, Ադրբեջանը ստույգ գիտեր իր գերիների թիվը, իսկ մենք չգիտեինք մեր գերիների թիվը, չունեինք ռուսական կողմին ներկայացնելու հստակ ցուցակ, փնթի ու անփույթ էինք աշխատել` ինչպես նկատեց Լավրովը: 

Հանուն արդարության նշենք, որ այդ գերիների փոխանակումն իրականացվել է Ռուսաստանի ջանքերով եւ Մուրադովի անմիջական մասնակցությամբ: Այդ է վկայում, ճիշտ կլիներ ասել` հավելում, իմքայլական պատգամավորի այն վստահ կարծիքը, որ եթե Պուտինն ուզենա, մեկ հեռախոսազանգով մեր գերիների հարցը կլուծի: Այդ դեպքում մենք ո՞վ ենք, մեր կառավարությունն ո՞ւր է: Եթե Պուտինն է 44-ին վերադարձրել, եւ մնացած մի քանի 44-ին էլ վերադարձնելու հույսն ինքն է, ինչո՞ւ է Նիկոլն իրեն վերագրում` ասելով, թե նախկին ոչ մի ղեկավար այդքան գերի չի վերադարձրել: 

Ընդունենք՝ Նիկոլն է վերադարձրել եւ դեռ վերադարձնելու է: Բայց ԱԺ-ից դուրս մի հարց էլ մենք ուղղենք․ իսկ երբեւէ Հայաստանն այդքան գերի ունեցե՞լ է Ադրբեջանում, որ ինչքան բերում ենք` պակասելու փոխարեն ավելանում են: Նախկին ոչ մի ղեկավար այդ հնարամտությունը չի ունեցել: Այդպիսի հնարամտություն միայն Ալիեւն ունի, երբ ասում է, թե պատերազմին ինքն է հաղթել: Փաստորեն, այնտեղ Ալիեւն իրեն Էրդողանի հետ է շփոթել, Նիկոլն էլ այստեղ իրեն Պուտինի հետ է շփոթել: Իսկ նկատե՞լ եք` ե՛ւ Էրդողանն է քթի տակ ծիծաղում, ե՛ւ Պուտինը:   

Բայց ՀՀ քաղաքացին շատ լուրջ է: Նման հարց միայն ԱԺ-ում կարող են Նիկոլին տալ, թե ինչու գերիներին չես վերադարձնում: Իսկ ՀՀ քաղաքացին ուղիղ դիմում է ՌԴ դեսպանատուն եւ հայ գերիների ու անհայտ կորածների ցուցակն անձամբ է փոխանցում դեսպանին: Հայաստանում մեր պետությունը, կառավարությունը, ներսում ու դրսում մեր հարց լուծողը Ռուսաստանի դեսպանատունն է: Հավատում են, որ Պուտինը կվերադարձնի գերիներին, եւ գիտեն, որ Նիկոլը լայվ կմտնի եւ կասի` Հայաստանի հպարտ քաղաքացիներ, վերադարձրեցի գերիներին: Երանի գերիների ցավը չլիներ, ու հավեսով գրեի` այ դու Նազար, քաջ Նազար: 

ՀՀ քաղաքացին այլեւս չի լսում Նիկոլին, երբ ասում է, թե 44 գերի եմ վերադարձրել, եւ ընդհանրապես չի լսում, երբ ասում է, թե մյուսներին էլ եմ վերադարձնելու: Այդ նույնն է, երբ ասում էր, թե 30-35, հետո 20-25 հազար զինվորի կյանք եմ փրկել: Չի լսում, երբ ասում է, թե ընդդիմությունը խանգարում է գերիների վերադարձի գործընթացին: ՀՀ քաղաքացին առհասարակ չի լսում, թե Նիկոլն ինչ է ասում, չի տեսնում, թե Նիկոլն ինչ է անում, ինչ կեցվածք է ընդունում, սափրվա՞ծ է, թե՞ մորուքով: Վերնաշապիկի տակից զրահաբաճկո՞ն է կրում ԱԺ-ում, թե՞ ոչ: Չի ուզում իմանալ` Նիկոլը կա՞, թե չկա՞, գոյությո՞ւն է, թե՞ անգոյության մեջ իրական է, իրակա՞ն է, թե՞ աբսուրդ: ՀՀ քաղաքացին այսօր մեծատառ Չ է Նիկոլի առաջ: Ոչ թե գրել է, այլ հենց ինքն է իր կեցվածքով Չ` Նիկոլին կամ Չնիկոլ:

Հուսիկ Արա