Նիկոլ Փաշինյան, դու ուղղակի մնա տանը
Չեմ ասի՝ այո, բայց չեմ էլ ասի՝ ոչ: Իմ ոչ չասելը, սակայն, հստակ չի նշանակում այո: Փաշինյանի այս խոսքերի շուրջ երկար մտածեցի: Ի՞նչ է ուզեցել ասի: Թվում է, անթերի հայերենով նախադասություն է, բայց միտքը չեմ հասկանում: Ցանկացած ժխտական նախադասություն կարելի է վերածել դրականի: Փոխենք ստորոգյալներն ու փորձենք կարդալ. «Կասեմ այո, բայց կասեմ նաեւ ոչ: Իմ ոչ ասելը, սակայն, հստակ կնշանակի այո»: Համա թե գլուխկոտրուկ է: Որոշեցի թարգմանել օտար լեզուներով՝ ռուսամետների համար՝ ռուսերեն, իսկ արեւմտամետների համար՝ անգլերեն: Ահա թե ինչ ստացվեց:
Я не скажу «да», но и «нет» тоже не скажу. Однако то, что я не говорю «нет», не означает «да».
I won't say yes, but I won't say no either. My not saying no, however, doesn't exactly mean yes.
Ինձնից գոհ՝ այս երկու նախադասությունները հեռագրի տեսքով, իհարկե, Նիկոլի անունից, ուղարկեցի մեկը՝ Մինսկ, մյուսը՝ Բրյուսել: Բրյուսելից պատասխանն իսկույն եկավ. «If you want to say yes, if you want to say no, we don't like pears»: «Don’t»-ից հասկացա, որ սրանք սարսափելի զայրացած են Նիկոլի վրա: Սրանց հեռագիրն անմիջապես տվեցի Google-ին ու խնդրեցի թարգմանել: Պարզվեց, որ ոչ միայն զայրացած են Նիկոլի վրա, այլեւ հույսներն են կտրել նրանից: Իսկ երբ եվրոպացիները հույսները կտրում են մեկից, նրա հետ խոսելիս մոռանում են բոլոր եվրոպական արժեքների մասին: Ահա թե ինչ էին գրել ինձ, այսինքն՝ Նիկոլին. «Ուզում ես ասա՝ այո, ուզում ես ասա՝ ոչ, մեր տանձին չի»: Այնքան վատ զգացի, այնքան վատ զգացի ինձ, որ էլ ասելու չէ:
Իսկ Մինսկից մինչ այս պահը պատասխան չկա: Ենթադրում եմ, որ այնտեղ, այնուամենայնիվ, հասկացել են «Նիկոլի հեռագրի» իմաստը. «Я не скажу «да», но и «нет» тоже не скажу. Однако то, что я не говорю «нет», не означает «да»»: Ես դրանում գրեթե համոզվեցի, երբ Շոյգուն հայտարարեց, որ Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովում որոշում է կայացվել ստեղծել ՀԱՊԿ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, ինչը, ըստ էության, կարելի է ստեղծված համարել: Ի դեպ, Շոյգուն չմոռացավ հատուկ նշել, որ այդ համակարգի պաշտպանության տակ է նաեւ Հայաստանի օդը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրի օդ: Դուք հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչ արեց Երեւանից ուղարկված մեկ հատիկ հեռագիրը: Ճիշտ է, այն ես էի ուղարկել, բայց չէ՞ որ Նիկոլի անունից էի ուղարկել: Այնպես որ՝ վարչապետ ունենք՝ աշխարհը չունի: Որ առանց ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու հակաօդային պաշտպանության հարց լուծեց երկրի համար, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հարցեր կլուծեր, եթե անձամբ գնար Մինսկ:
Գրեթե վստահ եմ, որ Լուկաշենկոն է առաջինը հասկացել, թե Նիկոլն ինչ է ասել խնդրո առարկա նախադասությամբ: Եվ նա Պուտինին հուշել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, Նիկոլը չի ասում՝ այո, դուրս կգամ ՀԱՊԿ-ից, բայց եւ չի ասում՝ ոչ, դուրս չեմ գա: Ադնակը, այն, որ նա չի ասում` ոչ, դուրս չեմ գա ՀԱՊԿ-ից, դա չի նշանակում՝ այո, դուրս կգա: Ախ, ահա թե ինչ, կայտառացել է Պուտինը, դե ուրեմն Շոյգուին ասենք, որ իր հակաօդային պաշտպանության հովանոցը նաեւ Հայաստանի գլխին բացի: Ասենք՝ հավանություն է տվել Լուկաշենկոն, եւ Շոյգուն թռել է լրատվամիջոցներին այդ լուրը հաղորդելու եւ հատուկ ընդգծելու Հայաստանի անունը:
Ի՞նչ անել, պարոն Փաշինյան, գուցե ավելի լավ կլինի, որ Դուք այսուհետ իսկապե՞ս չմասնակցեք որեւէ գագաթնաժողովի՝ ՀԱՊԿ շրջանակներում լինի, ԱՊՀ, թե ԵԱՏՄ: Դուք միայն բարդ նախադասություններ ստեղծագործեք, իսկ ես դրանք կթարգմանեմ եւ կուղարկեմ ըստ պատկանելության: Այլապես գնում եք, Ձեր ներկայությամբ գագաթնաժողովները վերածում զավեշտի ու ոչինչ չարած՝ հետ գալիս: Իսկ այսպես մենք մի կրակոցով երկու նապաստակ խփեցինք: Նախ՝ հայտնվեցինք ՀԱՊԿ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգում եւ ապա՝ սրանից հետո Ալիեւը ղալաթ կանի, թե մեր սուվերեն տարածքի վրա բայրաքթար ու հրթիռ կուղարկի: Եվ երրորդ, պրն․ Փաշինյան, Ալիեւը քեզնից չի նեղանա, թե էս ինչ ես արել, ուժեղացրել ես Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, չեմ կարողանում խփել: Կարող ես ասել, որ դու «նե պրիչոմ», դու տանը քեզ համար նստած էիր, մեկ էլ Շոյգուն հայտարարեց` այսպես ու այսպես: Փաստորեն՝ երեք նապաստակ ենք խփել քո Մինսկ չգնալով, պարոն Փաշինյան: Եվ իմ բարեկամական խորհուրդն է քեզ, պարոն Փաշինյան, դու արտաքին քաղաքականությամբ մի զբաղվիր: Եթե պետք է, կարող եմ նաեւ խնդրել: Ուղղակի մնա տանը:
Կարծիքներ