Իսկ Փաշինյանին ո՞վ է հրահանգել՝ չկանգնեցնել 44-օրյա պատերազմը
Ուկրաինայի խորհրդարանի իշխող՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար, 2022 թվականին Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան, կարելի է ասել, ցնցող բացահայտում է արել. նա պատմել է, որ 2022 թվականի մարտին Թուրքիայում ընթացող բանակցությունների ժամանակ կողմերը եկել էին պատերազմի դադարեցման շուրջ պայմանավորվածության, որը, սակայն, չեղարկվել է Մեծ Բրիտանիայի պահանջով: Ըստ Արախամիայի, Ռուսաստանը պատրաստ է եղել իր զորքերը դուրս բերել փետրվարի 24-ից հետո գրաված տարածքներից, եթե Ուկրաինան հայտարարի իր չեզոքության մասին` հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից: Ուկրաինական կողմը, ըստ էության, համաձայն է եղել այդ տարբերակին, բայց երբ պատվիրակությունը վերադարձել է Ուկրաինա, Կիեւ է եկել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ հայտարարել. «Մենք նրանց հետ որեւէ թուղթ չենք ստորագրի, եկեք ուղղակի պատերազմենք»: Ուկրաինացիները մի քանի արդարացում էլ ունեն, թե ինչու պատերազմն այն ժամանակ չի կանգնեցվել. չէին վստահում Ռուսաստանին, Սահմանադրությամբ գրված է, որ Ուկրաինան ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց դրանք հնարավոր էր շտկել: Հիմնական խոչընդոտը եղել է Մեծ Բրիտանիայի հրահանգը՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ եւ շարունակել պատերազմը:
Եթե Ուկրաինան պատերազմը դադարեցներ մարտ ամսին, Ռուսաստանի` Ուկրաինայի վրա հարձակվելուց ընդամենը մեկ ամիս հետո, Ուկրաինան կխնայեր հարյուր հազարավոր իր քաղաքացիների կյանքը (ըստ ուկրաինական «1+1» հեռուստաընկերության, պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների թիվը գերազանցում է մեկ միլիոն 126 հազարը), միլիոնավորները չէին դառնա հաշմանդամ, իսկ տասնյակ միլիոնները` փախստական: Ուկրաինան կորցրել է ոչ միայն բնակչության կեսը`մի մասը փախել է Ռուսաստան, մյուս մասը՝ Արեւմուտք, այլեւ իր տնտեսությունը, որը վերականգնելու համար հարյուրավոր միլիարդ դոլարներ կպահանջվեն եւ տասնյակ տարիներ: Բացի այդ, Ռուսաստանը եւս պատերազմում տվել է հարյուր հազարավոր զոհեր եւ եթե պատերազմի սկզբում համաձայն էր վերադարձնել Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի համար պահանջում էր հատուկ կարգավիճակ Ուկրաինայի տարածքում, հիմա արդեն այդ չորս մարզերը միացրել է Ռուսաստանին եւ չի համաձայնի զիջել դրանք, քանի որ ռուսական հասարակությունը չի ների երկրի իշխանությանը եւ հաշիվ կպահանջի, թե ինչի համար էին այդ ահռելի զոհողությունները, եթե, ի վերջո, ռուսական արյամբ գրաված հողը ստորագրությամբ պետք է զիջեն:
Իսկ ինչո՞ւ է խաղաղության նման բացառիկ հնարավորությունը բաց թողնելու մասին Արախամիան խոսում հիմա` բանակցությունների տապալումից մեկուկես տարի հետո: Ի տարբերություն 2022 թվականի, հիմա Արեւմուտքը` Ուկրաինայի հիմնական հովանավորներ ԱՄՆ-ն եւ Գերմանիան պահանջում են, որ Ուկրաինան նստի Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Ճիշտ է` այդ երկրները հայտարարում են, որ կաջակցեն Ուկրաինային մինչեւ վերջ, բայց այդ վերջը կգա, երբ սկսվեն բանակցությունները: ԱՄՆ-ն եւ Գերմանիան ուզում են, որ պատերազմի ավարտի պատասխանատվությունն իր վրա վերցնի Ուկրաինայի իշխանությունը, եւ չստացվի այնպես, որ իրենք են ընդունում պարտությունը եւ Ուկրաինային պարտադրում գնալ բանակցությունների: Արախամիան հիմա բացահայտում է մեկուկես տարի առաջ տեղի ունեցածը՝ դրանով Արեւմուտքին մեղադրելով Ուկրաինային հասցված ահռելի տարածքային եւ մարդկային կորուստների համար: Արախամիան ասում է, որ եթե անգամ հիմա Ուկրաինայի իշխանությունները գնան պարտադրված խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ համաձայնեն Ռուսաստանի վերահսկողության տակ թողնել Ուկրաինայի չորս մարզերը` գումարած Ղրիմը, ապա դրա պատասխանատուն եւ մեղավորը լինելու է Արեւմուտքը` Մեծ Բրիտանիան, որը 2022 թվականին թույլ չտվեց ավելի նպաստավոր պայմաններում խաղաղության պայմանագիր ստորագրել եւ կանգնեցնել պատերազմը: Իսկ ի՞նչ նշանակություն ունեն այդ արդարացումները, երբ դրանք ապացուցում են, որ Ուկրաինայի իշխանությունը չունի այնքան ինքնիշխանություն, որ ինքնուրույն որոշի` կանգնեցնո՞ւմ է պատերազմը, թե՞ շարունակում է կռվել, եւ դա իր փոխարեն անում է այլ երկրի վարչապետ: Ի վերջո, որեւէ մեկը Բորիս Ջոնսոնին չի կարող մեղադրել Ուկրաինային հասցված վնասի համար, նա կարող է ասել, որ ինքն ընդամենը արտահայտել է իր տեսակետը, իսկ որոշում կայացնողն Ուկրաինայի իշխանություններն էին, ինքը ցանկացել է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում, եւ դրա համար Մեծ Բրիտանիան արել է իրենից հասանելիքը, ինքն ի՞նչ մեղավոր է, որ Ուկրաինայի բանակը չի կարողանում հաղթել կամ պարտվում է:
Հիմա դառնանք մեր խնդիրներին. իսկ ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կխոստովանի, թե ում հորդորով կամ կարգադրությամբ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հրաժարվել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ կրակի դադարեցման համաձայնությունից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին եւ դրանից առաջ էլ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը գրեթե Զելենսկու տոնայնությամբ հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է կռվել: Գուցե Փաշինյանը ե՞ւս խոստովանի, թե արեւմտյան որ երկրի ղեկավարն է իրեն արգելել գնալ կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման, ինչի արդյունքում կխնայեինք հազարավոր կյանքեր եւ Արցախը չէինք կորցնի: Հնարավոր է, որ դարձյալ Մեծ Բրիտանիան է պարտադրել, որ Հայաստանի իշխանությունը շարունակի անհեռանկար պատերազմը, որի արդյունքն արդեն իսկ կանխորոշված էր: Գուցե պատերազմը պետք էր շարունակել, որ Հայաստանը վերջնականապես կորցնի՞ վերահսկողությունն Արցախի նկատմամբ եւ, ի վերջո, ստիպված լինի ստորագրել այնպիսի կապիտուլյացիոն փաստաթուղթ, ինչպիսին նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր:
Ինչպես Ուկրաինայում 2014 թվականին, այնպես էլ Հայաստանում` 2018-ին, տեղի է ունեցել հեղաշրջում, եւ իշխանության են բերվել Արեւմուտքի դրածոները: Երբ երկրում իշխանության ղեկը հայտնվում է օտարերկրյա դրածոների ձեռքին, նրանք պարտադրված են սպասարկել ոչ թե սեփական պետության եւ ժողովրդի շահերը, այլ կատարել իրենց վերադասի հրահանգները: Կհրահանգեն կռվել` ուրեմն կկռվեն, կհրահանգեն զոհել հազարավոր սեփական քաղաքացիների կյանքեր` կզոհեն, կհրահանգեն հանձնել սեփական երկրի տարածքները` կհանձնեն: Ցանկացած անհնազանդություն կարող է պատճառ դառնալ իշխանությունից հեռացման համար, իսկ իշխանությունը նրանց համար թանկ է ամեն ինչից: Չէ՞ որ նրանք ամեն ինչ, ի վերջո, զոհաբերում են հանուն իշխանության:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ