Ինչ է նախատեսում Ռուսաստանի քաղաքացիության մասին նոր օրենքը 

Ինչ է նախատեսում Ռուսաստանի քաղաքացիության մասին նոր օրենքը 

Ռուսաստանում հոկտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել Քաղաքացիության մասին նոր բազային դաշնային օրենքը, որը պարզեցնում է քաղաքացիության ստացումը մի շարք թեկնածուների համար, ինչպես նաեւ քաղաքացիության դադարեցման ընթացակարգ է սահմանում՝ մերժման որոշումը տրամադրելու փոխարեն։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության մասին պաշտոնական պորտալում։ Օրենքը Պետական Դումային ներկայացվել է 21 թվականի դեկտեմբերի 29-ին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ 

Նոր օրենքով Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միակը եւ հավասար է, անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այն ձեռք բերվել։ Ռուսաստանցիները չեն կարող զրկվել քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից։ Արտասահմանում բնակվելը չի դադարեցնում քաղաքացիությունը։ Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանից կամ փոխանցվել այլ երկրի։ Օրենքն արգելում է խտրականությունը` ըստ կրոնական, սոցիալական, ռասայական, ազգային լեզվական պատկանելության։ Քաջալերվում է քաղաքացիության տրամադրումն այն անձանց, ովքեր բնակվում են Ռուսաստանում եւ չունեն քաղաքացիություն։ 

Նոր օրենքը սահմանում է նաեւ ՌԴ քաղաքացիությունից զրկվելու կարգը, որը փոխարինում է տրամադրման մերժմանը։ Սա վերաբերում է նրանց, ովքեր այն ձեռք են բերել` ոչ ըստ ծննդյան։ Սակայն նաեւ ընդլայնվում է այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը կարող է բերել ՌԴ քաղաքացիությունից զրկման։ Դրանցից են օրինակ՝ ՌԴ տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգությանը դեմ գործողությունների կատարումը, ծայրահեղականության կոչերը, դիվերսիան, դասալքությունը, բանակի մասին ֆեյք լուրերը, բանակի վարկաբեկումը, պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ ոտնձգության իրականացումը, բանակային հուղարկավորման վայրերի ոչնչացումը կամ վնասումը, նացիզմի վերակենդանացումը եւ այլ հակաիրավական գործողությունները։ Սակայն պետք է նկատել, որ այս հիմքերը կարող են կիրառվել ցանկացած անձի նկատմամբ, ով քննադատում է ՌԴ իշխանություններին եւ Ռուսաստանը սրանով արագ քայլերով մոտենում է սովետական տոտալիտար կարգերի ավանդույթներին: