Ձախողում կլինի, եթե թուրքի ձեռքը հասնի հային

Ձախողում կլինի, եթե թուրքի ձեռքը հասնի հային

«Ժամանակին շատ շահարկվեց, որ մեր բանակը 80-ականների զենքերով է կռվում, բայց դրանք ոչ թե թույլ էին, կամ դրանց կրակային ընդգրկման շառավիղն էր քիչ, այլ հիմնված էր կոորդինատային հաշվարկի վրա, պետք էր արագ եւ ճշգրիտ հաշվարկ կատարել զենքերի միջոցով, եւ հայի միտքը, սպայական կազմը 90-ականներին կարողացան դա կատարել։ Այդ պատճառով էր, որ այդ զենքերն իրենց լավագույնս դրսեւորեցին նաեւ 2016թ․ ապրիլյան պատերազմում,- ասում է Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ՀՀ բանակի կապիտան Վարդան Դեւրիկյանը եւ մի քանի զուգահեռ անցկացնում։- Որպես 94թ․ արցախյան եւ 2016թ․ ապրիլյան պատերազմների մասնակից՝ մի քանի համեմատություն կարող եմ անել․ նախ, 94թ․ պատերազմը հիմնված էր Նյուտոնի դասական մեխանիկայի վրա, այսինքն՝ այն ժամանակ կար տարածություն եւ ժամանակ, այդ պատերազմն իր կրակային հզորություններով հիմնված էր կոորդինատային հաշվարկների վրա՝ թե՛ տանկերի, թե՛ հրետանու դեպքում։ Բայց 2016թ․ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թե՛ հրետանու, թե՛ տանկերի դեպքում արդեն ավտոմատ համակարգով եւ համակարգչային հաշվարկներով են առաջնորդվում։ Միակ տարբերությունը դա էր։ 2016-ը եկավ ցույց տալու, որ անօդաչու թռչող սարքերը, ավիացիան ջնջեցին «տարածություն» հասկացությունը, եւ դիրքից դիրք խփելը պայմանական դարձավ, ու խոցման շրջանակն ավելի մեծ շրջանակ ընդգրկեց, եւ դա կարեւոր խնդիր դարձրեց հակաօդային պաշտպանության կիրառումը։ Եվ, ինչպես ցույց են տալիս այսօրվա մարտական գործողությունները, այդ կարեւոր դասը քաղվեց, եւ հակաօդային պաշտպանությունն այսօր հնարավորինս անխափան գործում է, բայց, ամեն դեպքում, այսօր ավելի շատ կրճատվեց այդ՝ «տարածություն» հասկացությունը, երբ տեսնում ենք, թե այդ անօդաչու թռչող սարքերի միջոցով ինչ խոցումներ են կատարվում, որը պետք է բերի էլի համապատասխան եզրահանգումների»։

Ըստ Դեւրիկյանի, մինչեւ 2016-ի ապրիլյան պատերազմը մի «տանջալից» հարց էլ կար, որ մտահոգում էր բոլորիս․ եթե հարձակում լինի, մեր զորքերը, զինվորները կդիմակայե՞ն․ «Բայց 2016-ը ու հիմա նաեւ 2020-ը ցույց տվեցին եւ տալիս են, որ անգամ նման հարց գոյություն չունի, եւ Ադրբեջանի հաշվարկը մեկ անգամ եւս ձախողվեց։ Այստեղ միակ ողբերգությունն այն է, որ մեր այսքան զինվորների արյունով դա չպետք է լիներ, այդ թափված արյունից բոլորիս արյունը սառչում է, եւ դա մեզ պարտադրում է զինադադարի առաջին իսկ վայրկյանից ընդհանրության եզրեր գտնել, դառնալ մի հոգի, մի մարմին, մի կողմ թողնել ամեն տեսակ հակադրությունները, որպեսզի երկրի ամեն մի ճեղքվածքը չլցվի եւ չփակվի մեր զինվորների արյունով։ Հաջորդ կարեւոր դասը թե՛ 2016-ին, թե՛ այսօր այն էր, որ ինչքան էլ մենք ֆետիշացնենք տեխնիկան, որն իսկապես կարեւորագույն գործոն է, ամեն դեպքում աստվածաշնչյան այն կարգախոսը, որ ամեն ինչ մարդով է լինում, եկավ փաստելու, որ, ի վերջո, դիրքերը պահվում են, եւ պատերազմի ելքը որոշվում է նրանով, թե դիրքերում ովքեր են գտնվում, այսինքն՝ առաջնայինն էլի մնում է զինվորը։ Բայցեւայնպես, այդ ամբողջ ծանրությունը չպետք է թողնենք մեր զինվորների վրա, եւ կյանքի իմաստավորման կարեւոր բաղադրիչներից մեկը պետք է դառնա բանակը»։  

Պատերազմը, ըստ նրա, 3 անգամն էլ միավորեց մեր ժողովրդին, բայց որպեսզի պատերազմը 4-րդ անգամ մեր ժողովրդին չմիավորի, զինադադարի անմիջական հաստատումից հետո պետք է աշխատենք միավորվենք․ «Այլապես 4-րդ անգամ չգիտեմ ինչ ավերներ կլինեն մեր երկրի համար, եթե հաջորդ անգամ էլ որոշենք պատերազմի ժամանակ միավորվել։ Դա պետք է լինի զինադադարի հաստատումից հետո, եւ այդ կարեւոր առաջին քայլը մեր զորացրված զինվորականությունը ցույց տվեց, երբ մեկնում են այսօր ռազմաճակատ՝ իրենց փորձով, գիտելիքով օգնելու։ Երբեմն գաղափարական աճուրդի պես, ամեն մեկն ասում է՝ այսքան առաջ գնանք, սա անենք, եթե դա դիրքում գտնվողն է ասում, հասկանալի է, բայց եթե ես դա ասեմ՝ իմ աշխարհագրական գիտելիքները ցույց տալով, դա գրոշի արժեք չունի, նույնիսկ արհամարհելի եւ զզվելի կլինի, որովհետեւ Երեւանում նստած՝ ի՛նչ իրավունքով խոսես։ Դրա համար ամեն մեկս պետք է ամեն ինչ անի իր աշխատանքի շրջանակում»։

Դեւրիկյանի կարծիքով, սա միանշանակ լայնամասշտաբ պատերազմ է․ «Բնականաբար, եթե նայես հակառակորդի տրամաբանությունից, ապա ինչքան մարդկային, ռազմատեխնիկական հնարավորություններ ունես, պետք է ճակատիդ գիծն ընդլայնես, որ այդ ուժերդ ցրվեն, բաշխվեն ողջ երկայնքով, բայց Վարդենիսի դիրքն այնպիսին է, որ անմիջական մարտական գործողությունների մեջ այն չի կարող լինել, եւ այդ հարվածները հասցվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այնպես որ՝ մենք բոլորս պետք է սահմանապահի հոգեբանությամբ ապրենք եւ պատրաստ լինենք»։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության լռությանը, ապա «մենք չպետք է ազդվենք աշխարհի լռությունից, դա բարոյական առումով հակաբնական է, բայց ամեն մեկի շահի տեսանկյունից բնական է, որովհետեւ ո՞վ կուզի Ադրբեջանի հետ վատամարդ լինել, քանի որ ուժեղի հետ բոլորը հաշվի են նստում՝ նրա նավթային նյութական ռեսուրսներից ելնելով։ Ով զոհ է, տուժող է, նրան հումանիտար օգնություն են ուղարկում․ վրան, սննդամթերք, եթե մեկի քիթը կտրեցին, բժիշկները կասեն՝ եկեք քիթը կարենք, բայց որեւէ մեկը կտրողի ձեռքը չի բռնի։ Խնդիրն այն է, որ պետք է այնպես անել, որ այդ դաժանությունները չլինեն եւ չթողնեն, որ ինչ-որ մեկի քիթը կամ ականջը կտրեն։ Բոլորիս գործողությունը զինադադարի հաստատման պահից հետո պետք է այն լինի, որ հաջորդ անգամ թշնամու ձեռքը չհամարձակվի բարձրանալ։ Մենք խնդիր պետք է դնենք՝ ստեղծել այդպիսի երկիր, իսկ աշխարհը կդատապարտի, թե ոչ, ես, ամեն դեպքում, դա հայկական դիվանագիտության ձախողում չեմ համարի։ Ես ձախողում կհամարեմ, եթե թուրքի ձեռքը հասնի հային, այ, դա կլինի մեր երկրի, ժողովրդի ձախողումը։ Ուզում եմ հավատալ, որ հայկական կողմի պատասխանը համարժեք է, որովհետեւ ինչ էլ լինի, անգամ ձեռնամարտի մեջ, առաջինն ով խփում է, դիմացինն ընկրկում է, բայց հետո ուժերը հավաքում եւ պատասխան հարված է հասցնում։ Հիմա ակնհայտ է, որ մեզ մոտ պատասխան հարվածի գործընթացն է գնում, եւ կարծում եմ՝ սա բարոյական մեծ դասեր եւ իմաստավորումներ կբերի՝ վերանայելու շատ մոտեցումներ»։