Եթե չենք կարողանում ազգովի լինել իմաստուն, գոնե լինենք խելացի

Եթե չենք կարողանում ազգովի լինել իմաստուն, գոնե լինենք խելացի

Ադրբեջանահայկական պատերազմին զուգահեռ, մեր առանձին կայքերում ու Ֆեյսբուքում ծավալվել է մեկ այլ պատերազմ՝ ընդդեմ Ռուսաստանի: Ոմանք գտել են մեկ-երկու ռուս պատգամավորի հայտարարություն՝ ռուսական խաղաղարար ուժեր Արցախի ու Ադրբեջանի միջեւ տեղակայելու մասին, ու հա՛յ թե կտաս մեր «ռազմավարական դաշնակից» (չակերտները՝ իրենց ընկալմամբ) Ռուսաստանի հասցեին: Նույն հակառուսական «ոգեւորվածությունն» առկա էր պատերազմի առաջին օրը ՀԱՊԿ-ի լռության կամ Ադրբեջանին չդատապարտելու առումներով:

Ի դեպ, խաղաղարար ուժեր տեղակայելու հայտարարությունները դուրս են բերվում կոնտեքստից, իսկ կոնտեքստն այն է, որ եթե թուրքերն ուժ են կենտրոնացնում Հարավային Կովկասում, ապա դրան ի պատասխան՝ պետք է նման քայլ անի նաեւ Ռուսաստանը: Երբ ընդդիմությունը փորձում է զուսպ լինել պատերազմի օրերին, դա կարծես թե նորմալ է, թեեւ այսօրվա իշխանությունը 2016-ին, երբ ընդդիմություն էր, բացարձակ զուսպ չէր պահում իրեն, եւ ինչ մեղքս թաքցնեմ, նույն երեւույթին տրվել եմ նաեւ ես: Ինչեւէ, նույն տրամաբանությունը պետք է գործի նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր փոխհարաբերություններում: Ռուսատյաց եւ հակառուս բազմությունը, ընկնելով սրա կամ նրա խելքին, մոռանում է, որ մենք հենց այս օրերին հսկայական սպառազինություն ենք ստացել Ռուսաստանից՝ այն էլ Կասպից ծովի եւ Իրանի վրայով, ու դեռ պիտի ստանանք: Իսկ այդ սպառազինությունն օդի եւ ջրի պես անհրաժեշտ է այսօր մեր բանակին: Եվ զարմանալին այն է, որ հակառուսական արշավին լծվել են ոչ միայն քրոնիկ ռուսատյացները, այլ նաեւ նրանք, ովքեր իրենց համարում են լուրջ եւ չեզոք վերլուծաբաններ: 

Մի՛ արեք դա, տիկնայք եւ պարոնայք… Դուք կարող եք չսիրել ռուսներին կամ անձամբ Պուտինին, սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի եւ նրան աջակցող Թուրքիայի դեմ մենք այսօր չունենք եւ տեսանելի ապագայում չենք ունենա ավելի լավ ռազմավարական գործընկեր կամ դաշնակից, քան կա: Ռուսներին դատափետելով՝ մենք ոչինչ չենք շահի, սակայն կկորցնենք շատ բան: Ուսումնասիրեք Ռուսաստանի պատմությունը եւ կտեսնեք, որ ռուսներն այլազգիներին վերադարձնում են իրենց նկատմամբ վերջիններիս դրսեւորած վերաբերմունքը:

Իհարկե, լինում են բացառություններ, երբ երկիրն ընկնում է քաոսի մեջ, բայց այդ դեպքում նույն բացառություններն արվում են մյուս բոլոր պետությունների դեպքում: Ի դեպ, վատ չէր լինի, եթե մենք խորը վերլուծեինք եւ վերագնահատեինք այն, ինչ կատարվեց 100 տարի առաջ՝ առաջին հանրապետության հետ, որովհետեւ այսօր կրկնվում է ամեն ինչ՝ ե՛ւ հանգամանքները, ե՛ւ դիրքորոշումները: Իսկ վերագնահատումն անհրաժեշտ է, որպեսզի խուսափենք պատմության կրկնությունից: Ի գիտություն՝ անխելք մարդն անընդհատ սխալներ է կատարում՝ այդպես էլ ոչինչ չսովորելով, խելացի մարդը սովորում է իր սխալների վրա, իսկ իմաստունը՝ այլոց սխալների: Եթե ազգովի հանդես չենք բերել ու բերում իմաստունի վարքագիծ, աա գոնե չէր խանգարի նմանվել խելացի մարդուն:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ