Դա ոչ մեծ ծանրության արարք է, որի վաղեմության ժամկետը վաղուց անցել է

Դա ոչ մեծ ծանրության արարք է, որի վաղեմության ժամկետը վաղուց անցել է

Իշխանությունների թիրախում հայտնված Հարություն Մանուչարյանը` Բերդի նախկին համայնքապետը, մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ըստ մեղադրանքի` Մանուչարյանի որդին իրենց պատկանող հողի վրա եռահարկ անօրինական շինություն է կառուցել, որն օրինականացվել է շինարարության ընթացքում, եւ դրանով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, համայնքին պատճառվել է 1 մլն 197 հազար դրամի վնաս: Այս մասին արդեն մի քանի անգամ կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ. Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես, տեղեկացված լինելով որդու՝ ինքնակամ շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, Հ. Մ.-ն միջոցներ չի ձեռնարկել դրանց շինարարությունը ժամանակին կասեցնելու, ինչպես նաեւ որդու նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Փոխարենը՝ 2017 թվականի մարտի 13-ին որդուն հատկացրել է շինարարության թույլտվության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ, որում ձեւականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իբրեւ ապագայում իրականացված լինելու ժամկետները եւ այլ տվյալներ: Այնուհետեւ՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, կազմել եւ տրամադրել է մեկ այլ պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրեւ շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին եւ ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին: Արդյունքում՝ Ա. Մ.-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետեւանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին»:

Հարություն Մանուչարյանը մեզ ասաց, որ չի ցանկանում խոսել։ «Սպասեք՝ դատական պրոցեսն ավարտվի, կխոսեմ, կմեկնաբանեմ, հիմա ճիշտ չէ»,- նշեց նա: Մենք զրուցեցինք Մանուչարյանի փաստաբան Արման Թամրազյանի հետ: «Գործը նոր է դատարան ուղարկվել, նախորդ շաբաթ հայտնեցին նախաքննության ավարտի մասին, դեռեւս դատարանից ծանուցում չենք ստացել: Խնդիրը հետեւյալն է` այդ առանձնատունը Հարություն Մանուչարյանը չի կառուցել, այն կառուցել է իր որդին: Նա նախապես ձեռք է բերել կիսաքանդ մի շենք, որտեղ սկսում է շինարարական աշխատանքներ իրականացնել: Ինչպես Հայաստանի համայնքների 90-95 տոկոսը, շինարարությունն իրականացվել է առանց շինթույլտվության: 2015-ից սկսվել են շինարարական աշխատանքները, 2017-ից որոշվել է այն օրինականացնել: Ստացել է շինթույլտվություն, հիմա խնդիրն այն է, որ շինթույլտվության մեջ նշված է նախկինում կատարված աշխատանքների մի փոքր մասը եւս: Մանուչարյանին ասվում է` դու համայնքի ղեկավար ես եղել, եւ համայնքում առանց շինթույլտվության շինարարություն է իրականացվել, դու իմացել ես, սակայն միջոցներ չես ձեռնարկել: Դա պաշտոնեական դիրքի չարաշահում չէ: Դա ոչ մեծ ծանրության արարք է, որի վաղեմության ժամկետը վաղուց անցել է: Այժմ դա որակում են դիտավորություն` պաշտոնեական դիրքի չարաշահում»,- նշեց Մանուչարյանի փաստաբանը: