Ղրիմի ռազմական օդանավակայանում հրդեհ է․ հնչել են պայթյուններ

Ղրիմի ռազմական օդանավակայանում հրդեհ է․ հնչել են պայթյուններ

Անցած գիշեր Ղրիմում պայթյուններ են որոտացել Ջանկոյ քաղաքում՝ ռազմական օդանավակայանի մոտ, հայտնում են տեղական տելեգրամյան ալիքները։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել նախքան օդային հարձակման նախազգուշացումը։ Հաղորդվում է նաև, որ օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ղրիմի կամրջով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, պատճառը հայտնի չէ։ Ջանկոյ-Թեոդոսիա մայրուղու Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար և կազմակերպվել է շրջանցում, հաղորդում է Ղրիմի տրանսպորտի նախարարությունը։ Մոտ մեկ ժամ անց երթեւեկությունը վերականգնվել է։

Ջանկոյում կա ակտիվ ռուսական ռազմական օդանավակայան։ Այնտեղ տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի 4-րդ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատարության 27-րդ խառը ավիացիոն դիվիզիայի 39-րդ ուղղաթիռային գունդը։