Ողջաբերդում որպիսություն հարցնողներին ամենատարածված պատասխանն է` դեռ ողջ ենք    

Ողջաբերդում որպիսություն հարցնողներին ամենատարածված պատասխանն է` դեռ ողջ ենք    

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 30 տարուց ավելի է՝ խնդիրը մնում է չլուծված, գյուղի գրունտը հոսում է` ավերելով ողջաբերդցիների ապրուստը։ Գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում են ստացել, իսկ ովքեր մնացել են գյուղում, տարիներ շարունակ սպասում են, որ կառավարությունը  փոխհատուցում տրամադրի,  արդյունքում գյուղացիները կազատվեն գլխացավանքից և վախի մթնոլորտում ապրելուց: Ողջաբերդում որպիսություն հարցնողներին ամենատարածված պատասխանն է` դեռ ողջ ենք: Բնակիչների պնդմամբ՝ տարիներ շարունակ գյուղացիները դիմել են պատկան մարմիններին, բայց բոլորի կողմից արժանացել են քար անտարբերության: Վերջերս սողանքի հետեւանքով Ողջաբերդում փլվել էր գյուղացիներից մեկի հացատունը։ Գյուղացիները ճանապարհ փակեցին՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ։   «Հիմա ասում են, թե իրավիճակ է փոխվել, ժողովրդի կողմից ընտրված կառավարություն է, ու հաստատ ժողովրդի դարդին դարման են լինելու։ Բայց ստացվում է՝ նախորդների նման սին խոստումներ են տալիս, ո՞ւմ դիմենք, որ մեր խնդիրը լուծվի: Վերջին անգամ գյուղի որոշ ընտանիքներ փոխհատուցում ստացել են 2000 թվականին, այն էլ չեն կարողացել նոր բնակարան գնել, այդ գումարով իրենց ճաքած պատերն ամրացրել են ու վախները սրտներում՝ գիշերները լուսացնում են: Մեր գյուղում ամեն օր դանդաղ երկրաշարժ ա լինում: Մենք մեր խնդիրն ենք բարձրացնում, պարոն մարզպետն ասում ա՝ սաբոտաժ են անում: Դե թող գա, էս ճաքած պատերի մեջ 1 գիշեր քնի։ Եթե ամսի 20-ին մեզ որեւէ դրական պատասխան չտվեցին, այս անգամ  ճանապարհ կփակենք ու չենք բացի»,- մեզ հետ զրույցում ասացին բնակիչները:  

Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե այս ժամանակահատվածում Կոտայքի մարզպետն այցելե՞լ է համայնք, եւ որեւէ քննարկում եղե՞լ է,   Մելքոնյանն ասաց, որ մինչեւ ամսի 20-ը մարզպետը խոստացել է հանդիպել, տեղեկացնել, թե ինչ վիճակում է այդ գործընթացը,  առայժմ ոչինչ չկա: 

-  Պարո՛ն Մելքոնյան, կա՞ ստեղծված հանձնաժողով, որքա՞ն պետք է փոխատուցվի գյուղացիներին։
- Կառավարական հանձնաժողով չի ստեղծվել, դեռ ամեն ինչ հին վիճակում է: Այդ հարցը տվեք կառավարությանը, վարչապետ ունենք, տարածքային նախարար ունենք, մարզպետ ունենք, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ: Կառավարությունը պետք է հանձնաժողով ստեղծի, ես էլ պետք է ընդգրկվեմ հանձնաժողովի մեջ, եւ սկսվի գործընթացը, երեւի գումար չկա: 
- Վերջին անգամ գյուղացիները ե՞րբ  են կառավարության կողմից փոխհատուցում ստացել: 
- 2001 թվականին: 
- Մարզպետը սաբոտաժ որակեց այն, որ գյուղացիները ճանապարհ էին փակել, ի՞նչ կասեք այս մասին:
- Լավ, էլի, քաղաքական բաներ եք ասում, գյուղացիներն իրենց  խնդիրն են բարձրաձայնում: Գյուղում վթարային տներ կան,  բնակիչները դրա համար են անհանգստանում: Հիմա էդ օրը համընկավ Քոչարյանի դատավարության հետ, դրանից էլ մարզպետն   էդպես արտահայտություն արեց: 
 - Եթե հարցին լուծում չտան, գյուղացիները կրկին ճանապա՞րհ կփակեն:
- Չեմ կարող ասել: