Ոչ մեկից և ոչ մի բանից չվախեցողը, կամ՝ ինչ արժե Պյուռոսի հաղթանակը

Ոչ մեկից և ոչ մի բանից չվախեցողը, կամ՝ ինչ արժե Պյուռոսի հաղթանակը

Եթե մի հրաշքով ՀՀ-ում լրագրողական նյութի «դեֆոլտ» լինի, «Հրապարակը» մտահոգվելու բան չունի՝ ՀՊՏՀ-ն կա ու կա… ՀՊՏՀ-ն շտապ բուժվելու կարիք ունի…

Գալով Պյուռոսին, մեր նյութի հերոսին ասենք, որ պետք չէ «տանջել» համացանցը. հելլենիզմի շրջանում  նա եղել է թագավոր եւ զորավար, հաղթել նույնիսկ քաջարի հռոմեացիներին, բայց իր զորքից էլ բան չի մնացել, եւ պատմությունը նրա հաղթանակներն ավելի հաճախ հիշում է հեգնանքով:

Մերօրյա պյուռոսներն ուրի՜շ են: ՀՀՇ-ն լինի, ՀՀԿ-ն, թե «Իմ քայլը», նրանք տաղանդավոր «լողորդներ» են, գիտեն «քամիները» շրջանցելու «ֆինտերը»: Նրանք բաղեղի ճկունությամբ վեր են սլանում՝ լույսից զրկելով շրջապատին:

Ափսոս, նրանք տեղյակ չեն Պյուռոսի անփառունակ ավարտի մասին:
Ի՜նչ ասես: Իրավունք ունի: Ինչ անում՝ մարսում է: Անօրինություններն աչք են ծակում, բայց շրջապատն ասես կատարախտով է տառապում:

Ուրիշ վերնագրեր էլ էի մտածել՝ «Երիտասարդ դեսպոտը», «Հմուտ աճպարարը», «Բեսպրեդել» եւ այլն: Երբ օրերս մեր լարված զրույցի ընթացքում որեւէ տրամաբանության մեջ չխցկվող «Ոչ մեկից եւ ոչ մի բանից չեմ վախենում» անտեղի ասված (տվեց-անցավ Մակեդոնացուն, Նապոլեոնին, Կեսարին) հոխորտանք-հրովարտակից հետո համոզվեցի, որ տվածս խոստումը պիտի կատարեմ: Իսկ ես խոսք էի տվել թիկունքից չհարվածել, եւ եթե շարունակվի «բեսպրեդելը», չեմ լռի:
Քիչ է ասել, թե զարմացնում է երիտասարդի ավելորդ ինքնավստահությունը (մանավանդ, որ հարազատ ՀՀԿ-ն չի կարող արդեն թիկունք լինել, իսկ գուցե…), ներկայացված անհերքելի փաստերի հանդեպ քամահրական պահվածքը: Երեւի իրավիճակի փոփոխություն ասվածը յուրովի է ընկալել մարդը: 

Համբերության բաժակը լցվեց, երբ ամբիոնի նիստում խաղարկվեց մի էժանագին բեմադրություն՝ իր յուրայինի կողմից տրվեց հարց՝ սպորտային խմբի անդամները պե՞տք է ստուգարքի ժամանակ «հասարակ» ուսանողների հետ ներկայացնեն անհատական աշխատանքներ:

Մանկամիտ պրովոկացիա՝ իմանալով իմ վերաբերմունքը խնդրի հանդեպ: Հնչեց «զորավարի» կտրուկ «ոչ»-ը: Փորձեցի պարզել՝ մարզիկներին տեսական գիտելիքներ հարկավո՞ր չեն: Պահի համար անհեթեթորեն աչքերը ոլորելով, ձայնը բարձրացնելով՝ գուժեց դատավճիռը. «Երեք անգամ կրկնում եմ նույն բանը, բայց մարդիկ չեն ընկալում»: «Մարդիկն» ու «չընկալողը», պարզ է, ես էի, ով… ներդրել է այս համակարգը բուհում:

Հա, ներկայացնեմ մեր հերոսին՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ եւ ՔՊ ամբիոնի ԺՊ Հովհաննես Գաբրիելյան: Նույն ամբիոնի նիստում ասում եմ՝ ուսանողները դասերին քմահաճորեն են ներկայանում, հաճախ խմբերով են բացակայում…

- Եթե պատճառն ասեմ, դասախոսների 90 տոկոսին պիտի ազատել աշխատանքից:
Եվ սա ասվում է այն մարդկանց հասցեին, ովքեր, ի տարբերություն իրեն, անչափ պարտաճանաչ են, տիրապետում են (ճիշտ է՝ վերապահումներով) առարկային: Եվ ի՞նչ, կարծում եք դասախոսներից որեւէ մեկը համարձակվե՞ց հարցնել՝ ի՞նչ եւ ո՞ւմ նկատի ունի «շեֆը»: Ես, իհարկե, հասկանում եմ նրանց: Ոչ մեկից եւ ոչ մի բանից չվախեցող մարդու հետ գլուխ դնելն անվտանգ չէ: Իսկ արժանապատվություն, ինքնասիրություն կամ սկզբունքայնություն կոչվող բաներով ընտանիք չես պահի: Ու մարդիկ նախընտրել են նվազ վտանգավոր՝ բամբասանքի ժանրը:

Ամբիոնի նիստերը հիշեցնում են մեկ դերասանի թատրոն ասվածը: Խրոխտ-հանդիսավոր սկսում եւ ավարտում է: Ի՜նչ խնդիրների վերհանում, վերլուծություն: Բանավե՞ճ, մասնագիտական քննարկումնե՞ր, ֆինանսական հաշվետվությո՞ւն… ձե՞ռք եք առնում: Ներկաների կողմից մեկ-երկու երկչոտ հարց եւ վերջ: 

Հա, ընդվզում էլ է եղել, եւ՝ ինչպիսի՜: Անցյալ տարեվերջի նիստում ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Լ. Սամվելյանը, պրոռեկտորի ներկայությամբ, դիմելով Հ. Գաբրիելյանին, նետեց. «Բարեկամիդ՝ Արմեն Աշոտյանի միջոցով սողոսկեցիր ամբիոն…» եւ նման բաներ: Պատասխան խոսք չկար: Չեմ կարող չխոստովանել, որ պարոնն օժտված է բացառիկ շնորհով՝ հեչ բանից շոու սարքելու տաղանդ, խոսակցությունն ուզած ուղղությամբ տանելու անգերազանցելի հմտություն, դիմացինին խոսքախեղդ անելով, չեղածը զավեշտի հասնող «ապացույցներով» հիմնավորելու աննկուն կամք՝ չխորշելով նաեւ պրովոկացիայից:

Ապշում ես՝ 35 տարեկանում այսքան էլ կոփված, «սուպերշկոլա» անցած լինի մարդ: Բայց ի՞նչ կա զարմանալու: Անհավանական սրընթաց կարիերա. ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ ԵԿ մարզական պատասխանատու, ՀԱՕԿ անդամ, ՀՀ ՈՒՄՖ-ի նախագահության անդամ, «Հայաստան» ՄՄ նախագահության անդամ եւ այլն: Տարիներ շարունակ «Բազե» համահայկական հավաքի պատասխանատու, ուսանողական միջազգային տարբեր միջոցառումների պատվիրակության անդամ եւ այլն: Արժանացել է նաեւ պարգեւների, այդ թվում (պինդ բռնվեք աթոռից)՝ «Վազգեն Սարգսյան» մեդալի (գոնե գիտե՞ որ «ճակատում» է կռվել կամ ծառայել): Ինչպե՞ս չասես՝ օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր:

Ամբիոնի տերն ու տիրականն ինքն է ու իր աներորդի Մ. Ղուկասյանը: Վերջինս, մինչ փեսայի գալը, տեղավորվել էր որպես ուսումնական վարպետ (անհասկանալի «պաշտոն»), հետո դարձավ նաեւ դասախոս, հիմա էլ, որքան գիտեմ, «վարպետը» հրաշքով «վերածվել» է ամբիոնի մարզական աշխատանքները համակարգողի (հաստիք մոգոնելը հանաք բան չէ): Այս ամենի հետ երիտասարդը հասցնում է նաեւ որպես մարզիչ աշխատել մեկ այլ տեղում:

Ի դեպ, վերը նշված ամբիոնի նիստում Լ. Սամվելյանը չխնայեց նաեւ վերջինիս. «Տարիներ շարունակ սեղանի թենիսի ոչ մասնագետը ՀՀ բուհական առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ է պատրաստել, իսկ նրան փոխարինած ՀՀ բազմակի չեմպիոնի սաներն արդեն որերորդ տարին գրավում են 8-9-րդ տեղերը»:

Հինգ տարի առաջ, երբ ինձ փոխարինելու բերեցին (ռեկտորը պարզորոշ ակնարկեց, որ հրահանգը «վերեւից» է) ներկայիս ամբիոնի վարիչին, ու տեսա ստեղծածը քանդելու նրա անխոնջ եռանդը, որոշեցի՝ «աբիժնիկ» չերեւալու համար, գլուխս կախ՝ իմ գործն անել, բայց, ինչպես երեւում է, նրա պյուռոսյան հաղթարշավի վերջը չի երեւում: Տարիներ շարունակ սպորտի նախարարությունն անհաջող փորձեր է անում՝ հանիրավի դուրս մղված ՊԱՊ համալիրը ՀՀ-ում ներդնելու համար: Իսկ մենք ստեղծել էինք «Զարթոնք» կոչվող ժամանակակիցը եւ հանդիսավոր պայմաններում կրծքանշանի էինք արժանացնում հանձնողներին: Միջանցքում միշտ մարդաշատ էր «Սպորտի հմայքը» լուսանկարային ստենդաշարի առջեւ: Տարեվերջին անցկացնում էինք «Ռեկորդի օր» միջոցառումը եւ այլն:

Դասախոսների համար կազմակերպվում էին տեսական եւ գործնական պարապմունքներ (վերապատրաստում), դասալսումներ եւ վերլուծություն, գնահատում (ի դեպ, ձեր ոչ այնքան խոնարհ ծառան փակ քվեարկության արդյունքում երկու դեպքում էլ ճանաչվել է առաջինը): Այս ամենը կարճ ժամանակում հօդս ցնդեցին: Ուսումնական գործընթացը մղվեց 1000-րդ պլան: Եվ որպեսզի բոլոր զանցանքները կոծկվեն, եւ նույնիսկ գլուխ գովելու տեղ ունենա, մեր հերոսը ստեղծեց ֆուտբոլային թիմ՝ իր մարզչով: Հաջողությունն ապահովված էր: Թիմը նույնիսկ մեկնեց Հոլանդիա, բայց որքան էլ տարօրինակ լինի, մեկնողների կազմում հայտնվեցին ախպեր-տղերք, եւ վնասվածք ստացած ֆուտբոլիստները ստիպված էին խաղալ առանց փոխարինման:
Որպեսզի մեր հերոսի մասին թռուցիկ պատկերացում կազմվի, մեջբերեմ դասախոսների հանդերձարանում փակցված նրա հայտարարությունը (խոսքը վերաբերում է ծխելուն). «1-ին անգամ հանգիստ զգուշացնելու եմ, կրկնվելու դեպքում ահավոր վիրավորելու եմ՝ ամենաքիչը՝ «անհասկացող» անվանելով»: Բա՜…

Հիմա՝ ավելի կոնկրետ: Այս 5 տարվա մեջ որեւէ մեկը տեսե՞լ է նրան ուսումնական դաս կամ սպորտային խումբ մարզելիս (ավելորդ է խոսել դասալսումների մասին, ինչը մտնում է իր ուսումնական ծանրաբեռնվածության մեջ): Նույնիսկ թեւավոր խոսք է դարձել նրա մի «ասույթը»․ «Եթե դաս վարեմ, բոլորդ կամաչեք»: Ու մինչ օրս տվայտագին սպասման մեջ են թե՛ կարոտից նվաղած իր երեւակայական ուսանողները, թե՛ գործընկերները, որ մի կուշտ ամաչեն: Իսկ իր սպորտային խմբերից մեկը գիտե՞ք ինչպես է կոչել (խորը շունչ քաշեք)՝ մենամարտեր: Պարզվում է՝ այսպիսի մարզաձեւ էլ կա, եւ քանի որ մարզումներն իբր թե անցկացվում են ժ. 19-ից, պետք է ենթադրել, որ նրա հարազատ «Վիվառոն» շուտով խաղադրույքներ կսահմանի այս կամ այն «գլադիատորի» վրա:

Եվ վերջում՝ բուհի ղեկավարությանը երբեւէ հետաքրքրե՞լ է, թե ինչպես կարող է ամբիոնի պատասխանատուն երեք տեղ աշխատել, բուհի հետ կապ չունեցող գործուղումների մեկնել: Պահանջվե՞լ է, թե մարզադահլիճում պարբերաբար անցկացվող տարբեր մարզաձեւերի հանրապետական առաջնություններից, այլ կազմակերպությունների մարզական պարապմունքներից (էլ չեմ խոսում հիմնավոր տնավորված ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի մասին) օրինական վճարումներ լինո՞ւմ են: Ու էլի շատ «հետաքրքիր» հարցեր:

ՀԳ 1․ Նյութը գրելու ընթացքում պարզվեց, որ ամբիոնի նախկին վարիչ Լ. Սամվելյանը նման հարցերով դիմել է տարբեր ատյաններ, այդ թվում՝ ՊՎԾ: Ճիշտ է, լռեցնելու համար նրան վերջերս շնորհեցին Պատվավոր պրոֆեսորի կոչում, բայց ի՜նչ կարող ես անել՝ մարդու սիրտը ցավում է…

ՀԳ 2․ Վերջին զրույցի ժամանակ (հուսալով, թե զղջման խոսքեր կլսեմ), երբ Հ. Գաբրիելյանին ասացի, թե գրելու եմ, ծիծաղեց՝ լավ փիառ կլինի: Դե ինչ, մնում է դիմել իրավապահներին՝ երիտասարդի «լավ փիառով» զբաղվելու համար:

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ
պրոֆեսոր, մ.գ.թ․
ֆիզկ. եւ սպորտի վաստակավոր աշխատող