Վրացական դեպքերի հանդեպ Երևանի միակ ճիշտ վերաբերմունքը պասիվ դիտորդի դերն է 

Վրացական դեպքերի հանդեպ Երևանի միակ ճիշտ վերաբերմունքը պասիվ դիտորդի դերն է 

Այս օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն անհասկանալի խանդավառություն են առաջացրել Հայաստանում:

Մի երկրում, որտեղ, թվում է, ամենից շատ պետք է շահագրգիռ լինեն Վրաստանի կայունությամբ: Ընդ որում, բոլորովին նշանակություն չունի, թե հայաստանյան տարբեր շրջանակներից ում օգտին են հանդես գալիս՝ հակառուսական զանգվածային բողոքների նախաձեռնողների ու մասնակիցների՞, թե՞ Վրաստանի կառավարության: Երկու դեպքում էլ, առնվազն Հայաստանի շահերի տեսանկյունից, իրադարձությունների անկանխատեսելի ընթացքի պարագայում տուժելու է մեր երկիրը, որի կենսապահովումը, ինչպես հայտնի է, մեծ չափով կախված է հարեւան երկրում տիրող իրավիճակից: Վրաստանում զանգվածային հակառուսական ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ այդ երկրում անցկացվող՝ Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի մասնակից ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչը նստեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ու ռուսերենով ելույթ ունեցավ: Դա այն կայծն էր, որը պայթեցրեց երկու երկրների՝ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ տարիներ ի վեր կուտակված բազմաթիվ չլուծված խնդիրների ու լարված հարաբերությունների վառոդը: Թվում էր, թե Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությանը վերջին տարիներին հաջողվել էր գտնել այն փխրուն բալանսը, որը երկու երկրներին թույլ էր տալիս առանց դիվանագիտական հարաբերություններ ունենալու ինչ-որ կապեր պահպանել միմյանց միջեւ, մի կողմից՝ որոշակի զարկ տալով առեւտրատնտեսական շփումներին, մյուս կողմից՝ Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների համար փոխայցելությունների հնարավորություն ապահովել: 

Այդ բալանսը, ցավոք, վերջին օրերին պահպանել չհաջողվեց: Անշուշտ, այժմ կարելի է աշխարհաքաղաքական խելացի վերլուծություններ կատարել՝ փորձելով հասկանալ, թե ինչից սկսվեց այս ամենը, ով առաջինը սադրեց խժդժությունները, ու ում էր դա ձեռնտու, խնդիրը դիտարկել Արեւմուտք-Ռուսաստան բարդ հակասությունների համատեքստում ու ինչ-որ հետեւություններ անել: Սակայն դրանից Հայաստանի վիճակի թեթեւացման բալասան դժվար թե գտնվի:  Հայաստանն այժմ անասելի նուրբ ու բարդ իրադրության մեջ է հայտնվել: Երեւանին ներկայումս ուղղակի կենսականորեն անհրաժեշտ է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Մոսկվայի հետ. երկու երկրներն էլ Հայաստանի քիչ թե շատ բնականոն կենսագործունեության ապահովման համար կարեւորագույն նշանակություն ունեն: Մինչդեռ ի՞նչ ենք տեսնում՝ ցնծում են միաժամանակ ե՛ւ ավանդաբար հակավրացական տրամադրություններ ունեցողները, հրճվանքով կանխավայելելով Վրաստանի մոտալուտ կործանումը, ե՛ւ, այսպես կոչված, մոլի արեւմտամետները, որոնց համար կարեւորը միայն Ռուսաստանի ցանկացած ձախողումն է, անկախ առնվազն Հայաստանի համար սպասվող բացասական հետեւանքներից:

Ավելին, թբիլիսյան ցույցերին մասնակցում են նաեւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ինչ-որ ուսանողներ, ձերբակալվում են՝ հայկական դեսպանատանը հարկադրելով միջամտել… դեռ լավ է, որ բավականաչափ խոհեմ է գտնվել ջավախահայությունը, որի ներկայացուցիչներն այս օրերին ակտիվություն հանդես չեն բերում: Առավել անհանգստացնող է այն, որ Վրաստանում տիրող իրավիճակի օգտագործմամբ ինչ-ինչ տնտեսական դիվիդենտներ շահելու կոչեր են անում հայաստանյան որոշ խորհրդարանականներ՝ կոչ անելով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կաթվածահարված ավիափոխադրումների հոսքերի մի մասն իրականացնել Հայաստանի միջոցով: Թերեւս անիմաստ է դարձյալ ընդգծել Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կարեւորությունը. այդ մասին հրաշալի տեղյակ է երեւի թե յուրաքանչյուր դպրոցական: Սակայն, այնուամենայնիվ, հիշեցնենք՝ Վրաստանը մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային տարածքն է, հենց այդ տարածքով է մեր երկիր մտնում լայն սպառման ապրանքների թերեւս մեծ մասը: Իսկ թե Հայաստանի համար այս շոգ շրջանում (եւ առհասարակ) ինչ նշանակություն ունի Լարսի անցակետը, այդ մասին քննարկում ծավալելն իսկապես անիմաստ է: Էլ չենք խոսում այն մասին, որ արդեն իսկ հօդս ցնդեցին Աբխազիայի տարածքով Լարսին այլընտրանք գտնելու բոլոր հեռանկարները:    

Ինչ վերաբերում է Հայաստանի գրեթե ողջ էներգահամակարգին տիրապետող ու ղարաբաղյան հակամարտությունը մեծ չափով վերահսկող Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն, ապա այդ մասին մտածելն անգամ սարսափելի է, գոնե մինչ այն պահը, քանի դեռ Հայաստանը քիչ թե շատ ինքնաբավ գոյատեւման սեփական ռեսուրսները չի ապահովել:

Բնական հարց է առաջանում՝ իսկ ինչպիսի՞ վարքագիծ դրսեւորի ստեղծված իրադրությունում Երեւանը: Պատասխանն առավել քան պարզ է՝ ուղղակի ոչինչ չպետք է անել, բացի թերեւս, խաղաղասիրական ինչ-ինչ, թեկուզ ձեւական քայլերից, քանզի հասկանալի է, թե որքան սահմանափակ են Երեւանի ռեսուրսներն ու հնարավորությունները: Ցանկացած ուրիշ քայլ, առավել եւս՝ միտված վրացական կոնֆլիկտի կողմերից որեւէ մեկին աջակցելուն, հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Սա այն դեպքն է, երբ հարկ է պարզապես պասիվ դիտորդ լինել, դա նվազագույն անվտանգ տարբերակն է: