Չի եղել կառավարության հետ հարցուպատասխան, որ հարց չբարձրացնեմ

Չի եղել կառավարության հետ հարցուպատասխան, որ հարց չբարձրացնեմ

Արագածոտնի մարզից շուրջ 5 հազար ձայնով «Իմ քայլից» պատգամավոր դարձած Սերգեյ Մովսիսյանն ԱԺ-ի քիչ խոսող ու ոչ այդքան ակտիվ պատգամավորներից է։ Թեպետ երբեմն հարց է հնչեցնում կառավարության հետ հարցուպատասխանի կամ ինչ-որ նախագծի քննարկման ժամանակ, բայց որեւէ նախագիծ հեղինակելու եւ այն ամբիոնից զեկուցելու դեպքեր նրա մեկամյա գործունեության ընթացքում դեռ չեն գրանցվել։ Երեկ հետաքրքրվեցինք նրանից, թե ինչ հեղափոխական նշանակության քայլեր է կատարել իր տարածքի ընտրողների համար, որ նրանք զգացել են իր՝ որպես պատգամավորի, արդյունավետ գոյության իմաստը խորհրդարանում։
«Նախ, գրեթե ամեն շաբաթ ես այցելություններ եմ ունենում գյուղեր, եթե սեմինարներ կամ ուրիշ նախատեսված աշխատանքներ չունենամ, ամեն շաբաթ այցելություններ եմ ունենում գյուղերում եւ գյուղերում բարձրացված հարցերն Ազգային ժողովում բարձրացնում եմ։ Եվ, հուրախություն մեզ, դրանցից մի քանիսը լուծում է ստացել, մասնավորապես՝ թե՛ «Աշտարակ կաթի» հետ կապված խնդիրը եւ թե՛ մարզիչների հետ կապված խնդիրը։ Նաեւ Հողային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված օրենսդրական նախագիծ եմ պատրաստում, որի վրա աշխատում եմ, որն էս նստաշրջանում էլ չենք հասցնի, բայց շուտով շրջանառության մեջ կդնենք»,-ասաց ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորը։

- Բայց Ձեզ շատ ակտիվ չենք տեսնում ելույթ ունենալիս, նախագծերի քննարկումներին մասնակցելիս։

- Դե, գիտե՞ք, երեւի չի եղել կառավարության հետ հարցուպատասխան, որ չօգտագործեմ էդ միջոցը՝ հարց բարձրացնելու կառավարությանը։ Ելույթների մասով ճիշտ եք ասում, ընդամենը մի քանի ելույթ եմ ունեցել, հուսանք՝ սկիզբն է, դեռ կակտիվանանք։

- Ասում են, որ Դուք մասնավոր բիզնես ունեք Աշտարակում՝ գիշերային ակումբ, որը Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներին է պատկանում։

- Չէ, չկա նման բան։

- Բայց Աշտարակում բոլորն ասում են, որ Ձերն է։

- Ուրեմն, ես մի քանի անգամ անդրադարձել եմ էդ հարցին, մի քանի տարի առաջ ունեցել եմ, տարածքը վարձակալությամբ է տրված եղել, գործունեություն են ծավալել, իմը չի եղել, իսկ հիմա ընդհանրապես գոյություն չունի արդեն մի տարուց ավել է, վարձակալությունն էլ չկա։ Այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը։

- Դուք երբվանի՞ց եք ՔՊ անդամ ու դրանից առաջ որեւէ կուսակցության անդամակցե՞լ եք։

- Անցած տարվանից եմ ՔՊ անդամ։ Դրանից առաջ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել։

- Բայց ասում են՝ ժամանակին Դուք եւ Ձեր եղբայրը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից մասնակցել եք ընտրություններին կամ սատարել եք այդ ուժերին։

- Չէ, չի համապատասխանում իրականությանը, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, ոչ էլ սատարել եմ։ Եթե սատարած լինեի, շատ նորմալ կլիներ, ու կասեի, որ սատարել եմ։ Բայց, հավատացեք, չեմ սատարել։ Կարաք ուսումնասիրեք իմ կենսագրությունը, ու կտեսնեք, որ չեմ սատարել։

- Այդ դեպքում որտեղի՞ց այդ խոսակցությունները։ Փոքր քաղաք է, բոլորը ճանաչում են բոլորին ու շատ լավ գիտեն՝ ով ինչով է զբաղվել նախկինում։

- Դե, ես չգիտեմ՝ Ձեզ ով է էդ ինֆորմացիան տվել, ես ասում եմ, որ չի համապատասխանում դա իրականությանը, եթե նման բան լիներ, ես չէի ամաչի, կասեի, որ կա, հիմա ասում եմ, որ չկա նման բան։ 

- Այսինքն՝ ո՛չ Դուք, ո՛չ Ձեր եղբայրը ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կողմից որեւէ ընտրության չե՞ք մասնակցել։

- Ուրեմն, վերջին ռեյտինգային ընտրություններին՝ 2017 թվականին, եղբայրս ԲՀԿ-ով մասնակցել է որպես ռեյտինգային թեկնածու, բայց չի եղել կուսակցության անդամ, դա իր իրավունքն է եղել, եւ այլընտրանք չի էլ եղել։ Եթե ինչ-որ քաղաքական ամբիցիա ուներ, պիտի ինչ-որ կուսակցությունով մասնակցություն ունենար, էդ պատճառով ինքը մասնակցել է։

- Ձեր խմբակցության պատգամավորներից շատերի մասին, որոնք հանրությանն այդքան էլ հայտնի չեն, այն կարծիքն է ձեւավորվել, որ եթե չլինեին Նիկոլ Փաշինյանն ու նրա անձնական վարկանիշը, ձեզնից շատերն ԱԺ-ում չէին լինի այսօր։ Ձեր՝ ԱԺ մտնելու հաջողության գրավականը ո՞րն է։

- Տեսեք, պարոն վարչապետի վարկանիշն իսկապես շատ բարձր է, սերը նրա նկատմամբ շատ մեծ է, բայց գոյություն ունի թիմ, եւ այդ թիմը շատ լավ թիմ է եւ այդ թիմն իր ներդրումն ու դերակատարումն է ունեցել։ Ուղղակի վարչապետի ներդրումն ամենամեծն է եղել։

- Եթե չլիներ վարչապետի ներդրումը, Դուք քանի՞ ձայն կհավաքեիք։

- Ես հիմա ի՞նչ գնահատական տամ, հիմա չեմ կարա ես տենց գնահատական տամ։ Դուք հիմա նենց հարց եք տալիս, որ ես էդ հարցին իրականում շատ էլ ուզենամ, չեմ կարա պատասխանեմ։ Ես ի՞նչ իմանամ՝ էդ 5 հազար 400 ձեներից որը ինչ սկզբունքներով առաջնորդվելով է ինձ ձայն տվել։ Այսինքն՝ հնարավոր է մեկը ինչ-որ քաղաքական թիմի ծրագրի համար է տվել, մեկը՝ կարող է անձնապես ինձ ճանաչելու առումով, մեկ ուրիշը՝ ուրիշ․․․