Շախ և մատ՝ իշխանության կրակակետին․․․

 Շախ և մատ՝  իշխանության կրակակետին․․․

Երեկ «Նռնակը պայթեց հենց Փաշինյանի ոտքերի տակ» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էի, որ «Ռոբերտ Քոչարյանն իշխանության, նույն ինքը Մարուքյանի  երեսը փրկելու պատրվակ է, ովքեր էլ լինեն Սահմանադրական դատարանի նախագահը, դատավորները, գործը արդեն ամբողջ աշխարհում մեծ աղմուկ է հանել, կատարվելու է այնպես, ինչպես թելադրեն միջազգային դատարանները։ Գործը միջազգային օրենքի դաշտում է, մենք շատ փոքր ենք սեփական ամբիցիաներով վճիռներ իրականացնել»։

Ինչպես գիտենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ իրենք չեն միանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը և ՍԴ կդիմեն հուլիսի 7-ից հետո` Բարձր դատարանում Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննության ավարտից հետո: Այսինքն անուղղակիորն հասկացնում էր, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ նման ճնշում է գործադրվում՝ Ռոբերտ Քոչարյանի պատճառով։

Սա փաշինյանական գործելակերպ էր և նման գործելակերպով Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ,- նշել էի դա երեկվա հոդվածում, մեջբերում․

«Ասում են՝ եթե այդ կազմը չլինի, Քոչարյանը նստելու, բանտում փտելու է։ Սա է մարդկանց գրգռելու, հունից հանելու, «քսի տալու սուրբ ծրագիրը», սրա շուրջն են մարդիկ հավաքագրում։ Ինչպես մի ժամանակ հավաքագրում էին «Մերժիր Սերժին» ծրագրի շուրջ։

Սթափ մարդիկ հասկանում են, որ վտանգ է սպառնում մեր երկրին ու Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի հիմքը քանդել չեն ուզում և համազգային քրֆոցը՝ Էդմոն Մարուքյանի նկատմամբ դրա վկայությունն է»։

Այսօր տեղեկացա, որ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Երկրորդ նախագահի պաշտպանական խումբը  ետ է վերցրել ՍԴ ներկայացրած դիմումը, Քոչարյանի հարց այլևս չկա։ Լսենք փաստաբան Օրբելյանին․

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պարլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն: Եվ մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին` Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո'չ պարոն Քոչարյանի, ո'չ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել, այս գործընթացը բացառապես դիտարկել պարլամենտական ֆրակցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում: Եվ եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ամսաթվին, հիմք ընդունելով մեր դիմումը, միանալ այդ գործընթացին»:

Սա շատ լուրջ քայլ էր  ու փաստորեն  շախ և մատ հայտարարվեց «ընդդիմություն խաղացող իշխանության մի մասին», ինչու չէ՝ նաև իշխանությանը,  ու նրան դրեց պատային վիճակի մեջ։ Մատ հայտարարվեց, որովհետև բացահայտվեց իշխանության կրակակետը՝ հանձինս Մարուքյանի։ Մյուս կողմից Սահմանադրական կարգը խախտող Քոչարյանի կողմը հանդես եկավ սահմանադրական կարգը անխախտ պահելու գործընթացով։

Գնդակը իշխանության, Էդմոն Մարուքյանի դաշտում է, այդ երկու ուժերը համարում եմ մի ուժ՝ իշխանություն ու պատասխանատվություն։ Ժամն է վերջակետ դնելու  այդքան պրիմիտիվ խաղացողների խաղին։