Աբելյանի թատրոնը կներկայանա հեռուստաներկայացումով

Աբելյանի թատրոնը կներկայանա հեռուստաներկայացումով

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, նախաձեռնել է բացօթյա ներկայացումների բեմադրական աշխատանքներ` պահպանելով պարետի ցուցումները:

«Նախաձեռնել ենք մի շարք բացօթյա ներկայացումներ եւ հեռուստանախագծեր․ ներկայացումներից մեկը, որը, ըստ էության, պետք է ստեղծվեր որպես կորոնաժամանակի ներկայացում, այս պահին կցուցադրենք որպես հեռուստաներկայացում։ Դա կլինի այն էքսպերիմենտալ տարբերակը, որը կտարբերվի ավանդական հեռուստաներկայացումից եւ կունենա որոշակի հետաքրքիր նորամուծություններ»,- ասում է թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ու հավելում, որ հեռուստաներկայացումը կբեմադրվի Չեխովի 2 ստեղծագործության հիման վրա, տեւողությունը չի գերազանցի մեկ ժամը։ Ներկայացման մեջ ներգրավված է թատրոնի երիտասարդ կազմը։ Ռեժիսորն է Արեն Օսիպյանը։

Ինչ վերաբերում է բացօթյա ներկայացումներին, ապա քանի որ թատրոնն ունի գեղեցիկ բակ, փորձել են այն օգտագործել բացօթյա ներկայացումներ բեմադրելու եւ խաղալու համար։ Այս պահին ընթանում են մանկական ներկայացման բեմադրական փորձերը։ Ներկայացումը շուտով պատրաստ կլինի, բայց թե երբ կհանձնվի հանդիսատեսի դատին, կախված է պարետի եւ ԿԳՄՍ նախարարության որոշումներից։ Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթի մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Կոշկավոր կատուն» եւ «Բժիշկ Այբոլիտը»։ Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական եւ պարային անցումներով։ Մտահղացման եւ բեմադրության հեղինակը դերասան եւ ռեժիսոր Արամ Մխիթարյանն է։  

Տնօրենը նկատում է, որ ամառային արձակուրդները թատրոնի ստեղծագործական կազմի համար լինելու են աշխատանքային, բայց հանդիսատեսին ընդունելու մասին դեռ վաղ է խոսելը։