Սոցիոլոգը 100 տոկոսով սխալվում էր 2018-ին, իսկ հիմա՞

Սոցիոլոգը 100 տոկոսով սխալվում էր 2018-ին, իսկ հիմա՞

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը 2018 թ․ ապրիլի 5-ին՝  հեղափոխությունից «5 րոպե պակաս», հայտարարում էր, որ մարտին անցկացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծ մասը 2018թ. ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանն առավել բարձր վարկանիշ է ունեցել երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման եւ բանակին վերաբերող հարցերում, Կարեն Կարապետյանը՝ սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից: Բայց ուղիղ 15 օր անց իրադարձություններն ապացուցեցին, որ մարդկանց իրական ցանկությունները ոչ մի կապ չունեն հայաստանյան սոցիոլոգիայի հետ։ Հիմա էլ, ժամանակին էլ մամուլը գրել էր՝ կոոպերատիվ այս GALLUP-ը հունիսի 10-27-ը հեռախոսային հարցումներ է արել 1200 անձի շրջանում եւ + - 3 տոկոս սխալականության հավակնութամբ հայտարարում է, որ հարցվածների 85 տոկոսը հավանություն է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ 12 տոկոսն էլ չի տալիս։ Պաշտոնապես իրեն նոտարի կարգավիճակում զգացող ու կյանքը վայելող նախագահ Արմեն Սարգսյանի ցուցանիշն էլ պակաս տպավորիչ չէ․ 79․3 տոկոսը հավանություն է տալիս։
Հասարակության ո՞ր հատվածն է շարունակում աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Սա, առանց չափազանցության, այսօր հայ հասարակությանը, քաղաքական ուժերին, ինչու ոչ՝ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներին ամենաշատ հուզող հարցն է։ Նման հարցերի պատասխանները նորմալ երկրներում տալիս են սոցիոլոգիական հարցումները։  Իրական, այլ ոչ 100 տոկոս սխալականությամբ (գոնե Սերժ Սարգսյանի պարագայում պարզվեց, չէ՞, որ Արամ Նավասարդյանը սխալվում էր)։ Ու հիմա թե որքանով է սխալվում սոցիոլոգը, ցույց կտա ժամանակը։ Կորոնավիրուսի ճիրաններում հայտնված Հայաստանի գերքաղաքականացված շիկացած մթնոլորտում, որտեղ հասարակությունը բաժան-բաժան է, դիրքավորված տարբեր բեւեռներում, իսկ օդում թեւածում են միմյանց նկատմամբ իրական ատելության ֆլյուիդներ, որտեղ երկրի վարչապետը Ծառուկյանի կողմնակիցների հնարավոր հանրահավաքի մասնակիցներին սպառնում է՝ «բա որ մեր կողմնակիցները հանրահավաք անեն»-ով, կրքերը կարող էր հանդարտեցնել իրական սոցիոլոգիան։ Մարդիկ, քաղաքական ուժերը, որքան էլ վստահ լինեին իրենց ճշմարտացիության մեջ, կլռեին, կհանդարտվեին, եթե իրապես հավատային, որ մեծամասնությունն այս կամ այն կողմում է՝ Փաշինյանի ու թիմի կամ՝ ընդդիմադիրների։ Ինչպես դա եղավ 2018-ին։

Անուշ
ԴԱՇՏԵՆՑ