Ինչքան կարելի է ապրել ներքին վախերով

Ինչքան կարելի է ապրել ներքին վախերով

Փաշինյանին ուղղված քննադատությունների առյուծի բաժինը պայմանավորված է կառավարության անճարակությամբ, որն իր հերթին հետեւանք է ամենատարբեր ոլորտների բարձիթողի վիճակի: Այդ ոլորտների պատասխանատուների մասին հաճախ ենք լսում՝ ոչինչ չեն արել, ոչինչ չեն անում, չեն հասկանում, չեն պատկերացնում, չարդարացված պարգեւավճարներ են ստանում եւ այլն: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ չափերի է բողոքը, եթե խոսքը վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են առողջապահությունը, կրթություն-գիտություն-մշակույթ-սպորտը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտը: Սրանք ողջ հասարակությունն ընդգրկող ոլորտներ են, եւ եթե այդ ոլորտների ղեկավարները ոչինչ չեն արել, ոչինչ չեն անում, գործից չեն հասկանում, չեն պատկերացնում տվյալ պաշտոնում իրենց անելիքը եւ միանգամայն չարդարացված պարգեւավճարներ են ստանում, բողոքն անխուսափելիորեն ընդունում է հասարակական մասշտաբներ, դառնում զանգվածային:

Մի առիթով Փաշինյանը նույնիսկ ընդվզեց, թե իր ստեղծած համակարգն իր դեմ է գործում, փնովեց իր թիմի մտավոր կարողությունները, նույնիսկ կատակեց, որ նրանց գրած նամակները կարդալուց հետո իր մեջ ցանկություն է առաջանում ցած նետվել կառավարության տան լուսամուտից: Բայց նույնիսկ սրանից հետո ոչինչ չփոխվեց կառավարության կյանքում: Ով լավից-վատից աշխատում էր, այսօր էլ աշխատում է, ով էլ չէր աշխատում, շարունակում է չաշխատել:

Փաշինյանը, ըստ էության, հետեւողական չգտնվեց իր հայտնած կարծիքի հարցում, եւ դա էր պատճառը, որ ոչ մի նախարար չպատժվեց իր անգործության համար: Ի մասնավորի՝ շարունակեցին պաշտոնավարել այնպիսի քանքարավոր պերսոնաներ, ինչպիսիք էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոնց մոտալուտ հրաժարականի մասին չէին խոսում միայն ամենաալարկոտները:

Կորոնավիրուսը, կարելի է ասել, որոշակի սրբագրումներ կատարեց վերոնշյալ նախարարների կյանքում: Եթե, օրինակ, Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը գրեթե մոռացվեցին, ապա Արսեն Թորոսյանի կերպարը եկավ առաջին պլան: Նա, որպես թիվ մեկ պատասխանատու, պարտավորվեց մի քանի օրում հաղթահարել «թեթեւ գրիպի» այս տարատեսակը, սակայն նրա մոտ օրինաչափորեն ոչինչ չստացվեց, որովհետեւ նա ոչ թե առողջապահության հարցերում էր վարպետ, այլ ԲԿ-ների ղեավարներին փոխելու, ոլորտը քանդելու, ամեն ինչ իրար խառնելու: Նա մի սովորական իմքայլական էր, ընդամենը, որին, շատերի նման, սխալմամբ դրել էին ոչ այնտեղ, որտեղ պետք էր:

Փաշինյանը հապաղում է Արսեն Թորոսյանից ազատվել: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Փաշինյանը չազատվեց Արայիկ Հարությունյանից, երբ երիտասարդությունն ու ուսանողությունը նրան բերեցին «առաջին պլան»՝ կրթության ոլորտում իր նախաձեռնած վայ բարեփոխումների պատճառով: Է՛լ տրանսգենդերների ընդունելություններ, է՛լ Մելի մասին ֆիլմ, է՛լ բուհերում հայագիտական առարկաների դասավանդման արգելք, է՛լ եկեղեցու դեմ հարձակումներ: Արայիկ Հարությունյանն այսօր էլ պաշտոնավարում է, չնայած որ նրա գլխավորած հիմնարկում քրեական գործերով բազմաթիվ մարդիկ են անցնում՝ սկսած փոխնախարարներից ու վերջացրած զանազան տեսչությունների ղկավարներով: Պարզ չէ՞, միթե, թե ինչ երեւույթի հետ գործ ունեն բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմերը, ուսանողությունը, ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարները, որոնք, բանուգործ թողած, զբաղված են միայն բողոքելով:

Փաշինյանը, սակայն, միտք էլ չունի ազատվելու Արայիկ Հարությունյանից: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Փաշինյանը չի զբաղվում աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարար Զարուհի Բաթոյանով, որ պարզապես անելիք չունի այդ ոլորտում: Հենց միայն այն հանգամանքը, որ տիկին Բաթոյանի ղեկավարած ոլորտում այսօր ԱԱԾ-ն է «սատանաներ» փնտրում, արդեն իսկ խոսում է այս ոլորտի անտերության մատնված լինելու մասին: Մարդիկ հանիրավի զրկվում են իրենց գոյության վերջին միջոցներից՝ «Փարոսից», ուրիշները կաշառատվության միջոցով շարունակում են նպաստներ ու զանազան թոշակներ ստանալ, տիկին նախարարը ոչ մեկից հետ չի մնում ինքնապարգեւատրումների հարցում, ու դեռ երբ նրան ակնարկում են իր «ղեկավարած» ոլորտում տեղի ունեցող այլանդակությունների մասին, զայրանում է, հավարը գցում իրավապահներին: Փաշինյանը դեռ որքա՞ն է աչք փակելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տիրող բարձիթողի վիճակի վրա:

Փաշինյանին, կարծում եմ, երկու բան կարող է հետ պահել կտրուկ կադրային փոփոխություններ անելուց: Առաջին՝ կադրային բազայի աղքատությունը եւ երկրորդ՝ ներքին վախը տակավին պաշտոնավարող թիմակիցներից: Որ Փաշինյանի պահեստայինների նստարանը կարճություն է անում, մենք արդեն համոզվել ենք նրա վերջին նշանակումներից եւ, իհարկե, ԱԺ-ում ներկայացված «իմքայլականության» դրսեւորած մտավոր եւ քաղաքական կարողություններից: Իսկ այն, որ Փաշինյանը, հնարավոր է, ներքին վախեր ունի իր թիմակիցներից, արդեն նորություն է: Բանն այն է, որ թավշահեղափոխականները որ մակարդակում էլ լինեն, սիրում են հանցագործության մասին հաղորդումներ տալ իրենց նախկին շեֆերի մասին, եթե այդ շեֆն իրենց ազատել է աշխատանքից կամ մի ուրիշ վատություն արել:

Ամենաթարմ օրինակը բերեմ, որ կապված է հայտնի մականունով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարի մասնակցությամբ կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ժամանակին հենց նրա օժանդակությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դարձած Ռուբեն Հայրապետյանը: Այստեղ չեմ անդրադառնա այդ հաղորդման մանրամասներին, բայց, կարծում եմ, բավականին հատկանշական է նախկին ռեկտորի հետեւյալ հռետորական հարցը. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, իշխանական թիմի հարգելի՛ գործընկերներ, դիմում եմ ձեզ. մինչեւ ե՞րբ եք պատրաստվում աչք փակել կրթության պատասխանատուների այս խայտառակ ամենաթողության վրա: Այսպե՞ս էինք պատկերացնում Հայաստանը հեղափոխությունից հետո»: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:
Եվ, ուրեմն, ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացնի այս նույն թիմի այլ անդամներ, օրինակ՝ Արսեն Թորոսյանը կամ Արայիկ Հարությունյանը, եթե Փաշինյանը որոշի այդ ոլորտները փրկելու նպատակով կադրային կտրուկ փոփոխություններ իրականացնել: Ինչքան էլ չլինի՝ միասին ճանապարհ են անցել ու, ինչպես ասում են, քաջածանոթ են միմյանց թույլ տեղերին:

Այդ պատճառով էլ ես Փաշինյանին այսպիսի խորհուրդ կտայի․ եթե, այնուամենայնիվ, ուզում է ազատվել սեփական անճարներից, ապա դա կարող է անել արդեն մեզ հայտնի մեղմ ձեւերով, գրեթե փաղաքշաբար: Ի՞նչ եք կարծում, պարոն Փաշինյան, Արայիկ Հարությունյանը չի՞ համաձայնի ազատվել աշխատանքից, եթե նրան առաջարկեք մինչեւ թոշակի տարիքը լրանալը ամսական աշխատավարձի եւ պարգեւատրումների համարժեք գումար, ծառայողական ավտոմեքենա եւ տարեկան մի քանի անգամ արտերկիր մեկնելու անվճար տոմս՝ որպես փոխհատուցում նախարարական գործուղումների: