Միջազգային իրավունքով ինչ է նախատեսված, որպեսզի Փաշինյանը փաստի առաջ չկանգնեցնի

Միջազգային իրավունքով ինչ է նախատեսված, որպեսզի Փաշինյանը փաստի առաջ չկանգնեցնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Բանակցություններ, որոնց արդյունքում ղեկավարները եռակողմ հայտարարություններ կստորագրեն։ Հաղորդվում էր, որ նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել, քանի որ 2020 թ. այդ օրը, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Նոր կորուստների ու զիջումների վերաբերյալ հանրությունը հիմնավորված վախեր ունի, թե չլինի այնպես, որ Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ կանգնեցնի հայությանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե ընդդիմության հիմնական նպատակն է՝ օգտագործել բոլոր հնարավոր գործիքները` մի նոր ոչ հայանպաստ վիճակ չառաջանալու համար։ Իրենց հարցերի պատասխանները փորձելու են ստանալ այսօր մեկնարկող հրատապ նիստում։ «Այն, ինչ Հայաստանի քաղաքական իշխանութունը ներկայումս անում է, անգամ եթե բանակցային պրոցես է գնում, դա պետք է լինի հրապարակային կամ առնվազն հիմնական քաղաքական դերակատարների, հասարակության հիմնական անձանց, Սփյուռքի հիմնական դերակատարների ներգրավում պետք է լինի։ Չի կարող իշխանությունն այս իր թաքուն կեցվածքը շարունակել։ Չի կարող որևէ քարտեզ, որևէ փաստաթուղթ հիմքում դրվել, եթե դրա վերաբերյալ չկան առնվազն Հայաստանի կողմից մանրամասն հետազոտություններ։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դա էր ասում։ Հետևաբար, եթե ասել է ու հիմա շարունակում է թաքուն ինչ-որ բան անել, ուրեմն պիտի պատասխան տա դրա համար»,- երեկ ասաց  Արծվիկ Մինասյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե գործընթացն ինչ աստիճանի թափանցիկություն պետք է ունենա, գոնե ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն տեղեկացված պե՞տք է լինեն, թե՞ ոչ, և չլինի հանկարծ, որ Նիկոլ Փաշինյանը նախ ասի՝ ինչ որ պետք է, բանակցում եմ, հետո փաստի առաջ չկանգնեցնի, ասաց․ «Եթե կնքելու է այնպիսի պայմանագիր, որի համար, ըստ ՀՀ Սահմանադրության, պարտադիր է պառլամենտի համաձայնությունը, ապա, բնականաբար, պարտավոր է ստանալ այդ համաձայնությունը»։

Բայց, ըստ Հովհաննիսյանի, պետք է տարբերակել միջազգային իրավունքն ու ազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավունքում անկարևոր է ազգային օրենսդրության խախտումը։ Իսկ ազգային սահմանադրական իրավունքի խախտմամբ կնքված միջազգային պայմանագիրը սկզբունքորեն վավեր է․ բացառությամբ, «եթե այդ խախտումը ճչացող է ու հայտնի պայմանագրի մյուս մասնակիցներին»։

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանին էլ հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանը, համաձայն միջազգային իրավունքի, պարտավո՞ր է նախապես, նախքան ստորագրելը հրապարակայնացնել, թե ինչ է ստորագրելու։ Վերջինս նույնպես դժվարանում է պատասխանել, ըստ Քեռյանի՝ քանի որ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ միայն ենթադրություններ են, ոչ ոք չգիտի, թե խոսքն ինչ փաստաթղթի մասին է։ «Գուցե դա խաղաղության պայմանագիր է` ինչ-որ հոդվածներով, գուցե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին պայմանագիր է, գուցե սահմանազատման մասին պայմանագիր է, կամ բոլորը միասին է։ Բայց թե ինչ, դժվար է ասել, քանի որ չնայած ինֆորմացիայի արտահոսքին, պաշտոնապես ոչ Ադրբեջանն է ասում, ոչ Հայաստանը, ոչ ՌԴ-ն»,-ասաց Քեռյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի կողմից խմբագրվող «Ալիք մեդիայում» տպագրվածի համաձայն՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, դրանք գրեթե ավարտական տեսք են ստացել։ Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը: Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Ինչ վերաբերում է միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային պայմանագրերի կնքմանը, ապա  ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմանագիր է։ Ըստ Քեռյանի՝ եթե այդ պայմանագիրը, ըստ օրենքների, վավերացման ենթակա է, ապա  նշանակում է, որ ստորագրելուց հետո այն պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, և այդ ժամանակ էլ տեղի կունենան համապատասխան քննարկումները:

«Կարող է լինել վավերացման ոչ ենթակա պայմանագիր, պարզապես գործադիրն այն կարող է կնքել` ելնելով իրեն տված լիազորություններից, կարող է դա  լինել այնպիսի պայմանագիր, որը ենթակա է ԱԺ-ի կողմից վավերացման։ Ընդհանրապես, մեծավմասամբ, միջպետական պայմանագրերը վավերացվում են օրենսդիր մարմինների կողմից»,-ասաց Գարիկ Քեռյանը։
Արդյոք այս փաստաթուղթը շարունակությու՞նն է լինելու նոյեմբերի 9-ի պայմանագրի։

Միջազգայնագետն ասում է՝ խառը փաստաթուղթ է, որն իր մեջ մի քանի բաղադրիչներ ունի․ այն և՛ զինադադար է, և՛ տարածքների հանձնման մասին պայմանագիր, և՛ կոմունիկացիաներին վերաբերող համաձայնագիր։ «Ամեն ինչը միասին ինչ-որ մի խառը բան է, և, ըստ էության, իրավական առումով այն ներկայացնում է որպես եռակողմ հայտարարություն։ Հետևաբար, դա չի դիտարկվում որպես միջպետական պայմանագիր՝ Հայաստան-Ադրբեջան։ Կամ՝ միջազգային պայմանագիր չէ, դա, իհարկե, ունիկալ փաստաթուղթ է, և շատ հազվադեպ են նման բաներ պատահել պատմության մեջ։ Բայց, ամեն դեպքում, այսօր որակել դա որպես «միջպետական պայմանագիր, որը պետք է վավերացվեր», ինչու չվավերացվեց, կամ` Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր, այդ մասին, թե ոչ, դա այս 1 տարվա ընթացքում այնքան է քննարկվել, որ հիմա դրա մասին խոսելն արդիական չէ»,-ասում է միջազգայնագետը։

Իսկ նոր փաստաթուղթը կարո՞ղ է Հայաստանին նոր ցավալի անակնկալներ մատուցել։ Գարիկ Քեռյանը` որպես քաղաքագետ, վատ կանխազգացողություններ ունի։ Ասաց․ «Առաջին վատ կանխազգացողությունը վերաբերում է անկլավներին, որ, Աստված ոչ անի, հանկարծ ու այդ փաստաթուղթը ներառի  անկլավների վերադարձ»։ Քեռյանը հուսով է, որ որոշված լինի՝ անկլավների հարցում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Երկրորդ անհանգստությունն այն է, թե  կոնկրետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ որ քարտեզներով են առաջնորդվելու կողմերը, որովհետև մեծ տարբերություններ կան 20-30-ականներից մինչև 70-80-ականների քարտեզային փոփոխությունները, որոնք փոխվել են անգամ տեղական գործադիր իշխանությունների փոխհամաձայնությամբ կամ տնտեսական նկատառումներով՝ հողատարածքների փոխանակման տեսքով։ Եվ այս առումով, միշտ տուժող կողմը եղել է Հայաստանը, քանի որ 20-ականներից հետո Հայաստանից միշտ պոկվել է, ոչ մի բան չի միացվել։

Հետևաբար, ըստ Քեռյանի, ամենանպաստավորը մեզ համար 20-ականների առաջին կեսի քարտեզն է։ Եվ 3-րդ մտահոգություն, թե դեպի Նախիջևան տրվող ճանապարհն ինչ կարգավիճակ կունենա։