Բանակի ողնաշարը ծուռ կլինի, քանի դեռ դիվանագիտությունն անատամ է

Բանակի ողնաշարը ծուռ կլինի, քանի դեռ դիվանագիտությունն անատամ է

Հանրության մեծագույն մասը, տուրք տալով իշխանության քարոզչական մեքենայի կեղծ պնդումներին, արցախյան երկրորդ պատերազմը եւ մեր պարտությունը համարում է բացառապես ռազմական ակտ, մինչդեռ ցանկացած պատերազմ նախեւառաջ քաղաքական գործընթաց է եւ սկսվում, ընթանում ու ավարտվում է քաղաքական նպատակների համար։ Պատերազմից անմիջապես հետո մեղքը բանակի վրա դնելը հանրության գիտակցության մեջ սերմանեց հենց ռազմական պարտության բաղադրիչը՝ մոռացնելով քաղաքական եւ դիվանագիտական տապալումները։

Ե՛վ հետպատերազմյան ամիսների ռազմական դրությամբ, ե՛ւ ՊՆ-ի ու ԳՇ-ի ներկայիս լռակյացությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ մենք ամբողջական տեղեկատվություն ունենք սահմանագծում տիրող վիճակի եւ դիրքային փոփոխությունների մասին, բայց փաստ է՝ Ադրբեջանը, որպես նախահարձակ կողմ, շարունակաբար մարսում է իր բոլոր  արկածախնդրությունները՝ չարժանանալով հայկական զինուժի դիմադրությանը:
Հետպատերազմյան ցանկացած բանակցության հիմքում ռազմական իրողություններն են, եւ կախված նրանից, թե որ կողմի զինուժն ինչ հաջողություններ է արձանագրել, ըստ այդմ էլ նախապայմաններ է թելադրում: Իսկ եթե ամեն ինչ կախված է ռազմաճակատից, եւ մեր բանակը, թիկունքում ունենալով ամբողջ հայության ներուժը, հերոսաբար պայքարում էր, մյուս կողմից՝ եթե արդեն հոկտեմբերի 19-ին քննարկվում էր 5+2 ձեւաչափով տարածքների հանձնման դիմաց պատերազմի դադարեցման տարբերակը, ինչո՞ւ այն չդադարեցվեց: Միեւնույն է՝ բոլոր տարածքները հանձնվեցին, անգամ Քարվաճառը, որտեղ թշնամին անգամ մեկ թիզ չէր զավթել։

Քչերն են այսօր հիշում, որ Արցախի կորսված տարածքի կեսից ավելին թշնամուն տրվել է գրչի մեկ հարվածով՝ պատերազմից հետո։ Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները պատերազմի ընթացքում չնվաճեց Բաքուն։ Այդ ինչպե՞ս է խոսվում բանակի պարտության, բայց դիվանագիտական հաջողությունների մասին։ Չէ՞ որ գործուն դիվանագիտությունը կարող էր տարածքների հանձնման ժամանակացույցին համահունչ՝ առնվազն գերիների վերադարձի ժամանակացույց էլ պահանջել։ Ցավալի այս ապտակն անգամ մեզ հավաքականորեն չհասունացրեց, չդարձրեց քաղաքական ազգ, փոխարենը, առավել քան երբեւէ, ակտուալ են հնչում գրող Ստեփան Զորյանի՝ մահից առաջ ասած խոսքերը՝ «պրիմիտիվ ազգ»։ Միջազգային հանրությունից հասցեական արձագանք ենք սպասում, հիասթափվում թուրքերի հետ այլ պետությունների բարեկամությունից, մեղադրում ում ասես՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, փոխանակ սեփական իշխանությանն առերեսման բերենք։ Մինչդեռ եթե իմաստուն եւ պետականածին էլիտա ունենայինք, այն մեզ կբացատրեր, որ միջազգային հարաբերություններում չարժե անիրատեսական ակնկալիքներ ունենալ:

Հայաստանի անվտանգության միջազգային երաշխիքներից ո՞ր մեկը գործարկվեց, ո՞րն էր տապալման պատճառը։ ՀԱՊԿ-ը, պարզվեց, պատերազմից 1 ամիս առաջ մեզ զգուշացրել էր վտանգի մասին, անտեսել էինք, ավելի վաղ էլ խայտառակել էինք այդ կառույցը՝ հետ կանչելով գլխավոր քարտուղարին եւ տապալելով Զասի ընտրությունը։ Այսքանից հետո ինչպե՞ս պիտի վարվեր ՀԱՊԿ-ն, մեր զինվորների փոխարեն բելառուս եւ ղազախ զինվորների՞ տեղաբաշխեր Սյունիքում ու Գեղարքունիքում։

Փաստն այն է, որ պատերազմից մեկ տարի անց առավել քան ցցուն է ոչ միայն կամ ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական եւ դիվանագիտական կատարյալ տապալումը։ Առանց այն կարգաբերելու եւ որոշակիություն մտցնելու՝ Հայաստանը երբեք չի կարող հաղթել որեւէ պատերազմում։

Դավիթ Սարգսյան