Միջանցքի հարցը լակմուսի թուղթ է

Միջանցքի հարցը լակմուսի թուղթ է

Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները մոտենում են կուլմինացիային, շուտով բոլոր խաղացողները ստիպված կլինեն բացել խաղաքարտերը։ Ամեն ինչ կանգ է առել այն կետում, որ թուրք-ադբեջանական տանդեմը միջանցք է պահանջում Հայաստանից՝ մի բան, որն ուղղակի կործանարար է Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ այս հարցում ներգրավված են շատ ավելի լուրջ խաղացողներ, որոնք առայժմ փորձում են պրոցեսներին միջամտել ոչ բացահայտ կերպով։ Այս գաղտնիությունը պայմանավորված է նրանով, որ բոլորը շատ լավ հասկանում են, թե այդ միջանցք կոչվածն ինչ մեծ հարված է՝ ուղղված Հայաստանի սուվերենությանն ու անվտանգությանը, ուստի դրան կողմ արտահայտվողը միանգամից կթիրախավորվի եւ կհամալրի Հայաստանի թշնամիների շարքերը։ Հետեւաբար, միջանցքի համար պայքարն ընթանում է այլ մեթոդներով, իսկ հայաստանյան մեդիատիրույթ են նետվում տասնյակ ֆեյք վարկածներ, որ այդ խառնաշփոթի մեջ ոչ ոք չկարողանա կողմնորոշվել, եւ շառլատաններն իրենց բաժին ձուկը որսան պղտոր ջրերում։

Միեւնույն ժամանակ, խնդիրն այնքան բարդ եւ անլուծելի է, որ դրանով հետաքրքրվածներին, միեւնույն է՝ չի հաջողվի երկար թաքնվել, ուշ թե շուտ՝ բոլորը ստիպված են լինելու բացել խաղաքարտերը։ Առայժմ բոլորը զբաղված են ժողովրդին մոլորեցնելով եւ առաջ են քաշում տարբեր վարկածներ՝ սկսած նրանից, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է, ով մտադիր է խոշոր խաղացողներին շրջանցելով՝ միջանցք տրամադրել թուրքերին, վերջացրած նրանով, որ նա ռուսական ԿԳԲ-ի գործակալ է, ով ժամանակին ներթափանցել է սորոսականների շարքերը, մոլորեցրել նրանց, նրանց միջոցով եկել իշխանության եւ հիմա իրականացնում է ռուսական դավադիր ծրագիրը, որը ռուսները չէին ցանկանա իրականացնել ռուսամետ քաղաքական գործչի ձեռքերով։ Այս ցնդաբանությունները հնչեցնողները գուցե հավատում են իրենց բարբաջանքներին, բայց նրանց միջոցով մեդիա տիրույթում աղմուկ առաջացնողները շատ կոնկրետ խնդիր են լուծում։ Փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում՝ հենվելով միմիայն փաստերի վրա։ 

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությամբ բանակցություններ չեն եղել եւ չեն կարող լինել, քննարկվում է ապաշրջափակման հարցը։ Այստեղ անհանգստացնողն այն է, որ ՀՀ վարչապետի կողմից հնչեցվող տարբերակն էականորեն տարբերվում է մյուս կողմից հնչող պահանջներից, որովհետեւ ապաշրջափակումը չի կարող համեմատվել միջանցքի հետ, դա նույնն է, որ տնտեսական եւ բարեկամական կապեր ամրագրող պայմանագիրը համեմատենք կապիտուլյացիոն ակտի հետ։ Իսկ դրանք համեմատելի չեն, հնարավոր չէ մեկը մյուսով փոխարինել։ Միջանցքը ստրատեգիական, ռազմական եւ աշխարհաքաղաքական հաղթանակ է թուրքական կողմի համար, ինչը հեռանկարային խնդիրներ է լուծում նրանց համար։

Ապաշրջափակումն ընդամենը տնտեսական, կոմունիկացիոն, ինչ-որ տեղ՝ հումանիտար բնույթի ուտոպիստական դատարկ ծրագիր է՝ «բոլորը բոլորի հետ պիտի լինեն համերաշխ, առեւտուր անեն եւ ապրեն առողջ ու երջանիկ» շարքից։ Որքան էլ փորձեն բառախաղ անել կամ տնտեսական փաստարկներ բերել, միեւնույն է՝ բոլոր լուրջ գործիչները հասկանում են, որ ապաշրջափակման մեջ ռիսկերն ու վտանգներն ավելի շատ են, քան ենթադրյալ շահը, եւ այն մոտ ապագայում իրագործելի չէ։ Բնական է, որ թուրքական կողմը չի համաձայնի ապաշրջափակմանը, կփորձի ստանալ իր գլխավոր տրոֆեյը՝ միջանցքը, իսկ մենք ոչ մի պարագայում չպիտի տրամադրենք այն։ Թուրքիայի նախագահը բաց հայտարարեց, որ ինքը Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ չունի, մինչեւ Հայաստանը միջանցքի հարցում համաձայնություն չտա։

Դրան ի հակադարձում՝ Հայաստանի կողմից պետք է հնչեր պատասխան` այդ դեպքում մենք էլ քննարկելու ոչինչ չունենք։ Փոխարենը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ինչ-որ ծուռումուռ մտքեր հայտնեց, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես ինչ-որ լղոզված հայտարարություններ արեցին, եւ բնական է, որ իշխանությունների այս վարքագիծը շատերին է անհանգստացնում։ Ոմանց մոտ մտավախություն կա, որ մեր իշխանությունները կարող են դավադիր գործարքի գնալ՝ բավարարելով թուրքերի պահանջները, ինչն իսկական դավաճանություն եւ դավադրություն կլինի, եթե որեւէ մեկն անգամ փորձի Հայաստանը կիսող միջանցքի շուրջ բանակցել։ Ցանկացած մեկը, ով կասի, որ կարելի է միջանցքի հարցով բանակցել թուրքերի հետ, միանշանակորեն դավաճան է, ցանկացած արտաքին ուժ, որը կփորձի դրդել մեր իշխանություններին այդ քայլին, պետք է համարվի թշնամի: Մենք առայժմ չենք կարող մատնացույց անել այն ուժին, որը կանգնած է այս ամենի ետեւում, բայց մեր դիրքորոշումը պետք է հստակ ձեւակերպենք։ 

Ինչ վերաբերում է միջանցքի թաքնված շահառուին, ապա որքան էլ ռուսներին մատնացույց անեն, դա արժանահավատ չի թվում, քանի որ այդ միջանցքն ուղղված է հենց Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Այլ բան է, որ Ռուսաստանը նախապես չբացառեց բանակցային գործընթացը՝ գուցե մտավախություն ունենալով, որ մյուս ուժերը կփորձեն դուրս մղել իրեն այս պրոցեսներից, եւ իրենք կկորցնեն պրոցեսների վրա ազդելու լծակները։ Չի բացառվում, որ այս մանյովրով ռուսները պարզապես ժամանակ շահեցին, որպեսզի ավելի հիմնավոր ծրագիր մշակեն եւ վիժեցնեն այս պրոյեկտը։ Այն փաստարկը, որ միջանքը ռուսները պետք է հսկեն, չի կարող լուրջ երաշխիք հանդիսանալ, հասկանալի է, որ թուրքերի հաջորդ քայլերն ուղղված էին լինելու նրան, որ ռուսներին հեռացնեին ճանապարհից եւ շահագործեին այն։

Ինչ վերաբերում է 6-ի հարթակին, որը ոմանք անվանում են «Հիվանդասենյակ համար 6», ապա ԱՄՆ պաշտպանության նախարարին հակադարձելիս Մարիա Զախարովան հիշեցրեց, որ դա ռուսական պրոյեկտ չէ, այլ՝ թուրքական, Ռուսաստանն ընդամենը համաձայնել է այն գաղափարին, որ տարածաշրջանային նշանակության հարցերի մի մասը քննարկեն այս հարթակի շրջանակներում։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն, որ Ռուսաստանը խաղում է երկրորդ համարով եւ ընդամենը փորձում է մնալ խաղի մեջ՝ իր շահերին հակասող գործընթացները կասեցնելու կամ մեղմելու նպատակով։ Ակնհայտ է նաեւ, որ այս հարցում մենք ունենք բնական դաշնակիցներ` ի դեմս Իրանի եւ Հնդկաստանի, թեեւ նրանք, առանձին վերցված, ազդեցիկ գործոն չեն միջանցքի պրոյեկտը ձախողելու հարցում։ Չի բացառվում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի հրատապ այցը Վրաստան նույնպես պայմանավորված էր միջանցքի հետ կապված բարդություններով։ 

Ամեն դեպքում, սրանք ընդամենը վարկածներ են, որոնք կարելի է քննարկել, բայց մենք չպետք է նախատրամադրվածություն ունենանք որեւէ պետության նկատմամբ, այլ պետք է ելնենք սկզբունքից, որ չենք տրամադրելու միջանցք` ոչ մի դեպքում, ոչ մի պետության միջամտության պարագայում: Ով այս հարցում մեզ հետ է՝ մեր դաշնակիցն է ու բարեկամը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում նույնպես պետք չէ սեւ կատու փնտրել, ամեն ինչ շատ պարզ է՝ միջանցքը լակմուսի թուղթ է, այն քաղաքական ուժերը կամ անհատները, որոնք կողմ են այդ գաղափարին, կփորձեն հասնել դրա իրագործմանը, պետք է գիտակցեն, որ պայքարում են Հայաստանի Հանրապետության դեմ։

Սա այն հարցը չէ, որը կարող է լուծվել ռազմական ճանապարհով` պետք չէ ժողովրդին վախեցնել դատարկ խոսակցություններով, դա փորձելու են լուծել ներքին եւ արտաքին ճնշումների միջոցով, հետեւաբար, գործիք հանդիսացող բոլոր անձինք պետք է հստակ գիտակցեն, որ գործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Սրանք քաղաքական էժանագին խաղեր չեն, զոհասեղանին Հայաստանի գոյության հարցն է, եւ կարեւոր չէ, թե ով է արեւմտամետ, ռուսամետ կամ իրանամետ։ Բոլորս ենք պարտավոր լինել ռուսամետ, եթե Ռուսաստանն այս հարցում մեզ աջակցում է, եւ արեւմտամետ, եթե Արեւմուտքն է կանգնած մեր կողքին: Իսկ Հայաստանի գործող իշխանությունները պետք է ավելի հստակեցնեն իրենց դիրքորոշումը, որպեսզի ժողովրդի համար տեսանելի դառնա, թե ովքեր են մեր բարեկամները, ովքեր` հակառակորդներ

Պողոս Պողոսյան