Սողացող հեղաշրջման ստվերները
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում մի քանի անգամ պետական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ:
Առաջին փորձը մայիսի 18-ին էր, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորման որոշումը, ազատ արձակելով վերջինիս: Դրանով իսկ ՀՀ դատական համակարգն ազդարարեց դատական անկախությամբ քողարկված դատաիրավական հեղաշրջման մասին, երբ դատական համակարգն առաջնորդվում է ոչ արդարադատության իրականացմամբ, այլ կա՛մ տրվում է քաղաքական ճնշումների, կա՛մ միավորվում է ընդդեմ պետական իշխանության մյուս ճյուղերի՝ անտեսելով հասարակական եւ պետական անվտանգության հնարավոր սպառնալիքները:
Այս որոշմամբ դատական համակարգը միավորվեց նաեւ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կառավարման՝ իր կազմակերպված բողոքը հայտնելով նրա իշխանությունից: Հայաստանյան կոռումպացված դատաիրավական համակարգը հեղափոխությունից հետո օտարվել էր՝ հայտնվելով հեղափոխության մերժված ազգականի կարգավիճակում, որին թեպետ անկախություն էին շնորհել, սակայն չէին տվել անկախության իրական երաշխիքներ՝ փորձելով նաեւ վերահսկել համակարգի կոռուպցիոն հարստացման ռիսկերը: Բացի այդ, համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները նախկին իշխանությունների եւ քաղաքական համակարգի հետ կապված էին թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ անձնական կասկածահարույց կապերով:
Դատական համակարգի այսօրինակ համակարգային ընդվզման մեջ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի դերն ու մասնակցությունը դեռ պետք է ծառայողական հետաքննության առարկա դառնան: Մանավանդ որ, նրա պաշտոնավարումը հակոտնյա է հեղափոխության նպատակներին: Սահմանադրական արդարադատությունը Հայաստանում հողմացրիվ արած ՍԴ նախկին նախագահը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հիշում է ՀՀ ստանձնած «միջազգային պարտավորությունները», զգուշացնում՝ «ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտանգավոր նախադեպ», պահանջում՝ համակարգի «վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմանադրական եւ ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը»:
Գագիկ Հարությունյանը ՀՀ նորագույն շրջանի ողջ պատմության ընթացքում դարձել է իշխանության բազմակի բռնազավթման աջակիցը, վավերացնողը եւ քաջատեղյակ է պետական հեղաշրջման իրականացման մեթոդներին ու գործիքներին:
Պետական հեղաշրջման երկրորդ փորձի կազմակերպիչները Ղարաբաղի նախկին եւ ներկա նախագահներն էին՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը եւ նրանց երաշխավորությունը, ավելի որոշակի՝ միջամտությունը Քոչարյանի դատաքննությանը, ինչն էլ դարձավ վերջինիս ազատ արձակման առիթ ու հիմք: Ղարաբաղյան ծագման ղեկավարներից վերջապես ազատագրված Հայաստանում այդ երաշխավորությունն ընկալվեց որպես Հայաստանի «վերագրավման» փորձ, ինչը կանխատեսելի հակազդեցություն առաջացրեց: Մանավանդ որ, Երեւան տեղափոխված ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մշտապես ընկալվել է որպես Քոչարյանի աջակից եւ հովանավորյալ, ուստի եւ նրա միջամտությունը դատական գործընթացին ընկալվում է որպես Քոչարյանի միջամտություն: Տարակուսելին ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի ներգրավումն է այս գործընթացին: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, հեղափոխության օրերին Ղարաբաղի ղեկավարությունը զուսպ եւ հավասարակշիռ կեցվածք դրսեւորեց, երբ հեղափոխական Հայաստանում վախենում էին Ստեփանակերտի ռազմական միջամտության փորձից: Միաժամանակ, հարկ է հիշել, որ ՀՀ նոր իշխանությունները Ղարաբաղի իշխանության հանդեպ ժամանակ առ ժամանակ ցուցաբերում էին քամահրական եւ կոշտ վարքագիծ:
Պետական հեղաշրջման մյուս փորձն իրականացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Եվրոպա եւ Չինաստան կատարած բարձրակարգ զբոսանքից վերադառնալուց եւ դատարանի հայտնի որոշումից հետո, մայիսի 20-ին կոչ արեց քաղաքացիներին շրջափակել դատարանների շենքերը՝ արգելափակելով ելումուտը՝ դրանով իսկ դատական իշխանության ուզուրպացիայի փորձ կատարելով:
Ակնհայտ է, որ հեղաշրջման այս բոլոր փորձերի հիմքում Ռոբերտ Քոչարյանի դատաքննությունն է, որը դառնում է ոչ միայն դարի գործը, այլեւ հեղափոխական իշխանությունների միակ գործը:
Աշխարհում հասարակայնորեն հնչեղ մեծ դատավարությունները տեւական ժամանակ իրենց վրա են բեւեռում հանրության ուշադրությունը՝ դառնալով նաեւ հասարակական հուզումների պատճառ: Քոչարյանի դատաքննությունը սպասելի էր, որ կհայտնվեր հանրային ուշադրության բեւեռացման կիզակետում: Միաժամանակ ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունն այս գործին լրացուցիչ ուղղորդված շիկացում հաղորդեց: Հեղափոխությունը եւ պետականաշինությունը փառահեղորեն ձախողած, առանց քաղաքական օրակարգի ապրող նոր իշխանությունը այս դատաքննությամբ հանրությանը փորձում էր տեղափոխել բախման եւ հակամարտության նոր օջախ, քանի որ անհանգիստ կառավարումը միակ բանն է, որ հաջողվում է անել կիսաընդդիմադիր կիսաիշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանին: «Քոչարյանի գործը» Փաշինյանը համարում է իր պատվի գործը, անտեսելով այն օրինաչափ հարցադրումները, թե ինչու նախկին իշխանության այլ հանրահայտ ներկայացուցիչները եւս մեղադրյալի աթոռին չեն:
Միաժամանակ, այս դատավարության հանրային ընկալումը նման է «Եվրատեսիլի»՝ հայ հանրության ընկալումներին, երբ ողջ հայության ներուժն օգտագործվում է Հայաստանի թեկնածուի օգտին քվեարկելու եւ նրա հաղթանակն ապահովելու համար (ինչպես վարվեց Քոչարյանի իշխանությունն իր ապագա հարսի հաղթանակն ապահովելու համար), իսկ «Եվրատեսիլի» թեկնածուի տապալումից հետո ծայր է առնում համազգային ողբը:
Քոչարյանը, իհարկե, «Եվրատեսիլ» մեկնած երգիչ չէ, սակայն նրա դատավարությունը վեր հանեց ոչ միայն հայկական համակարգի ողջ արատները, այլեւ արթնացրեց ծանր հիշողությունները նրա կառավարման տարիների մասին: Ընտրություններ կեղծելուց մինչեւ իշխանության բռնազավթում, մամուլի եւ ազատ խոսքի ճնշումներից մինչեւ «Առագաստ» սրճարանում կատարված սպանություն, ընդդիմադիրների ազատազրկումից մինչեւ Մարտի 1-ի արյունալի սպանդ:
Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե փախչի արդարադատությունից, սակայն նա կարող է դառնալ հակահեղափոխության կազմակերպման օջախ: Այս ամենում ամենամեծ մեղքը հենց Փաշինյանինն է, ով ավելի շուտ զբաղվում է իր իշխանության գլխին կախված սպառնալիքների վնասազերծմամբ, քան պետականաշինությամբ: Քաղաքականության մեջ ոչինչ անհետեւանք չի անցնում, եւ մսխված հնարավորությունները եւ ժամանակը չեն վերադառնում, եւ այժմ թե՛ Փաշինյանը, թե՛ Հայաստանը ստիպված են թանկ վճարել այդ ամենի համար:
Քոչարյանի դատական գործը սպառնում է դառնալ հետհեղափոխական Հայաստանի ամենալուրջ փորձություններից մեկը: Գուցե եւ մի օր կգա Քոչարյանին ներում շնորհելու ժամանակը, սակայն ո՛չ այսօր, ո՛չ վաղը, մանավանդ որ հայոց պետականությանը նրա հասցրած վնասները ծանր հետեւանքներ են ունեցել: Ցավալի է, որ ՀՀ ղեկավարներից մեկը մեղադրյալ է, սակայն դա նաեւ դաս է նախկին, ներկա եւ ապագա մնացյալ բոլոր ղեկավարների համար:
Քաղաքացիները, իհարկե, չեն կարող փոխել դատավարության ընթացքը եւ ազդել դատարանի որոշումների վրա, սակայն քաղաքացիները կարող են մերժել համակարգը՝ դրանով իսկ Հայաստանում առաջացնելով հեղաշրջումների նոր օջախներ:
Սողացող հեղաշրջման ստվերները հետապնդում են Հայաստանին՝ սպառնալով մեր երկիրը մղել մեծ փակուղի: Հեղաշրջման այսեւայլ փորձերից մեկը կարող է եւ հաջողվել, եթե մեր երկրում չհաստատվի արդյունավետ, արդար եւ ժողովրդավարական կառավարում:
Կարծիքներ