Ի՞նչ նշանակություն ունի, թե կորուստների դեպքում ով է լինելու պատասխանատուն

Ի՞նչ նշանակություն ունի, թե կորուստների դեպքում ով է լինելու պատասխանատուն

Եվ այսպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին ժամանելու են տարածաշրջան։ Հայաստանի պաշտոնական աղբյուրները կհաղորդեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆանո Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Վարչապետի հետ նրանց հանդիպման մասին հաղորդագրությունն ավանդաբար սուղ եւ ոչ ինֆորմատիվ կլինի, մոտավորապես այսպես․ «Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան եւ կարեւորել նրանց դերակատարությունը՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»:

Եվ վերջ։ Իսկ ուրիշ ի՞նչ կարող էինք ակնկալել։ Մի՞թե Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների եւ միջնորդների հանդիպումների մասին պատմող հաղորդագրություններում պետք է տեղ գտնեն վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խմորումների մասին ինչ-ինչ ակնարկներ։ Այն խմորումների, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ԼՂ հակամարտությանն ու հնարավոր զարգացումներին։ Եթե անգամ այդ հանդիպումներում ինչ-որ անդրադարձ լինի ներքին զարգացումներին, կապված, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ու այդ առիթով քաղաքական տարբեր ճամբարներից, նաեւ Ստեփանակերտից միմյանց վրա շպրտվող ցեխի հետ, ապա դժվար թե այդ մասին պաշտոնական «խոստովանություն» լինի, քանի որ այդ դեպքում հաղորդագրությունների հեղինակները շատ անհաճո մանրամասներ պիտի բացահայտեն։ Ենթադրենք՝ նշեն, որ միջնորդների հետ հանդիպմանը զրուցակիցները քիչ հավանական են համարել ռազմական նոր բախումների վերսկսումը, իսկ եթե այդպիսիք, այնուամենայնիվ, լինեն, դրանց պատասխանատվությունն ընկնելու է․․․ Քոչարյանի ազատմամբ պայմանավորված՝ ներքաղաքական խժդժությունների հեղինակների վրա։

Հիշեցնենք՝ վերջին օրերին ով չի ալարել, այդ խմորումները կապել է հավանական նոր պատերազմի պատասխանատվությունը միմյանց (ուշադրություն՝ ոչ ադրբեջանական կողմի) վրա դնելու ձգտումի հետ։ Կառավարամետ ուժերի մի մասը կամ, ավելի ճիշտ՝ նրանց սատարողները տարբեր խողովակներով ազդարարում են ներկայումս Ստեփանակերտը ներկայացնողների միջամտության, հնարավոր հակահեղափոխության, այդպիսով՝ նոր պատերազմ սադրելու հնարավորության մասին՝ չմոռանալով հավելել, որ այդ դեպքում մեղքն ամբողջությամբ ընկնելու է միջամտողների վրա, որոնք միաժամանակ մի քանի հարց են լուծում՝ ազատում են իրենց զինակից ընկերոջը, զուգահեռաբար փորձում են կյանքի կոչել ԼՂ խնդրի լուծման, ասենք՝ մոսկովյան տեսլականը, պատվեր են կատարում եւ այլն, եւ այլն։ 

Հակադիր ճամբարից հնչող մեղադրանքները գրեթե նույնն են, բայց տրամագծորեն հակառակ դիրքերից․ իշխանությունը, չունենալով հակամարտության կարգավորման սեփական հայեցակարգը, նաեւ ձգտելով հրաժարվել բանակցային նախկին ձեւաչափերից, այդպիսով ձախողելով գործընթացը՝ փորձում է դարձյալ ակտիվացնել ավանդական «հայաստանցի-ղարաբաղցի» հակասությունների գործիքը, բացասական զարգացումների պարագայում հնարավորություն ապահովելով հնարավոր բախումների, առավել եւս՝ ռազմական պարտությունների պատասխանատվությունը դնել «հակահեղափոխականների», քոչարյանականների, ղարաբաղցիների, բազմաթիվ այլ ուժերի վրա։ 

Անշուշտ, դատավորի կեցվածք չենք ընդունելու, չենք փորձելու պարզել, թե այս ճամբարներից հնչող փաստարկներից որոնք են ավելի ուժեղ, եւ կամ ովքեր են ավելի ճիշտ։ Հնարավոր է՝ ինչ-որ բաներ ճիշտ են, ինչ-որ բաներ՝ սխալ, բայց համաձայնեք՝ դա ի՞նչ նշանակություն ունի։ Ի վերջո, Աստված մի արասցե, եթե դեպքերը զարգանան վատագույն սցենարով՝ լինեն բախումներ, կորուստներ, ժողովրդի համար բացարձակ նշանակություն չի ունենալու՝ պատասխանատվությունը Պողոսի՞ վրա է, թե՞ Պետրոսի․․․ ու թքած, թե պատմության դատարանը նրանցից հատկապես ում կնստեցնի մեղադրյալի աթոռին։ Փաստն այն է, որ տեղի են ունենում բավականաչափ վտանգավոր գործընթացներ, եւ առաջին հերթին հարկ է գոնե ընդհանուր գծերով հասկանալ այդ գործընթացների անատոմիան։ Գոնե հնարավոր հետեւանքները կանխելու համար։

Համանախագահների առաջիկա այցը գուցե պլանավորված է, սակայն խորհրդանշական է, որ այն տեղի է ունենալու հենց այս բարդ օրերին։ Համանախագահները վերջին տարիներին միայն մեկ բան են կարողանում անել, այն էլ ոչ հաջողությամբ՝ քիչ թե շատ զսպել լարվածությունը շփման գծում։ Հաշվի առնելով հակամարտության բարդությունն ու խորությունը, նրանցից ավելին հնարավոր էլ չէ ակնկալել։ Ենթադրելի է, որ գուցե ինչ-որ վտանգներ զգալով՝ նրանք այժմ էլ նույն առաքելությամբ են պատրաստվում գալ։ 

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա ամենահիմար բանը, որն այժմ կարելի է անել, նրանց պատերազմի պատրաստվելու մեջ մեղադրելն է։ Նրանք դա անում են արդեն 2 տասնամյակից ավելի եւ դա, գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից, իրենք ինչ-որ չափով հիմնավորել են։ Իսկ եթե հայկական ուժերն իրենց, մեղմ ասած, ոչ խոհեմ պահվածքով Բաքվին լրացուցիչ քարոզչական նվերներ են մատուցում, դա նույնպես ադրբեջանցիների մեղքը չէ, ավելի շուտ՝ պատեհություն է։ 

Այժմ Հայաստանի, նաեւ Արցախի զանազան ուժերին սթափվելու ու համախմբվելու կոչ անել՝ նույնն է, թե ոչինչ չանել։ Անիմաստ է։ Թերեւս հարկ է բոլոր կողմերին հիշեցնել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, անկախ ինչ-ինչ պատասխանատուների առկայությունից, գրեթե ամբողջությամբ մնաց 18-ամյա հերոս պատանիների փխրուն ուսերի վրա։ Բնականաբար, չլինեին այդ պատասխանատուների թույլ տված սխալները, զոհերն ավելի քիչ կլինեին։ Բայց պետք չէ ակնկալել, թե 18-ամյաները հիմա էլ պետք է իրենց արյամբ մաքրեն բոլոր իրական պատասխանատուների սխալներն ու պարզերես անեն նրանց։ Վստահաբար, նրանք կցանկանան, բայց հնարավոր է, որ այս անգամ չկարողանան, ի վերջո՝ երեխաներ են։ Պարզագույն ճշմարտություն, որը, պարզվում է, շատ դժվար է ըմբռնել։ Հետաքրքիր է՝ համանախագահների հետ այս մասին զրուցելո՞ւ են։

Դավիթ ԶԱՎՅԱՆ