Չղջիկների ժամանակը

Չղջիկների ժամանակը

Իմ ընկերուհի Սոնան զանգեց։ Չասաց, ինչպես ամեն անգամ կասեր` սրճե՞նք միասին։ Ասաց` մի բան գրիր։ Ինչի՞ մասին, վիրուսի՞, ես ի՞նչ գիտեմ վիրուսի մասին՝ հարցրեցի։ Չէ՛, դու սիրո մասին գրիր, կարեւորը սերն է՝ պատասխանեց։ Ու վերջ, միասին սրճելու մասին ոչ մի խոսք։

Սա մեր նոր իրականությունն է, որի առիթը վիրուսն է։ Դրա մասին բոլորս ամեն ինչ գիտենք եւ ոչինչ չգիտենք։ Ասում են` չղջիկներն են մեղավոր, թե չինացիները։ Ոչ ոք չգիտի, եւ երբեւէ չի իմացվելու` այս վարակը լաբորատորիաներո՞ւմ է ստեղծվել, թե՞ չղջիկներն են տարածել, երկու դեպքում էլ մենք` մարդիկս ենք մեղավոր։ Առաջինի դեպքում մենք կարող էինք վայրի բնության կենսամիջավայրը թողնել չղջիկներին, որ իրենց բացիլները չբերեին մեր միջավայր, երկրորդի դեպքում պարզապես կարող էինք մարդ լինել։

Եվ այսպես, մի քանի օրում արհեստական բանականությունը հաղթեց հողեղեն բանական մարդուն` անհույս տապալելով մեզ` իրավաբաններիս, քաղաքագետներիս, փքաբլիթներ թխողներիս եւ վաճառողներիս, կոշկակարներիս, լրագրավաճառներիս, պարապ երազողներիս, խիստ զբաղված թվացող բանկիրներիս, թերեւս բոլորիս, թեթեւակի խնայելով ավելի կարեւորներիս, ասել է թե՝ մեր ժամանակի կենսունակներին… Անցումային այս շրջանը ես կկոչեմ Չղջիկների ժամանակ. մենք փակված ենք տներում, չղջիկներն ազատ ճախրում են։ 

Անմեղ մարդը երբեք այսքան վտանգավոր չէր եղել. ահա, խեղճուկրակ մի ծերունի, ում հետ պատարագի ժամանակ նույն օդը շնչելը կարող է լինել մահացու վտանգավոր նախեւառաջ հենց նրա համար։ Եվ, ուրեմն, հիմա՝ Չղջիկների ժամանակ, բոլորս շատ վտանգավոր ենք։ Մեր հին աշխարհն այլեւս չկա, մենք վկան ու ակամա մասնակիցն ենք նոր աշխարհակարգի կառուցման։

Որքան էլ որ հին աշխարհն ինձ ավելի դուրեկան է թվում, մեկ է, անուղղելի լավատես եմ, վստահ, որ նոր աշխարհն էլ հնի պես լավն է լինելու։ Մանավանդ, որ բոլորս էլ ձգտում ենք ավելի լավը դառնալ։ Սիրուց, հավատից եւ անճարությունից  հայացքներս աստվածներին ենք ուղղել, բոլոր աստվածներին` Քրիստոսին, Մուհամեդին, Բուդդային… Ամեն երկիր դարձել է  համերաշխության, կարեկցանքի, բարության, ազգային ոգեղենության կրող։ Ես արդեն նշմարում եմ ապագայի պատմության դասագրքերը` լցված Չղջիկների ժամանակի հերոսների մասին պատմող հերոսապատումներով. նրանք բժիշկներ են, մանկավարժներ, հոգեբաններ, կամավորներ… Նրանք մեր նոր աշխարհի հերոս-մահապարտներն են, եւ նրանց շարքերում վարձկաններ չկան։ 

Հին ու նոր աշխարհներից փչող միջանցիկ քամիների այս խաչմերուկում մենք զտում ենք ոչ միայն մեր շնչած  օդը, այլեւ մերոնց` մեր շրջապատը` մարդկանց, որոնց օդի պես կարեւոր ենք կարծել։ Հիմա ամենքս ընդամենը երկու տասնյակ իրական մարդ ունենք, որ կմասնակցեն մեր հարսանիքին կամ հուղարկավորությանը։

Պերճասերներն ու ցուցամոլները՝ որպես այդպիսիք, կվերանան շուտով, որովհետեւ ճաճանչափայլ փառատոները չեղարկվում են, գեղեցկության սրահները փակվում են, հիմա անգամ ամենաշքեղ ռեստորանում պատրաստված սնունդը կարող է վտանգավոր լինել։

Գործուղումների, դասընթացների ու ժողովների սովոր տեղակալների, խորհրդականների ու օգնականների համար նոր աշխարհն անըմբռնելի ու ձանձրալի կթվա։ Գնալու տեղ չի մնում, անգամ նախագահական ընտրություններն էլեկտրոնային կդառնան։ Իսկ երբ արդեն օրենքները սկսեն փոխվել, եւ հները դադարեն գործել, բոլորս նախեւառաջ ապշելու ենք` բայց դրանք օրենք են, ինչո՞ւ, ինչպե՞ս։ Հետո հարմարվելու ենք` սահուն, անցնցում եւ երբեմն հին աշխարհին բնորոշ ըմբոստության ալիքներ բարձրացնելով։ Մենք այսպես ենք քարանձավներից հասել այստեղ։ Քարանձավներում ունեցել ենք սիրո եւ գոյապահպանության ուրիշ ձեւեր, որոնք թողել ենք այնտեղ. հիմա վախով եմ մտածում, որ կարող է մեզ արգելեն սիրել միմյանց, չլինի թե եկել է սերը հին աշխարհում թողնելու եւ այլեւս անսեր ապրելու ժամանակը…

Տարիներ առաջ, երբ Սոֆյա անունով ռոբոտը եկավ Հայաստան, հայտարարեց, թե մարդու եւ ռոբոտի միջեւ կարող է սեր լինել, ու բոլորը ծափահարում էին նրան, լուսանկարվում նրա հետ, ես ցավում էի մեզ` մարդկանց  համար, որ, ի տարբերություն Սոֆյայի, թեեւ սիրել գիտենք, բայց հիվանդանում ենք, ծերանում ենք, կորցնում ենք մեր հիշողությունն ու աչքերի փայլը, որ չարանում ենք, հեռանում ենք իրարից, յոթ լեզու ենք սովորում եւ ոչ մի կերպ չենք հասկանում իրար, մսխում ենք մեր սերը բազմամարդ քաոսներում, հիասթափվում եւ ատում ենք, թալանում ենք միմյանց սրտերը, աշխարհի խանութները, դաշտերն ու անտառները, ծովերն ու օվկիանոսները, երկինքն ու երկիրը, չէ՛, չենք հագենում, էլի ենք ուզում, ժամանակը քիչ է, մեր երեխաներն իրենք իրենց են մեծանում, խառն ենք, չենք հասցնում, բայց շնանալու համար միշտ ժամանակ ենք գտնում, մեզանից բացի` բոլորը մեղավոր են, անվերջ դատում ենք, գլխացավանք է, ինձ` կրկնակի սուրճ, ինձ` կրկնակի վիսկի, գերհոգնած պառկում ենք քնելու, անքնության դեմ դեղեր ենք խմում, եւ ժամեր անց զարթուցիչն արթնացնում է` նույնը շարունակելու… 

Այսպես մոտեցանք Չղջիկների ժամանակին` մենք փակված ենք տներում, իսկ չղջիկներն ազատ ճախրում են։ Մի քանի օրում կյանքն այնքան երկար դարձավ, որ հիմա կարող ենք հանգիստ շնչել, քնել, աղոթել, մտածել, թխել, կարել, նվագել, կարդալ… Սիրել միմյանց…

Սիրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ