Իմ պաշտպանած երկրում ուզում եմ պաշտպանված լինել
Աշոտ Իսախանյան անունը ոչինչ չէր ասի, եթե ամիսներ առաջ նրա շղթայակապ կերպարը չողողեր համացանցը: Երկաթե շղթան վզին՝ երիտասարդ տղամարդը քայլում է, լվացվում, տեսարաններ սիրողների համար «անմահանում» տեսախցիկի առաջ:
Մարդու պատիվն ու արժանապատվությունը ոչնչացնող այդ «ներկայացումը», ըստ երեւույթին, մի ուղերձ ուներ՝ նվաստացնել ու ստորացնել բոլոր նրանց, ովքեր չեն հնազանդվի «տիրոջ» կամքին: Աշոտ Իսախանյանն առաջիններից է, որ հայտնվեց «տիրոջ»՝ Մանվել Գրիգորյանի սարդոստայնում: Թե ինչն էր նրան գերեվարելու եւ շղթայակապ պահելու պատճառը, Իսախանյանն ինքը կասի, երբ հնարավորություն տրվի հանդիպել լրատվամիջոցների հետ:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման Իսախանյանը ձգտում է հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից: Բազմաթիվ նամակներ է գրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց որեւէ արձագանք չի եղել:
Արդեն ութ տարի է՝ Աշոտ Իսախանյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում է: Դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման: Պնդում է, որ Մանվել Գրիգորյանն է իր գլխին գործ սարքել ու զրկել ազատությունից:
Դատապարտյալը երկար ժամանակ է՝ պայքարում է պայմանական վաղաժամկետ ազատման համար: Նկատենք, որ Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածն այդ հնարավորությունը տալիս է, եթե դատապարտյալը կատարում է հոդվածում ներառված 15 կետերը:
«Ես 15 կետերն էլ ապահովել եմ, դրսեւորել եմ դրական վարքագիծ, ի՞նչն է պատճառը, որ ինձ ազատ չեն արձակում: Դատարանը շարունակ պնդում է, որ իմ հանցանք կատարելու հավանականությունը բարձր է: Թե ինչի եւ ոնց է բարձր, որեւէ հստակ պարզաբանում չկա»,- վարչապետին հասցեագրած նամակում գրել է Աշոտ Իսախանյանը:
«Ես ժողովուրդ եմ, ու նաեւ իմ քվեով Դուք դարձաք պատգամավոր, հետո՝ վարչապետ: Իսկ հիմա արհամարհում եք ինձ, ու օրենքը չի գործում: Ես Ձեզնից «Բենթլի» չեմ ուզում, ոսկե սարեր չեմ ուզում: Ես ուզում եմ իմ պաշտպանած հայրենիքում պաշտպանված լինեմ»:
Աշոտ Իսախանյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, 1990-94 թթ. ակտիվ դերակատարում է ունեցել նաեւ Հայաստանի ինքնապաշտպանական մարտերին: Տավուշի սահմանը նաեւ նրանով է անառիկ մնացել:
Ժիրայր Սեֆիլյանի, ապա նաեւ Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Իսախանյանը մասնակցել է նաեւ Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին: 1992-ին էլ, Սամվել Բաբայանի հրամանով, մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրմանը: Պատերազմի ժամանակ մի քանի անգամ ծանր վիրավորում է ստացել ու մինչեւ օրս ձեռնափայտով է քայլում: Հաշմանդամության 2-րդ կարգ ունի:
Իսախանյանը գրավոր դիմել է նաեւ արդարադատության նախարարին, խնդրել այցելել իրեն: «Իմ մարտական ընկեր ջան, եթե այցելես, ես կապացուցեմ, որ բանտերը գերծանրաբեռնված են, որ խոսելիս հիմնավոր բաներ ասես, չէ՞ որ պաշտոնյա մարդ ես: Թե չէ՝ կաբինետում նստած, հայտարարում եք՝ բանտերն այնքան էլ ծանրաբեռնված չեն…»։
Աշոտ Իսախանյանի կարծիքով՝ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում: Ասում է, որ ինքը նախկին ռեժիմի տուժածներից է ու իրենց սարքովի գեներալ Մանվելի զոհը:
«Մանվելը 22 օր ժնջիլը վզիս էր գցել ու տանջում էր: Ոտքերս կապել էր պարանով, իսկ պարանը՝ մեքենայից: Երկրապահի հայաթով այդ մեքենան ինձ քարշ էր տալիս: Երբ զգաց, որ կարամ մեռնեմ, դադարացրեց: Ի վերջո, գլխիս գործ սարքեց ու դարձրեց դատապարտյալ»:
Հայաստանի ղեկավարությանն ուղղված Աշոտ Իսախանյանի բազմաթիվ նամակներն անարձագանք են: Այլ ելք չգտնելով՝ դատապարտյալը հիմա էլ ԶԼՄ-ներին է դիմում՝ աջակցության ակնկալիքով:
Կարծիքներ