Օպերայի սրճարանների տարհանման գծագրում ՀՀԿ-ական օլիգարխի սրճարանը ներառված չէ

Օպերայի սրճարանների տարհանման գծագրում ՀՀԿ-ական օլիգարխի սրճարանը ներառված չէ

Օպերայի շենքին հարակից տարածքները գարնանը մաքրված կլինեն սրճարաններից։

Սա այն է, ինչի մասին մայրաքաղաքի բնակիչները երազում ու խոսում են 90-ականների վերջերից, երբ նոր Երեւանի կառուցողներն անխնա ոչնչացնում էին հին քաղաքի մշակութային շերտերը, իսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում էր՝ «ժամանակ առ ժամանակ պետք է հեռացնել քաղաքի կենսագործունեությանը խանգարող մասերը»։

Նախկին քաղաքապետերից Սուրեն Աբրահամյանն էր պատկերավոր նկարագրել սրճարանատերերի եւ քաղաքային իշխանությունների ախորժակը՝ ասելով․ «Մնում է Թումանյանի բռի մեջ էլ մի սրճարան բացեն»։ 
Այժմ նոր իշխանությունը նպատակ է դրել վերականգնել Օպերայի շրջակայքի պատմամշակութային տեսքը եւ հանել սրճարանների մի մասը: Հրապարակված է գծագիր, որի վրա նշված են քանդման ենթակա սրճարանները՝ «Շոկոլադնիցա», «Ջազվե», «Մոնթալ», «Ռիչ» եւ «Ատլանտիկ»։ Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակին» հայտնեց, որ բոլոր սեփականատերերի հետ վարձակալության պայմանագրերն ավարտվել են։

«Նրանցից միայն մեկը՝ «Մոնթալ» ընկերությունը, սեփականություն հաստատող թղթեր ունի, սակայն դրանց հետ կապված իրավական խնդիրներ կան։ Մենք իրենց ծանուցել ենք, իրենց ծանուցված լինելու 1 ամիսը լրացել է հունվարի 12-ին,- ասաց Կարապետյանը։- Իրենք բոլորն էլ ինքնակամ հանձնում են այդ տարածքը՝ պայմանագրերի միջոցով։ Բացի «Մոնթալից», մնացած բոլոր սեփականատերերն այդ նույն տարածքում ունեն նաեւ այլ տարածքներ, որոնք քանդման գծագրում ներառված չեն։ Բոլորի տարածքները կիսվում են։ Կանաչապատման աշխատանքները սկսվելու են ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ։ Մենք արդեն այս տարի այդտեղ կունենանք կանաչ տարածքներ»։ 

Գծագրում քանդման ենթակա տարածքը կիսաշրջանի տեսք ունի, որի կենտրոնում Օպերայի եւ բալետի շենքն է, իսկ եզրերը հարում են Սայաթ-Նովա փողոցին։ Այս երկու հատվածները սիմետրիկ չեն։ «Saint-Tropez» սրճարանը, որը կապվում է գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան հետ, փաստորեն, չի քանդվելու։ Սա նշանակում է, որ, ի տարբերություն մյուս սրճարանատերերի, նրան հաջողվել է փայլուն հարաբերություններ ստեղծել նաեւ նոր Հայաստանի  իշխանավորների հետ։ Քաղաքապետարանում այս մոտեցումը ծիծաղելի են համարում։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը բացատրում է․ «Սեփականատերերի անունները, նրանց այլ առանձնահատկությունները չեն ազդել այս որոշման վրա»։

Հակոբ Կարապետյանը պնդում է, որ գծագիրը կազմվել է ըստ տեղանքում առկա արահետների։ «Եթե գծագիրը նայեք կամ գնաք, այնտեղ տեղում շրջեք, կտեսնեք, որ զուգահեռ արահետներ կան, որոնց գծերով արվել են նշումները»։ Երեւանցիները, սակայն, հիշում են, որ ժամանակին այստեղով անցնող արահետն ավելի մոտ էր Սայաթ-Նովա փողոցին, բայց երբ կառուցվեց «Saint-Tropez» սրճարանը, Ալեքսանյանի սրճարանի տեղն ապահովելու համար արահետը տեղափոխվեց։ Այնպես որ՝ Ալեքսանյանն այժմ էլ անձեռնմխելի է։ Դաշնակցականների 2 սրճարանները, որոնցից մեկը «Մեղեդին» է, չեն քանդվելու։ Միայն մի փոքր մասն է հանվելու։

Քանդվող սրճարանների իրական սեփականատերերի մասին մամուլը ժամանակ առ ժամանակ գրել է։ Նրանք բոլորն ազդեցիկ կապեր են ունեցել նախկին կառավարիչների հետ, որոնք այսօր կորցրել են։ «Ջազվեն» կապվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ, «Ատլանտիկի» համասեփականատերեր են եղել, ըստ բազմաթիվ հրապարակումների, երգիչ Պողոս Սաթամյանը, որը 2010 թվականին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական խմբավորման անդամներից էր, նաեւ ոստիկանության քննչական վարչության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Ղազարյանը։ «Ռիչ» սրճարանի տերը եւս լուրջ կապեր է ունեցել ոստիկանության հետ։ Նա 2015 թվականին Քիմ Քարդաշյանի այցի կազմակերպիչներից էր, որն ապահովել էր այցի փաստաթղթային մասը։ Ժամանակին այս տարածքում սրճարան ուներ նաեւ հեռուստատեսության գլխավոր տնօրեն, այժմ հանգուցյալ Տիգրան Նաղդալյանը։

Այսօր սեփականատերերի մասին տեղեկություններ չեն տրվում։ Նրանց փոխարեն հարցի շուրջ հրապարակային ելույթներ են ունենում այս օբյեկտների մենեջերներն ու տնօրենները։ 
Նրանք մտադիր են մնալ եւ շարունակում են աշխատել։ Այս պահին ակտիվորեն հավաքվում են, ծրագրեր են մշակում, թե ինչպես կարող են պահպանել բաղձալի տարածքները։ 5 սրճարանների տերերը ստորագրահավաք են սկսել։ «Մի 1500 մարդ ստորագրել է արդեն։

Մեր հաճախորդներից, աշխատողներից բացի՝ շատ մարդիկ կան, որոնք մեզ հետ կապ չունեն, բայց գալիս են, ստորագրում են, գնում են։ Նրանք են ասում, որ քանդելու մասին որոշումն ընդունել են՝ հանրային կարծիքը հաշվի առնելով։ Մենք էլ այդ փաստաթուղթը՝ որպես հանրային կարծիքի արձանագրված փաստ, ապացույց, պետք է ներկայացնենք,- ասում է «Շոկոլադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը:- Մենք մնալու ենք աշխատենք։ «Շոկոլադնիցան» ունի բոլոր փաստաթղթերը։ «Շոկոլադնիցայի» վարձակալության պայմանագիրը մինչեւ 2026 թվականն է։ Մենք այն կնքել ենք 2016 թվականին, տասը տարով։ Սպասում ենք իրենց քայլերին ու դիմելու ենք դատարան։ Հավանաբար, բոլորով համախմբված»։ Հարցին, թե կհամաձայնե՞ն գնալ այլ վարչական շրջան, ասաց՝ ոչ։ «Եթե ուզում են կանաչապատեն, թող Օպերայի հրապարակի բետոնը քանդեն, կանաչապատեն, գեղեցիկ ալեյաներ անեն։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակից սյուներ են մնացել հրապարակում, Օպերա մտնող ճանապարհները փակել են «ստոլբեքով», փող չունեն «ստոլեբքը» տանելու, բայց կանաչապատումից են խոսում։ Օպերայի տարածքում մի հատ աղբաման չկա։ Միակ աղբամանը «Շոկոլադնիցայի» մոտ է»,- նշում է մենեջերը։