«Թո՛ւ, թո՛ւ»-ից բացի, Աստված էլ ենք կանչում, որ վարակը մեզ չհասնի.  Գեղարքունիքում վարուցանքը սկսվել է  

«Թո՛ւ, թո՛ւ»-ից բացի, Աստված էլ ենք կանչում, որ վարակը մեզ չհասնի.  Գեղարքունիքում վարուցանքը սկսվել է  

Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը, վերջերս կառավարության նիստում նշել էր վարչապետ Նիկոլ  Փաշինյանը:   Գեղարքունիքի մարզում ըստ պաշտոնական տվյալների վիրուսակիրներ չկան: Թե ի՞նչպես են մարզում կազմակերպվում գյուղատնետեսական աշխատանքները  եւ արտակարգ դրության օրերին ինչպե՞ս են դիմակայում  գյուղացիները, զրուցեցինք մի քանի համայնքների ղեկավարների հետ:  

Մեծ Մասրիկի համայնքի ղեկավար՝  Արմեն Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում վիրուսի հետ կապված որեւէ խոչընդոտ չկա, գյուղացիները սկսել են գարու եւ կորնգանի  ցանքը. «Գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են, էնպես չի, որ կանգնած ա: Հիմա սպասում ենք, որ պարարտանյութ բերեն: Փողերը հավաքել ենք, բայց չենք կարողանում կապ հաստատել պարարտանյութ ներկրող ընկերութան հետ:  Երկուշաբթի արդեն դրանով կզբաղվենք»:  

«Այս  պահին, ոչ մեկը,  ոչ մի բան չի անում, բոլորը իրենց տներում նստած՝  սպասում են, հատուկ կենտ, որ վարուցանք են անում»,-մեզ հետ զրույցում ասաց   Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար` Կարո Գևորգյանը: Հարցին՝ մարզպետը արգելել էր  գյուղացիներին  մեկնել այլ մարզ՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար, Գեւորգյանն պատասխանեց.

 «Մարզպետը չի արգելում, մենք պարետ ունենք, պարետը ասում է,  ըսենցա, ուրեմն՝  ըսենցա: Մարզպետը հո՞ առանձին հրաման չի ստորագրի:   Իրականում մարզպետը շատ լուրջ զբաղվում է  տեղաշարժի հետ կապված:   Հրահանգ կա բոլորիս,  վերեւից, որպեսզի  կարողանանք,  մեկուսացման պրոցեսը մինչեւ վերջ ճիշտ կազմակերպենք, տեսնենք ինչ է լինում »:  


Գեղարքունիք մարզի Կարմիրգյուղ համայնքում եւս ընթանում են գյուղատնտեսական աշխատանքները: Համայնքի ղեկավար` Հակոբ Գասպարյանը  նշեց, որ  այս պահին վարուցանքը նորմալ ընթանում է, գյուղում գարնանացան ցորենի խնդիր ունեն, իսկ պարարտանյութն էլ մի քանի  օրից  կհասնի Հայաստան. «Անհատի հետ ենք պայմանավորվել,   պարարտանյութը մի քանի օրից Հայաստանում կլինի:    Մինչեւ կարատինի սկսվելը մեզ ասացին, որ ռուսական պարարտանյութի 1 պարկը՝ արժե 7100 դրամ:  Որ խոսում էինք,  ասեցին հնարավոր է թանկ լինի,  դոլարի գնի հետ կապված:  Մենք ցուցակագրում ենք, մեքենան կգա գյուղի մեջտեղում կկանգնի, մարդիկ իրենց պարարտանյութը կգան կտանեն:   Վիրուսի հետ տեղաշարժը քիչ ա, կարեւորը  մեր գյուղում՝  թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ դեպքը չունենք»: 

-Պարո՛ն Գասպարյան, վարչապետն էլ  էր  այդպես ասում, կարծում եք Ձեր « թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»-ն կօգնի՞,   որ մարզում, եւ ձեր համայնքում դեպքեր չգրանցվեն: 

-Մենք թու, թու –ից բացի, Աստված էլ ենք կանչում, որ վարակը մեզ չհասնի: Գյուղում կոնկրետ շատ խիստ կարատին է: Պոստեր ա դրված՝  ամենօրյա հերթապահությամբ: Առաքիչներ կան, որ տեսնում ենք,  էս պահին դրա անհրաժեշտությունը չկա չենք թողնում մտի համայնք: 

-Գեղարքունիքի մարզում վարաքի դեպքեր չեն գրանցվել,  գյուղացիները հանգի՞ստ են, թե՞ այնուամենայնիվ խուճապ կա: 

-Հանգիստ են այնքանով, որ իրենց մոտակայքում  վիրուսակիրներ չկան: Աստված չանի, եթե ընկավ, արդեն խուճապը կլինի:  Հանգիստ են, ով  էլ  իր մասին մտածում է, տանից դուրս չի գալիս: Ո՛չ աշխատանք կա,  ո՛չ էլ ինչ- որ մի բան, ո՞ւր գնան:

-Ի՞նչպես են գյուղացիները գոյատեւում: 

-Միշտ էլ,  էս ա եղել,  ուղղակի այս տարի արտագնա աշխատանքի չգնալը  շատ ավելի նեղություն ա տալու:  Հիմա, մեկը՝ թոշակով, մյուսը նիսյայով:  Էն ժամանակ գիտեր, որ ընտանիքի անդամը գնացել ա արտագնա աշխատանքի, հույս ունեին, որ նիսյա կանի,  տղեն կուղարկի, կբերի խանութի  փողը կտա: 

-Իսկ հիմա՞, երբ արտագնա աշխատանք էլ  չկա: 

-Դե հիմա, հլա որ նիսյան անում են, թե որտեղից կտան, ոչ մեկ չգիտի, թե ի՞նչ ձեւ կդասավորվի: 

-Կառավարությունը մի քանի աջակցության  ծրագրեր է մշակել, գյուղացիները հետեւում են այդ ծրագրերին:

 Գյուղացիները տեղյակ են, զանգում, հարցնում են,  ո՞նց ա ձեւ, մենք էլ ասում ենք: Էդ ժողովրդին պետք ա,   իրենք լավ էլ կարդում են,  գիտեն:  Իրենց օգտին բան ա, լավ էլ հասկանում են: