Պատերազմական իրավիճակում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում.Արամ Սարգսյան

 Պատերազմական իրավիճակում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում.Արամ Սարգսյան

Շատ կարևոր են ընտրությունների արդյունքները ու հենց այդ արդյունքներն են, որ պիտի ցույց տան, թե ինչ ձևաչափով ու պատգամավորների ինչ տոկոսային հարաբերությամբ են քաղաքական ուժերը մտնելու Ազգային ժողով։Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Մենք խորհրդարանական համակարգի կողմնակիցը չենք եղել, բայց նման խորհրդարանական համակարգը արևելքում, Իսրայելում, Ֆրանսիայում, Գերմանիայում պարտադրում է շատ արագ ընտրություններ,որովհետև իշխանությունները կոալիցիա չեն կազմում, կոալիցիաները փլվում են և ես համոզված եմ, որ այս ընտրություններում, այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը ու դա էլ կապված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորական թվերից ։Կանխատեսումներ անելը, իհարկե, բարդ է ու դժվար։ Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, թշնամին սահմանիդ կանգնած է, իսկ այդ պարագայում մենք որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Պատերազմական իրավիճակում մենք ունենք միայն ու միայն ներքին թշնամի, մենք այդ պարագայում չունենք ներքին թշնամի։ Իսկ ոչ պատերազմական իրավիճակներում մենք համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնք իրենց գաղափարախոսությունը կիսում են իրար մոտ կամ իրարից ոչ շատ հեռու»,- ասաց Սարգսյանը։

Լրագրողների հարցին, թե «Հայաստան» դաշինքի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն պատկերացնու՞մ է, Սարգսյանը արձագանքեց. «Ձեր նշած թիմի հետ մենք գաղափարախոսության առումով ունենք կատեգորիկ տարբեր մոտեցումներ։ Մեր անցած  ճանապարհների տարբերության առումով էլ այդ համագործակցությունը ոչ միայն ընկալելի չի լինի, այլ հասարակայնությունը չի ընդունի, բայց կան տարբերակներ, երբ որ հանրությունը, ենթադրենք, չի ուզենա երկրում տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արդեն այդ իրավիճակում մենք պիտի ստիպված լինենք կողմնորոշվելու։ Ես պիտի քննարկեմ մեր թիմի հետ դա, որովհետև մարդիկ կլինեն, կասեն՝ այո, պիտի համագործակցել, մարդիկ կլինեն, որ կտրականապես դեմ կլինեն դրան։ Այդ քննարկումներից հետո ես միայն կարող եմ մոտենալ ու հստակ պատասխան տալ հնարավոր համագործակցության առումով»,- ասաց Արամ Սարգսյանը։