Անմահների կյանքից. Օտտո ֆոն Բիսմարկ

Անմահների կյանքից. Օտտո ֆոն Բիսմարկ

«Երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսից հետո»։ Ինձ թվում է՝ Օտտո ֆոն Բիսմարկի այս խոսքերը որոշ չափով Նիկոլ Փաշինյանի մասին են: Ինչու որոշ չափո՞վ… Դե, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ստում է բոլոր հանգամանքներում եւ բոլոր ժամանակներում: Բիսմարկը նման բան չէր կարող նույնիսկ երեւակայել…

Ասում է՝ ոչ թե մենք ենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից: Ու մեկը չկա՝ հարցնի․ իսկ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն դուրս չի գալիս որեւէ երկրից, որտեղ արդեն մեկ անգամ մտել է: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր ՆԱՏՕ-ում, եթե մի երջանիկ պատահականությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայ լիներ, ու Նիկոլը նրան հետ կանչեր ՆԱՏՕ-ից, դատի տար, իսկ հետո էլ հրաժարվեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից: ՆԱՏՕ-ն նրա ոտքը հետույքից կպոկեր, չէ՞: Խնդրեմ, լավագույն օրինակը քթներիս տակ է՝ Թուրքիան: ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ռուսական գազ է ներմուծում ու արտահանում Եվրոպա, չի միանում Ուկրաինան ավերող արեւմտյան կոալիցիաներին, անարգել ռուսական հակաօդային համակարգեր է տեղակայում իր տարածքում, Ռուսաստանից էլ, կարծես, հողային պահանջներ չունի: Ի՞նչ եք կարծում, եթե Թուրքիան դիմի ԵԱՏՄ անդամ դառնալու համար, Արեւմուտքում մեծ շուխուր կբարձրացնե՞ն: Բացառվում է` ծպտուն չեն հանի: Ինչո՞ւ: Որովհետեւ Թուրքիան իրեն ճիշտ է պահում որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ասել է թե՝ Նիկոլի նման չի թռնում ՆԱՏՕ-ի երեսին, իսկ ՆԱՏՕ-ն էլ երաշխավորում է Թուրքիայի անվտանգությունը: Այսքան բան:

Հիմա թե ինչպես եղավ բանը, եւ ինչու է ՀԱՊԿ-ն հեռանում Հայաստանից, արդեն մեկնաբանության խնդիր է: Փաշինյանը չունի որեւէ մեկնաբանություն, քանզի այս ամբողջ պատմությունն անձամբ իր սխալների հետեւանքն է, եւ նա չի ցանկանում դա խոստովանել, իսկ այս հարցում մեղավորներ նշանակելն ուղղակի կոռեկտ չի լինի: ՀԱՊԿ-ի քարտուղարությունից մի շարքային պաշտոնյա ականջից կբռնի, կհարցնի՝ այ ընկեր Փաշինյան, իսկ ինչպե՞ս եղավ, որ ՀԱՊԿ-ն, այն էլ՝ քո անմիջական ղեկավարությամբ, արձագանքեց Ղազախստանի դեպքերին… Այո, այդ ժամանակ Փաշինյանը ճիշտ հոդվածով էր դիմել ՀԱՊԿ-ին: Մինչդեռ ասուլիսին ճղճղում էր, թե իրեն մեղադրում են սխալ-մխալ հոդվածներով ՀԱՊԿ-ին դիմելու եւ այդ պատճառով ՀԱՊԿ-ից մերժում ստանալու մեջ: Եթե դու չգիտես, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը, եթե դու քո երկրի սուվերեն տարածք մտած թշնամու ուղղությամբ որեւէ կրակոց չես արձակում, ՀԱՊԿ-ն ի՞նչ կարող է անել, ով մեծն ստախոս: Շուռնուխն ադրբեջանական ա… Ողբամ զքեզ… Քեզ նույնիսկ Զելենսկին չի կարող օգնել նման իրավիճակում:

Ես վստահ եմ, որ եթե Բիսմարկը լսեր Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած մեծադղորդ եւ ժամանակավրեպ հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա մտքում կասեր՝ ստում է: Բայց այնքան մեծ էր այդ սուտը, որ Ստեփանակերտում հավաքված ժողովուրդն ու Արցախի ղեկավարությունը հավատացին: Հավատաց ողջ հայությունը: Ոմանք նույնիսկ հուզմունքից արտասվեցին: Ի՞նչ իմանայինք, որ Նիկոլը 3 տարի հետո ասուլիս է տալու եւ պնդելու է, որ Արցախի Հանրապետությունը, ներողություն, Ղարաբաղի հայ բնակչությունն ադրբեջանցի է եւ վերջ, իսկ եթե ուզում է Ղարաբաղում ապրել, այլեւս կամքի հարց է: Բայց Փաշինյանը նույնիսկ այս հարցում է մանիպուլյացիայի դիմում: Ի՞նչ կամքի մասին է խոսքը, երբ անզեն հայ մարդուն հանձնում ես թշնամուդ ու մի բան էլ հորդորում՝ ինտեգրվել նրա հայատյաց հասարակությանը: Եվ նման բան ասում է մի մարդ, որ այդ նույն թշնամուց խայտառակ պարտություն կրելուց հետո էլ հրաժարական տալու կամք չդրսեւորեց, վախեցավ, մտածեց՝ ինձ կդատեն: Եվ ի՜նչ ստեր հորինեց, որ մնա իշխանության, քանի՜ բարձրաստիճան զինվորականի ու հերոս տղայի անուն ու հիշատակ խայտառակեց, քանիսի՜ն դավաճան հանեց, քանիսի՜ն բռնել տվեց ու դեռ շարունակում է բռնել տալ, միայն թե ինքը պլստա ու պատասխանատվության չենթարկվի:

Խաղաղության դարաշրջան՝ պարզվեց փչոց էր: Հիմա էլ ասում է՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում կսկսի, եթե մենք իրենց պահանջները չկատարենք: Վախեցնո՞ւմ է… Ես կասեի՝ իր հիմար հալով հիմարեցնում է մեր ժողովրդին: Ի՞նչ լայնածավալ հարձակում, այ տղա, Ալիեւը, ինչ է, խելքը հացի հե՞տ է կերել, որ հարձակվի ՄԱԿ անդամ սուվերեն երկրի վրա: Ի տարբերություն քեզ, Ալիեւը հաղթողի իմիջ ունի իր ժողովրդի աչքում, իսկ դու՝ խայտառակ կապիտուլյանտի: Եվ, ըստ այդմ, Ալիեւին այլ ապագա է սպասվում, քեզ՝ բոլորովին ուրիշ: Ու մի բան էլ. եթե մի երկրի ղեկավար իր ժողովրդին վախեցնում է թշնամու կերպարով, ապա նա որեւէ իրավունք չունի առաջնորդ ու ղեկավար կոչվելու:
Նիկոլի հակակոռուպցիոն ստերից չեմ ուզում խոսել: Թեման այլեւս այնքա՛ն ձանձրալի է: Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, Հայաստանում հենց այնպես մարդ չեն բռնում… Ի՞նչ ասեմ, երանի քո տիրոջը, եթե այդ ամենը ճիշտ է:

ՀԳ. Նիկոլի հակակոռուպցիոն դաստակերտը նախազգուշացնում է՝ ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանը համարվում է անմեղ, քանի դեռ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով չի հաստատվել նրա մասնակցությունը ՔՊ-շնիկների մշակած կոռուպցիոն սխեմաներին: