Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցողների համար փաստաբանություն է անում․ Սուրեն  Պարսյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցողների համար փաստաբանություն է անում․ Սուրեն  Պարսյան

Բենզինի շուկան ցնցվում է։ Տարեսկզբի համեմատ գներն աճել են ավելի քան 50 տոկոսով։ Վերջին օրերին մայրաքաղաքի լցակայաններում PREMIUM – ը վաճառվում էր  580 դրամով, ինչը մոտ 50-ից 80 դրամով բարձր էր անցյալ շաբաթվա գներից, REGULAR – ը՝   550-ով, իսկ DIESEL –ը՝  570 դրամով։ Եւ այս պայմաններում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իր պարտքն է համարում հիշեցնել իր գոյության մասին, որ ինքը կա, աշխատում է և ոչ մի արտառոց բան չի  կատարվել շուկայում։

«Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է բենզինի գնի վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը և մրցակցության օրենսդրության խախտումների դեպքում անպայման վարույթներ են հարուցվում», - հայտարարում է հանձնաժողովը։  
Ըստ ՄՊՀ-ի, բենզինի գնի տատանումները պայմանավորված են ներմուծման գնի բարձրացմամբ, և դոլարի փոխարժեքի որոշակի աճով։ Հանձնաժողովն արձանագրում է մոտ 100 տոկոսանոց գնաճ տարեսկզբի համեմատ։ «2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել է 0,41 ցենտ, իսկ սեպտեմբերին՝ 0,8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ», - հաղորդում է ՏՄՊՊՀ-ն, հիշեցնելով նաև, որ բենզինի գինը միշտ է տատանվել։ 

Իրականում Մրցակցության հանձնաժողովը չի կարողանում  վերահսկել շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններին և փորձում է արդարացնել նրանց գործելաոճը։ Սա տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքն է։ Նա համարում է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է ուսումնասիրություններ կատարեր շուկայում, բայց դրա փոխարեն ասում է՝ այս գինը լրիվ նորմալ է, հետևաբար կարիք չկա վարույթներ սկսելու։ 

«Հանձնաժողովn այս պարագայում ուղղակի փաստաբանություն է անում խոշոր ներկրողների համար։ Չէր կարող դոլարի գնի 7-8  օրվա բարձրացումը ազդել այդքան շուտ ներքին շուկայի բենզինի գների վրա։ Այսինքն՝ այս բենզինը, որ սպառվում է հիմա մեր ներքին շուկայում, բերվել է, ենթադրենք, 1 ամիս առաջ, երբ որ դոլարի կուրսը ցածր էր և այլ գներ էին», - ասում է տնտեսաագետը։ 

Հայաստանի բենզինի շուկայում երեք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ կան՝ «Ֆլեշ» ընկերությունը, «Մաքս Օյլ» և «ՍիՓի Էս» ՍՊԸ-ները։ Նրանք  տարբեր ծախսեր են անում, տարբեր գներով են բենզինը ձեռք բերում շուկայից, բայց միաժամանակ բոլորը բարձրացրեցին գները։ «Սա խոսում է միասնական գնային քաղաքականության  մասին։ Այսինքն՝ մեր տնտեսվարողները,  որոնք ունեն գերիշխող դիրք, միասնական գնային քաղաքականություն են վարում», - մեկնաբանում է Սուրեն Պարսյանը։   

Եթե մի ամիս առաջվա գներով են  ներմուծողները բերել բենզին, այսինքն՝ մեկ ամիս առաջվա կուրսով, իսկ հիմա որոշել են բարձրացնել գները, որովհետև կուրսը բարձրացել է, արդյո՞ք սա խախտում է։ «Կարծում եմ, որ սա պետք է հստակ գնահատվի։ Բենզինի գնի վրա տարբեր գործոններ կարող են ազդել՝ տրան սպորտի գինը կարող է թանկանալ, հարկերը ավելանան, և այլն։ Բայց մրցակցության հանձնաժողովի պարզաբանումը, որ գինը թանկացել է, քանի որ դոլարն է թանկացել, այս գլխից միայն այս գործոնը հաշվի առնելը սխալ է», - պատասխանում է տնտեսագետը։