Գարիկ Պապոյանը վարչապետի հանձնարարականի եւ համաշխարհային հիթ՝ «Jingle Bells»-ի հետ մրցելու մասին

Գարիկ Պապոյանը վարչապետի հանձնարարականի եւ համաշխարհային հիթ՝ «Jingle Bells»-ի հետ մրցելու մասին

Հաղորդավար, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել  է վերջին շրջանում անընդհատ քննարկվող Ամանորյա երգին, որը հեղինակել են ինքը, Սոնա Ռուբինյանն ու Ավետ Բարսեղյանը:

Ըստ Պապոյանի, երգ գրելու առաջարկը ստացել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից: Առաջարկից եւ ուրախացել է, եւ ոգեւորվել: Միանգամից տարբեր գաղափարներ են սկսել քննարկել եւ կարճ ժամանակում անցել բուն գործին: «Էս աշխատանքների ընթացքում մեկ էլ մի օրում ինձ տարբեր լրագրողներ են զանգահարում, թե՝ Գարիկ, ի՞նչ եք կարծում, Ձեզ իրո՞ք կհաջողվի հաղթել «Jingle Bells»-ին: Ասում եմ ի՞նչ «Jingle Bells»: Ասում են վարչապետը Ձեզ հանձնարարել է համաշխարհային հիթ ստեղծել, որը կհաղթի «Jingle Bells»-ին: Սա մի քիչ անհասկանալի նախադասություն է, որովհետեւ որեւէ մեկին չես կարող հանձնարարել, որ համաշխարհային հիթ ստեղծի: Դա չեն ստեղծում: Հիթը ֆենոմեն է, դա պահի տակ կամ սիրվում է, կամ չի սիրվում: Նայում եմ պարոն վարչապետի ելույթը: Մարդ է, երազում է, ու շատ լավ բան է երազում: Ասում է, որ ամեն տարի աշխատենք, նոր երգեր ստեղծենք, մի օր գուցե կարողանանք մրցել «Jingle Bells»-ի հետ: Համաձայն եմ, իհարկե, եկեք աշխատենք, ստեղծենք ու մի օր կարող է աշխարհում ունենանք  նման լավ երգ,- ասել է Գարիկ Պապոյանը:

Ըստ երաժշտի, ֆեյսբուքում տարբեր քննարկումներ են սկսվել նոր երգի հետ կապված, ոմանք առաջարկում են բոյկոտել այն: «Մեկը զզվում ա էս երգից դեռ դուրս չեկած, մեկը գրում է ապուշություն ա, վիրավորում ա անիմաստ տեղը: Ու անընդհատ զանգերը շարունակվում են, թե հը՞, հաղթու՞մ ենք «Jingle Bells»-ին: Ո՞նց կարող է նման բան լինել, ինչի՞ համար ենք մրցում էդ երգի հետ: Մի  օր էլ զանգելու եք ասեք հաղթելու՞ ենք Սթինգի «Shape of My Heart»-ին: Ոչ, սա մեր հերթական երգն էր, որն էս ֆոնի վրա չենք էլ ուզում դուրս հանենք, վախենում ենք: Չի կարող էդ երգն էնպիսին լինի, որ էսքանից հետո դուր գա որեւէ մեկին: Սպասելիքները հասել են չգիտեմ ուր»:


Գարիկը ֆեյսբուքյան խոսքի ավարտին նաեւ ընդգծել է. «Անկեղծ եմ ասում, ես, Սոնա Ռուբինյանը, Ավետ Բարսեղյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը փորձել ենք մեր նոր եւ «Jingle Bells»-ին հաստատ չհաղթող վատ երգով անշահախնդիր ավելի քաղցրացնել Ձեր Ամանորը»: