Ալեխանդրո Խոդորովսկի․ Երեւակայության գործիքակազմը

Ալեխանդրո Խոդորովսկի․ Երեւակայության գործիքակազմը

Հրեական արմատներով չիլիացի ռեժիսոր, գրող, դերասան, պրոդյուսեր, երգահան Ալեխանդրո Խոդորովսկին ֆիլմեր է նկարահանում 1950-ականներից մինչ օրս, սակայն սկանդալային ռեժիսորի իր համբավը ձեռք բերեց 1970-ականներին՝ «Խլուրդը» եւ «Սրբազան լեռը» կինոնկարներով։ Նրան հաճախ համեմատում են ալքիմիկոսի հետ, քանի որ չի դադարում մարդկային գիտակցության գաղտնիքների բացահայտման նոր «բաղադրատոմսեր» գտնել կամ հորինել։ «Հոգեմոգություն» եզրույթով բնորոշված նրա մեթոդիկան կիրառվում է հոգեբանական տրավմաների բուժման գործում։ «Հոգեմոգություն Երեւակայությունը՝ որպես կյանքի հիմք» գրքում, որից ներկայացնում ենք մի հատված, նա կյանքը դիտարկում է որպես չընդհատվող ստեղծագործական ընթացք, իսկ պոեզիան ու երեւակայությունը հռչակում է որպես կյանքի հիմք։ 

Եղեք տաղանդավոր

Հիմա ես կառաջարկեմ մի շատ պարզ վարժություն՝ ձեր տաղանդի զարգացման համար։ Չունեք տաղա՞նդ։ Հիմա ձեռք կբերեք։ Մի՛ կասկածեք։ Ես ունեմ տաղանդ, երբ ունեմ ուժ։ Ես ունեմ ուժ, երբ ունեմ կյանքի ու մահվան իրավունք մյուսների շրջանում։ Աստված ամենակարող է, որովհետեւ կարող է սպանել, երբ ուզում է։ Նաեւ՝ որովհետեւ կարող է ինձ ստեղծել, երբ ուզում է։ Եվ եթե ես ողջ եմ, ապա՝ ոչ այն պատճառով, որ նա ինձ ներում է։ Նշանակում է՝ սպանելու եւ ներելու հնարավորությունը ծնում է տաղանդ։ Ամեն ինչ պարզ է։ Ես ինձ պատկերացնում եմ որպես թունավոր օձ, որն իր դիմաց տեսնում է կապիկ։ Ես կենտրոնանում եմ, ամբողջությամբ խորասուզվում եմ իմ մեջ, շարժվում եմ, նայում եմ, հիպնոսացնում եմ։ Կապիկն անում է այն, ինչ ես ուզում եմ։ Հենց դա էլ տաղանդի դրսեւորումն է։ Ես ճիշտ եմ ասում։ Ես անում եմ այնպես, որ դուք ինձ եք նայում։ Ես ձեզ կանչել եմ այստեղ։ Ես ձեզ ստեղծել եմ։ Անհրաժեշտ է, որ դուք վերածվեք օձի։ Հավերժական զոհ, հիպնոսացված մկնիկ լինելու փոխարեն անցնենք մյուս կողմը։ Մենք նրանցից ենք, ովքեր հիպնոսացնում են մարդկանց։ Համաձա՞յն եք։ Դրա համար պետք է թուլանալ, ստեղծել մի կետ, ստիպել, որ այն բարձրանա, եւ սկսել հավասարակշռություն պահպանել, որովհետեւ մենք պատրաստ ենք ցատկելու, բայց չենք ցատկում։ Մենք, կարծես, պատրաստ ենք թռիչքի, բայց, փոխարենը, մնում ենք տեղում։ Այդպես է հիպնոսացվում կապիկը։ Մենք նրան չենք խայթում, այլ միայն ենթարկում ենք հիպնոսի։ Մենք պիտի զարգացնենք այդ ունակությունը՝ հիպնոսացնելով նայելու։ Այդ հայացքը շատ է տարբերվում գայթակղելուց։ Կենտրոնացնելով սեփական մտքերս՝ ես իշխանություն եմ ստանում ուրիշի նկատմամբ։ Աշխատե՛ք այդ ուղղությամբ։ Մեզ մոտ օձերի հավաք չէ, այլ` իմաստունների հանդիպում, ովքեր, օձերի պես, հարգում են միմյանց, որովհետեւ գիտեն, որ իրենց բանականությունը մահկանացու է։ Իսկ հիմա փորձեք ուժով դուրս պոկվել ձեր գիտակցության սահմաններից։ Պատկերացրեք, որ ձեր աչքերը տեղադրված են գանգից երեսուն սանտիմետր վերեւ, եւ ձեզ կոբրա պատկերացնելով՝ մտածեք, թե մարմնի ներքեւի մասում ունենք պորտ, մատներ, կենտրոնացման կետ եւ ուժ, որն այդտեղից դուրս է գալիս արտաքին աշխարհ եւ կարող է հաղորդվել մյուսներին։ Որովայնի մեջ։ Տարոյի այդ խաղաքարտն անվանում են «Կայսր»։ Նա այդպես է նստած, եւ նրանից ուժ է բխում։ 

Նկարեք

Հիմա մենք կկատարենք կիրառական արվեստին առնչվող մի վարժություն։ Քանի որ ունենք անհրաժեշտ բոլոր մտավոր գործիքները՝ կենտրոնացում, ուժ, ամեն ինչ, որ ուսումնասիրել ենք այս ընթացքում, պատկերացրեք, որ ունեք ցանկացած չափի կտավ եւ վրձին, որն ըստ ձեր ցանկության փոխում է գույնը։ Նկարեք երեւակայական նկարը։ Դուք կարող եք մանրակրկիտ պատկերել դետալները, թողնել հսկայական թանաքակաթիլներ, ձեր հայեցողությամբ փոխել գույները։ Հետո բաժանվեք խմբերի եւ ժեստերով նկարագրեք ձեր նկարը։ Պայմանավորվեցի՞նք։ Սկսեցի՛նք։ Քանի դեռ նկարում եք, կարող եք միացնել երեւակայական երաժշտությունը, որպեսզի այն ձեզ ուղղորդի։ Եթե ցանկանում եք լինել արարիչներ, ապա արարե՛ք։ Եվ եթե ինչ-որ մեկն ունի ստեղծագործական ներուժ, ապա թող շարունակի, թող նկարի այնքան ժամանակ, մինչեւ ստացվի։ Արեք այնպես, ասես նկարն իսկապես նկարված է, հասկանո՞ւմ եք։ Մեր ենթագիտակցության համար միեւնույն է՝ մենք դա արել ենք արթմնի՞, թե՞ երեւակայության մեջ։ Երբ մարդ պատկերացնում կամ անում է ինչ-որ բան, նրա նյարդային համակարգում ակտիվանում են նույն հանգույցները։ Խնդիրն այն է, որ սովորաբար մարդիկ չեն կարողանում անել նույնը, ինչ անում ենք մենք՝ ես ու դուք, որովհետեւ չեն հավատում դրան։ Իսկ իրականում, եթե ցանկանում ես լինել ստեղծագործող մարդ, պիտի պարզապես դառնաս այդ մարդը։ Եթե ես նկարեմ տասը կամ քսան նմանօրինակ երեւակայական նկար, ապա կկարողանամ նկարել իրական նկար, որովհետեւ արդեն պատրաստ կլինեմ դրան։ Տեսնո՞ւմ եք։ 

Քո տարածությունը

Քո ներսում կա տարածություն, տարածք, որը դու սիրում ես։ Այն պատկանում է միայն քեզ եւ կարող է գտնվել լեռան ստորոտին, դաշտում, օվկիանոսի մոտ, կարող է լինել պտղաբեր կամ ավազով ծածկված հող, ինչպես կցանկանաս։ Թույլ տուր, որ տարածությունդ քո մտքում վերածվի ամբողջական պատկերի։ Դու այն տեսնո՞ւմ ես։ Ի՞նչ կա այնտեղ։ Կա՞ ստվեր։ Ի՞նչ բուրմունք ես զգում։ Կա՞ն փոքրիկ միջատներ։ Իսկ ուրիշ կենդանինե՞ր։ Իսկ հիմա երջանիկ զբոսնիր, որովհետեւ դու վերջապես ունես այնպիսի մեծությամբ տարածք, ինչպիսին ցանկանում ես։ Փոքր, մեծ՝ յուրաքանչյուրն ինքը կորոշի։ Գլխավորն այն է, որ ենթագիտակցությունդ տրամադրել է այդ տարածությունը։ Հողը, որը պատկանում է քեզ։ Մոլորակի քո կտորը։ Բնանկարը, որի մեջ կարելի է ապրել։ Մի՛ վերցրու դա ուրիշներից, օրինակ՝ քո ծնողներից, հորինիր քո՛նը։ Սնվիր քո հողի ուրախությամբ եւ նայիր, թե ինչպես է այնտեղ հայտնվում տունը՝ քո կացարանը։ Դա քո իդեալական տունն է, որտեղ ուզում ես ապրել, զարգանալ ինչ-որ մեկի հետ կամ միայնակ, ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչպիսի՞ն է այն։ Ի՞նչ չափի է։ Ի՞նչ նյութից է։ Մտածիր, թե ինչ տեսակ է քո անսահման իդեալական տարածությունը։ Երբ տունը պատրաստ լինի, պտտվիր շուրջբոլորը, լավ զննիր, մտիր եւ ստեղծիր ներքին կահավորությունը․ լոգասենյակները, մահճակալները, խոհանոցը, բաժակները, գդալները։ Ստեղծիր քո իդեալական տան բոլոր առարկաները, բոլոր սենյակները։ Անցիր այդ սենյակներով, որ իմանաս, թե ինչ ես ուզում, մի կանգնիր ոչ մի սահմանի առաջ։ Ոչ ոք չի խոսում փողի մասին, չկա ոչ մի արգելք, դու չպիտի լինես ո՛չ փոքր, ո՛չ միջակություն։ Քո ստեղծագործական ընդունակություններն օգտագործիր, որպեսզի արարես այն, ինչ իսկապես ուզում ես, որպեսզի այդ ամենը հետո մարմնավորես իրական կյանքում։ Քեզ ոչ ոք չի շտապեցնում․․․ Մտածիր, թե ինչպես ես ձեւավորելու տունը, ինչ նյութեր ես ընտրելու․ դու Մեծն Ճարտարապետն ես։ Քո սեփական ճարտարապետը։ Քո սեփական արարիչը։ Դու ունես ժամանակ, մի շտապիր, քեզ համար շատ կարեւոր է քո տարածքի մասին ամեն ինչ իմանալը։ Քո տունը քո էգոն է, քո իսկական «ես»-ը։ Մտածիր, թե ինչպես ես այն կրելու, ինչ իրեր են քեզ պատշաճում։ Ինչպիսի տեսք ես ուզում ունենալ։ Խոհանոցում պատկերացրու, թե ինչ ճաշատեսակներ ես ուզում համտեսել։ Պատկերացրու իդեալական սնունդը։ Եվ կենտրոնացիր իդեալական ընկերախմբի վրա։ Ում կողքին ես ուզում լինել։ Ինչ-որ մեկին առհասարակ տեսնո՞ւմ ես քո կողքին։ Այնտեղ կարող են լինել Տարոյով գուշակության համար նախատեսված սրահ, կինոդահլիճ, երաժշտական հյուրասրահ, գրադարան, այն ամենը, ինչ ուզում ես։ Չկա ոչ մի սահմանափակում։ Կարող ես պահել կենդանիներ։ Պատկերացրու, թե այդ իդեալական տանն ինչպիսին է լինելու քո մահճակալը։ Վարժության այս մասը նույնպես շատ կարեւոր է, անհրաժեշտ է, որ լավ կատարես այն։ Դու պառկած ես մահճակալին, մեռած։ Եվ քո մարմնից դուրս է գալիս մի նոր արարած, որը վերածնվում է։ Ո՞ւմ կերպարի մեջ ես ուզում վերածնվել։ Դու պառկած ես՝ արարած, մարմին, որի կյանքն ավարտված է, եւ հետո ոտքի ես կանգնում արդեն նոր մարմնով։ Ինչպիսի՞ն է արտաքին տեսքդ։ Սե՞ռը։ Տարի՞քը։ Ինչպիսի՞ն է քո իդեալական «ես»-ը։ Պետք է պատկերացնել իդեալական «ես»-ը։ Այն «ես»-ը, որն ունենք, մեր իդեալը չէ։ Բայց այն գոյություն ունի, թեպետ գտնվում է հեռու։ Թույլ տուր քեզ՝ պատկերացնելու այն։ Այս բոլոր վարժություններն անհրաժեշտ են այն նպատակով, որ հաղթահարես վստահության բացակայությունը, որ հարստանաս։ Եթե ունես քո տարածությունը, քո տունը եւ գիտես, թե ինչպիսին է քո իդեալը, ուրեմն դու հարուստ ես։ Իսկ հիմա քննադատիր քեզ, ինչպես դա կաներ քո ընտանիքի անդամը՝ մայրը, հայրը կամ եղբայրը։ Արտահայտվիր նրանց անունից։ Քեզ պատկերացրու նրա տեղում, ով քեզ հակադրվում է։ Որովհետեւ եթե մինչեւ այս պահը այդօրինակ ոչինչ չես պատկերացրել, ուրեմն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ դու դա անես։ Ի՞նչ ուժեր են դրանք։ Բնորոշի՛ր։ Օրինակ՝ պատկերացրու, թե ինչ կասեր մայրդ։ Կամ հայրդ։ Եվ քննադատիր։ Նորօրյա ամբողջ բժշկությունն ասում է, որ տարածքի կորուստը հանգեցնում է հիվանդությունների։ Որովհետեւ, նրանց կարծիքով, ուղեղը գործում է ինչպես մի կենդանի, որին անհրաժեշտ է քո տարածքը։ Ես չեմ կարծում, թե դա բացարձակ ճշմարտություն է, բայց նաեւ համարում եմ, թե տարածքը հանդիսանում է մի շատ կարեւոր մաս։ Հետեւաբար՝ երբ մենք գիտենք, որ այն պատկանում է մեզ, մենք մի մեծ քայլ ենք կատարում ստեղծագործելու ճանապարհին։ Իսկ տունը մի միջոց է՝ մեր անհատական «ես»-ը զարգացնելու։ Եթե ես ինձ համար հորինում եմ տուն, նշանակում է՝ ես ինձ թույլատրում եմ գոյություն ունենալ։ Ծնողներից առանձին։ Այդ իսկ պատճառով ծնողների հետ բանավեճը կամ նոր մարմնի արարումը ստեղծագործական ազատության տեսակ է։ Այն բխում է ներքին ազատությունից ու գնահատականից։ Գիտեմ, որ իմ ներսում կա ամեն ինչ, այդ պատճառով էլ կարող եմ գործել։ Երեւակայությունն աշխատում է՝ առաջնորդվելով շատ պարզ սկզբունքներով։ 

Երեւակայության տեխնիկաները

Որոշ արարիչներ երեւակայությունն օգտագործում են հյուծելու աստիճան։ Երեւակայության հիմքում մաթեմատիկական չորս գործողություններն են՝ հանումը, գումարումը, բաժանումը եւ բազմապատկումը։ Հենց դրանք էլ հանդիսանում են երեւակայության չորս տարրերը։ Սկզբում հանումն ու գումարումն են, հետո՝ բաժանումը եւ, վերջապես՝ բազմապատկումը։ Եվ կա նաեւ դրանց խառնուրդը։ Այս հինգ տարրերի հետ դու կունենաս ոգեշնչված խելագարի երեւակայություն։ Դա շատ պարզ է։ Հանում կատարելիս պետք է երեւակայության մեջ ամեն ինչ փոքրացնել՝ այնքան ժամանակ, մինչեւ ամեն ինչ դառնա փոքրիկ։ Օրինակ՝ տեսնում ես, թե քո կողքով ինչպես է անցնում փաթեթը ձեռքին մի մարդ, եւ այդ փաթեթի մեջ նա տեղավորել է իր ամբողջ հայրենի գյուղը կամ քաղաքը, որտեղ ծնվել է։ Դուք ունեք մեծ երեւակայություն, եթե ինչ-որ բան փոքրացրել եք։ Դա կարող եք անել ցանկացած առարկայի հետ։ Իմ աջ գրպանում ես կարող եմ տեղավորել մայրիկին, իսկ ձախ գրպանում՝ հայրիկին։ Կան նաեւ հսկաներ․ դա գումարումն է։ Կարելի է մեծացնել դդումը։ Ցայտուն օրինակ․ դդումն աճում է, աճում է, հասնում է մոլորակի չափի եւ ինքն էլ վերածվում է մոլորակի։ Իսկ հետո դառնում է այնքան հսկայական, որ զբաղեցնում է ամբողջ գալակտիկան։ Դդմի ներսում ամփոփված է ամբողջ պատմությունը, ծնվում է նոր մարդկություն։ Ահա թե ինչ է նշանակում մեծացնել ցանկացած առարկա։ Դա հեշտ է։ Ճարտարապետության մեջ կարելի է վերցնել երեք տուփ լուցկի, մեծացնել դրանք ու կառուցել շենք։ Այդպես են անում ճարտարապետները։ 

Թերապեւտիկ պրակտիկա

«Զգում եմ ինձ այնպես, ասես կրծքումս պատ լինի»։ Լսիր ինձ, դա քո երեւակայությունն է։ Ի՞նչ պատի մասին է խոսքը, ինչի՞ց է կառուցված՝ քարի՞ց, մետաղի՞ց, ցեմենտի՞ց։ Քո պատը քեզ պաշտպանում է։ Ստեղծագործելը քեզ ուղղորդում է այն կետից, թե ինչ ես անում, դեպի այն կետը, թե ինչ պիտի անես։ Իսկ այն, ինչ անում ես, դու տարածում ես։ Իսկ եթե տարածում ես, ապա փոխարենը նաեւ ստանում ես։ Այն ամենը, ինչ տալիս ես աշխարհին, աշխարհը տալիս է քեզ։ Դու արարիչ ես, դու կարիք չունես ոչինչ խնդրելու։ Մի ասա՝ «ես ուզում եմ շնորհով օժտված լինել», ասա՝ «ես շնորհ ունեմ»։ Ինչո՞ւ պիտի ցանկանամ շնորհ ձեռք բերել, եթե արդեն ունեմ այն։ Ես ուզում եմ հաջողություն։ Բայց հաջողություն էլ ունեմ։ Ունեմ այն ամենը, ինչ ուզում եմ։ Բավական է խնդրել, ժամանակն է ստեղծագործելու։ Որովհետեւ մեր կողքին միշտ կան շղթաներ, որոնք մեզ խանգարում են կայանալ։ Ճի՞շտ է, հայրիկ։ Մայրիկ, ես ճի՞շտ եմ ասում։ Այդ անիծյալ արգելքը, որ թելադրում է մեզ՝ եղիր զոհ, ապրիր զոհի պես, քեզ զոհ դարձրու։ Փորձիր ավելի շատ ցավ պատճառել ուրիշին։ Սակայն սա արդեն բոլորովին այլ, ավելի ծավալուն թեմա է։ 
 

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ