«Back to Armenia»
Մի կողմ թողնելով այն, թե ինչու «Back to Armenia» համահայկական շարժում, այլ ոչ թե՝ «Վերադարձ Հայաստան»:
«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի քննարկման թեմաները երեքն էին՝ պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն, բնակչության աճ: Ինչ-որ հարցումներ են արվել համաժողովի շրջանակներում: Դրանցից մեկով, հարցվածների 46.8 %-ը գտնում է, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության օրակարգում չպետք է լինի Հայաստանի հզորացման հարցը: Առաջնահերթություններին էլ է անդրադարձ արվել: Դրանցից մեկի՝ «Back to Armenia»-ի կողմնակիցների մասնաբաժինը կազմել է 64 %: Եթե անգամ 20 % լիներ, ապա ՀՀ վերադարձած պետք է լինեին մոտ 1 միլիոն հայրենակիցներ, իսկ Արցախ՝ առնվազն 100 հազարը:
«Back to Armenia». Իսկ ի՞նչ կասեք ամերիկաներում էլիտար ծնունդների մասին: Կասեք, որ ՀՀ-ում քարե դար է, ծնունդ չե՞ն կարող ընդունել: Գուցե ա՞յլ շարժառիթ կա: Օրինակ՝ ինքնաբերաբար տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու իրավունքը: «Back to Armenia». Will back as tourist.
Անկախ ամեն ինչից, նման համաժողովները կարևոր են, բայց կրկին անդրադարձ չի կատարվում նրան, թե համաժողովականներից քանիսն են պատրաստ հենց այստեղ, հենց այս պահին «զանգ կախել…»։ Սա պատկերավորության համար:
«Ապագա հայկականը» նախաձեռնության հիմնադիրներից է Նուբար Աֆեյանը, ում մի երկու տարի առաջ (նախաձեռնության մեկնարկի ժամանակ, COVID-ից առաջ), մի լրագրող հարցրեց. «Ի՞նչ կարծիքի եք ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին»: Այդ տեսագրությունը կա համացանցում: Տխուր, լղոզված պատասխան՝ «զանգ կախելու» մտադրություն չկար: Մինչդեռ COVID 19-ի դեմ պայքարի դեղամիջոցներից մեկը նրա ընկերության արտադրանքն էր: Դժվար է, նույնիսկ, պատկերացնել, թե ինչ արձագանք կլիներ, եթե այդ ապրանքանիշի դեղամիջոցի որոշ քանակություն այլ երկրներ առաքվեր Հայաստանից: Դե, իսկ մյուս գործարարների ու գիտնականների մասին, որոնք զբաղված են պաշտպանական սահմանային տեխնոլոգիաների մշակմամբ և կիրառմամբ, խոսք չկա:
Շարունակեք համաժողովներ կազմակերպել, օրակարգեր ծնել…ճիշտ ճանապարհի վրա եք, ձևով, այլ ոչ՝ բովանդակությամբ, հարգելի հայրենակիցներ: Մյուս կողմից, նրանց մեղադրելն էլ մի բան չէ: Տեղական մաֆիոզները (վարչապետներ, նախարարներ և այլ խոշորներ) կճզմեն, կոչնչացնեն՝ ախ չեն քաշի: Խոսքը, անշուշտ, իրապես սփյուռքի հայենասեր ներկայացուցիչների մասին է, որոնց մուտքն արգելում են Հայաստան…
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ