Դեռ որքա՞ն զոհ պետք է տան Ուկրաինան ու Ռուսաստանը, որ աշխարհը խելքի գա

Դեռ որքա՞ն զոհ պետք է տան Ուկրաինան ու Ռուսաստանը, որ աշխարհը խելքի գա

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ձեռնարկված հատուկ օպերացիայի հետեւանքով լայնածավալ պատերազմ է սկսվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը փաստացի վերածվել է Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ ընթացող ահեղ պատերազմի, որտեղ պատերազմող կողմերը, ոչնչի առջեւ կանգ չառնելով, ոչնչացնում են միմյանց, եւ դրա վերջն էլ չի երեւում: Հենց սկզբից սպասելի էր, որ Ուկրաինային անպայման ձեռք կմեկնեն արեւմտյան երկրներն ու ՆԱՏՕ-ն, սակայն անսպասելի էր, որ նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնի՝ Ուկրաինային մղելով անվերջանալի պատերազմի։ Բնական է, որ պատերազմները միշտ էլ զոհեր են ենթադրում, սակայն այս պատերազմի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Ռուսաստանի հակառակորդները մոռացել են, թե այդ պատերազմի նպատակը որն է, եւ որոշակիորեն շեղվել են պատերազմի հիմնական տրամաբանությունից։ Այժմ հարձակման է ենթարկվում նաեւ խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ բնակելի շենքեր, բուժհաստատություններ, կրթօջախներ։ Սպանվում են նաեւ խաղաղ բնակիչներ: Իրականացվում են տեռորիստական ակտեր։ Ամենաթարմ օրինակը Բրյանսկում իրականացված երկու մարդատար մեքենաների նկատմամբ իրականացվածն էր, որոնք դպրոցականներ էին տեղափոխում, եւ որի հետեւանքով զոհվեցին նաեւ երկու վարորդները, մեկ դպրոցական, մի դպրոցական էլ ծանր վիրավորվեց:

Դեմոկրատիայի «կարկառուն հայրերը»՝ Արեւմուտքի երկրները, որոնք կոչված են առաջին հերթին պաշտպանելու մարդու իրավունքները եւ խաղաղությունը, անվերջ զինում են Ուկրաինային: Իրեն դեմոկրատիայի հայր հռչակած Արեւմուտքն իրավունք չունի զենք մատակարարել որեւէ պետության, եթե այն կիրառվում է մարդ սպանելու համար։ Դեմոկրատիայի մեջ նաեւ խաղաղություն պահպանելն է մտնում: Եթե որեւէ վայրում ուզում ես խաղաղ վիճակ տիրի, պետք է առաջին հերթին ճանաչված, հարգված մարդիկ ամեն ինչ անեն, որպեսզի բոլոր հարաբերություններն ընթանան համերաշխության եւ փոխադարձ ըմբռնման, բանակցությունների միջոցով: Աշխարհի հզորների փոխադարձ համաձայնությամբ միայն կարող է խաղաղություն տիրել աշխարհում:

Այնինչ արդեն մեկ տարուց ավելի է՝ ընթանում է ռուս-ուկրաինական անզիջում պատերազմը, որը, բացի հսկայական ենթակառուցվածքների ու շինությունների փլուզումներից, պատճառ է դարձել երկու կողմերի համար էլ հարյուր հազարավոր անմեղ զոհերի: Իսկ ամենաահավորն այն է, որ երկու կողմն էլ հաշտության եզրեր չեն թողնում։ Վաղեմի եղբայրական պետությունները որոշել են մինչեւ վերջ ոչնչացնել միմյանց: Նրանցից մեկի գոյությունը կարծես անհամատեղելի է մյուսի համար: Իրականում սա կեղծ օրակարգ է, եւ այդ հակամարտության հիմնական պատճառը շահն է, աշխարհում գերիշխող դիրք ունենալը։ Եթե այսպես շարունակվի, ու սա երկար տեւի, երկու կողմից էլ զոհերի եւ վիրավորների թիվը չափազանց մեծ կլինի: Արդյոք արժե՞ հող ձեռք բերել զոհերի, հատկապես մեծ թվով երեխաների կյանքի հաշվին: Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ անմեղ երեխաների մահվան համար, ինչո՞ւ պետք է գերտերությունների հակամարտության պատճառով հազարավոր երեխաների կյանքը խեղվի, նրանք կյանք չտեսած՝ այն աշխարհ գնան:  

Իսկ պատերազմի վերջն ընդհանրապես չի ուրվագծվում, այն, հավանաբար, դեռ երկար կշարունակվի ու, բնականաբար, իր հետ կբերի նորանոր զոհերի, իսկ Տերը երբեք չի ների պատերազմի հրձիգներին: Բավական է, դադարեցրեք այդ  վայրի պատերազմը, քանզի դուք խաղում եք չափազանց մեծ թվով մարդկանց ճակատագրերի հետ, որի իրավունքը չունեք…

Մի՞թե չեք հասկանում, որ հակամարտության նման շարունակությունն անխուսափելիորեն տանում է տարաբնույթ անհեթեթ քայլերի՝ ընդհուպ միջուկային պատերազմի, որը կարող է դառնալ աշխարհի ու մարդկության վերջը... Արժե՞ պատերազմի շարունակությունն այս գնով...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ