Տանկի դեմ տանկ է պետք

Տանկի դեմ տանկ է պետք

Բոլորովին պատահական չէ, որ այսօր իշխանության գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, եւ չնայած այս «ազգակործան» ընթացքին, նրան հնարավոր չի եղել տեղից շարժել, եւ ոմանք հույս չունեն նաեւ առաջիկայում տեղաշարժել: Եկեք անաչառ լինենք` իշխանության դեմ քարոզչություն անելու բյուր առիթներ ու պատճառներ կան, սակայն այդ հնարավորություններից ընդդիմությունը չի օգտվում: Հակառակը` գնալով պասիվանում է, թուլանում, լռում` ասպարեզը թողնելով իշխանություններին եւ ամենացածրակարգ քաղաքական դեմքերին: Իսկ վերջիններս եւ հատկապես Փաշինյանը ձեռքերը ծալած նստած չեն` նրանք ոչնչից չեն երկնչում, ոչ մի կոմպլեքս ու հոգու տվայտանք չունեն:

Փաշինյանը բաց ճակատով գնում է ժողովրդի մեջ, շփվում` չվախենալով հայհոյանքից, անեծքից, տեռորից, տհաճ իրավիճակներից, ձախողվելուց: Այո` մեծ թիկնազոր եւ ուժային կառույցներ են աշխատում նրա համար, բայց նա չէր երկնչում նաեւ այն ժամանակ, երբ չուներ թիկնազոր, ոստիկանություն եւ ԱԱԾ: Նա չի վախենում նաեւ խելացի, գրագետ մարդկանց ծաղրից, արհամարհանքից, պոպուլիստ կոչվելուց: Չի խուսափում էժան ներկայացումներ բեմադրելուց: Չի զգուշանում իր թիմակիցներին անիմաստ պատրվակներով աշխատանքից ազատելուց, իր թիմի ատելությանն ու հակազդեցությանն արժանանալուց: Տանկի պես` սխալներով, վրիպումներով, կառավարության ղեկավարին ոչ սազական վարքով ու պնդաճակատությամբ առաջ է գնում եւ հասնում իր նպատակին: Իսկ ի՞նչ են անում նրա վարած քաղաքականությունից դժգոհ, ողջ օրը փնթփնթացող, պատերի տակ բամբասող, երկրի համար ապոկալիպտիկ իրադարձություններ կանխատեսող «խելացի, գրագետ, կիրթ, հայրենասեր» ընդդիմադիրները: Ոչինչ: Միայն անկարողության, անընդունակության, ծուլության, վախկոտության անգերազանցելի օրինակներ են ցուցադրում: