Անարգանք

Անարգանք

44-օրյա պատերազմի կուժն ու կուլան, ինչքան հասկանում եմ, փորձում են կոտրել զինվորականության գլխին։ Հանձնաժողով ստեղծելու իմաստն էլ դա է։ Մի անգամ չէ, որ բարձրաձայնել եմ՝ զինվորը հրաման կատարող է, հրամանատարները տեր ունեն, պատերազմի ժամանակ դա գերագույն հրամանատարն է։ Եվ հավատալ այն փաստարկներին, որ հրամանատարները սեփական նախաձեռնությամբ են հետքայլ կամ որևէ քայլ կատարել, ուղղակի զավեշտալի է։ Եթե անգամ նման զավեշտ եղած լինի, էլի պատասխանատուն գերագույն հրամանատարն է, որովհետև ինքն է պատասխանատու զինվորի, հրամանատարի, ինչու չէ նաև ամենաբարձր կոչում ունեցող զինվորականի վարքագծի համար։ Նիկոլ Փաշինյանի Սյունիքում զորքերի հետքաշման վերաբերյալ հայտարարությունը  հենց դրա վկայությունն է․ «Ես որոշել եմ հետ քաշվել, Վաղարշակ Հարությունյանն էլ իրականացրել է» ։ 

Վախկոտության, դավաճանության համար ո՞վ է պատժում։ Եթե աստիճաններով բարձրանանք՝ ամենաբարձրում գերագույն հրամանատարն է։ Ուրեմն ինչու՞ նման պատժի մի օրինակ չտեսանք պատերազմի ժամանակ։ Մի դիրք լքող, շրջան հանձնող  հրամանատար այդ ժամանակ չպատժվեց։ Եթե նման բան լիներ, մյուսները խելքները գլուխները կհավաքեին ու կկանգնեին իրենց դիրքում։ Շատ հրամանատարներ են ասում՝ զորքի հետքաշման հրաման է եղել։

Հրամանատարի ականջն էլ կտրես, առանց վերևի հրամանի զորք չի հետքաշի։ Պատերազմի ժամանակ գերագույնության կողմից միայն ոգևորություն՝  «հաղթելու ենք, գյոռբագյոռ ենք անում» , պատերազմի խայտառակ պարտությունից  հետո հանկարծ պարզվեց, որ դավաճաններ, հինգերորդ շարասյուն, վախկոտներ են եղել։ Տարրական դասարանի աշակերտի համար անգամ պարզ կլինի, թե ինչու է նման խայտառակությունը պատերազմից հետո բարձրաձայնվում։ Սա արդարացման պրիմիտիվ ձև է, որը, շատ շուտով «ջրի երես կբարձրանա»։ Զուր փորձեր են ներքևից բացել հանգույցը։ Հունական, հռոմեական  օրենքները ռազմի դաշտից  ամեն մի փախչողի դատապարտում էին մահվան։ Օրենսդիր Քարոնգը, հրամայեց դրա փոխարեն կանացի հագուստով երեք օր ի ցույց կանգնեցնել քաղաքի հրապարակում։ , հույս ունենալով, որ դա նրանց համար օգտակար կլինի և անարգանքը կվերադարձնի արիությունը։ Եթե պատերազմի ընթացքում առկախված էր խնդիրը, որ պարտվում եք ու պատճառը հինգերորդ շարասյունն է՝ ինչու՞ էիք գոռում, որ հաղթում ենք։ Ոգևորու՞մ էիք, թե՞ կոծկում  խայտառակությունը։ 

Բացեք ռազմական դասագրքերը ու տեսեք, թե խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից   հետո ինչի է արժանանում  գերագույնը։ Անգամ ամոթալի է գրել։ Կարդալուց հետո  հետո չեք զարմանա, թե ինչու է թշնամի երկրի ղեկավարը ծիծաղում, ծաղրում պարտված երկրի ղեկավարին։  Այսդ ծաղրանքը Հայաստանին, մեզ է ուղղված։ Սա չլսված մի բան է, որ պարտված, ջախջախված երկրի ղեկավարը շարունակի պաշտոնավարել ու դեռ «պարզի, թե ո՞վ է տանուլ տվել պատերազմը»։  Սա անարգանք է Հայաստանի, մեր ժողովրդի համար։