Նախկինների ու ներկաների կենսագրություններ․ չոր համեմատական

Նախկինների ու ներկաների կենսագրություններ․ չոր համեմատական

Հայաստանում երեկվանից խստացված ռազմական դրության պայմաններում մենք զրկված ենք մեր մտածածն ու տեսածը, լսածն ու բացահայտածը ընթերցողին ներկայացնելու հնարավորությունից, սակայն որոշեցինք ձեզ ներկայացնել երկրում եւ ռազմաճակատում կարեւոր դերակատարում ունեցող նախկին ու ներկա մի քանի պաշտոնյաների, ազդեցիկ դեմքերի կենսագրությունները՝ հույս ունենալով, որ համեմատություններն ինքներդ կանեք, եւ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի լինի։ Հասարակությունն իրավունք ունի ճանաչելու իր հերոսներին եւ «հերոսներին»։

Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերը

Սերժ Սարգսյան

Ծնվել է 1954 թ․ հունիսի 30-ին, Ստեփանակերտում։ 1975-1979 թթ. աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, 1979-1988 թթ.՝ ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, Կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։ 1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն։ 1990 թ.՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1993-1995 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1995-1996 թթ.՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար։ 1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար։ 1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար։ 1999-2000 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 1999-2007 թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ 2000-2007 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար,
2007-2008 թթ.՝ ՀՀ վարչապետ։ 2008-2018 թթ.` ՀՀ նախագահ:
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» եւ «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ: ԵՊՀ խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն էր:

Ռոբերտ Քոչարյան

Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Ստեփանակերտում։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂ կոմերիտական եւ կուսակցական մարմիններում։ 1989 եւ 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանության համակարգի ձեւավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի եւ ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ 1996թ. նոյեմբերին ընտրվել է ԼՂՀ նախագահ։ 1997 թ. մարտի 20-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվել է ՀՀ վարչապետ։ 1998-2008 թթ․՝ ՀՀ նախագահ։ 2009-ից` «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։

Նիկոլ Փաշինյան

Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջեւան քաղաքում: 1991-95 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է: 1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ՝ աշխատելով տարբեր թերթերում։ 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչեւ 2012 թ.: 1999-ի օգոստոսին իշխանություններին քննադատող հոդվածների համար դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, որն ի կատար չի ածվել։ 2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 1998 թվականի նախագահական ընտրություններում եղել է Աշոտ Բլեյանի, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2008-ի մարտի 1-ից հետո հետախուզման մեջ է եղել եւ մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2013 թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015 թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձեւավորված կուսակցության վարչության անդամ: 2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը հանգեցրել է հեղափոխության, որի արդյունքում 2018 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ:

Նախկին եւ ներկա ուժայիններ ու գեներալներ

Գեներալ, ազգային հերոս Վիտալի Բալասանյան

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, ԼՂԻՄ-ի Ասկերան ավանում։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ զորամիավորման հրամանատար, 1998-1999 թվականներին՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, 1999 թվականի սեպտեմբերից՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Զինվորական կրթություն չունեցող Վիտալի Բալասանյանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչեւ դիվիզիայի հրամանատարի եւ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ 2000 թվականին արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։ 1994 թվականին, երբ Ադրբեջանը հակագրոհով մտել է Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրականացվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։ 1993 թվականի հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրամանատարն է եղել։ Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով։ Վիտալի Բալասանյանը վճռորոշ դերակատարում է ունեցել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Լյովա Մնացականյան (Ռիժի)

Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 14-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում։ 1989 թ․ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 2005 թ․՝ ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։ 1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին։ 1992-2005 թթ. զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ զինված ուժերում, այդ թվում՝ ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։ 2005 թ. նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ։ 2007 թ.՝ Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։ 2012-2015 թթ․ ՀՀ նախագահի հրամանագրով աշխատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2015 թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար։ 2018թ. դեկտեմբերի 14-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: 2003 թվականին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2014 թ. սեպտեմբերի 3-ին՝ գեներալ-լեյտենանտի։ Պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով՝ 2006 թ․, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։ Աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2012 թվականից, մինչ այդ նրա կենսագրականում նշված են միայն հասարակական գործունեության տվյալներ՝ 2012-2013 թվականներին աշխատել է «Counterpart International Armenia» հասարակական կազմակերպությունում՝ որպես քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող։ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետն է եղել։ 2015-2018 թվականի ապրիլը հրավիրյալ դասախոս է եղել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազագային հարաբերությունների ֆակուլտետում։ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի փորձագետն է եղել՝ «Թափանցիկության եւ քաղաքացիական մասնակցության» թեմաներով։

2017 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2015-2018 թվականներին աշխատել է «Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։

ՀԳ․ Գեներալներից ներողություն ենք խնդրում անհարկի համեմատականի համար։ Հուսով ենք՝ Արցախի հերոսն ու գեներալ մայորն ըմբռնումով կմոտենան, քանզի այլ հարմար թեկնածու ՀՀ պետական կառավարման ապարատում, որը միաժամանակ զբաղեցնում է անվտանգության ոլորտին առնչվող պաշտոն եւ համարվում է իշխող քաղաքական թիմի աճեցրած կադրը՝ չգտանք։