Նոր կոռուպցիոն սկանդալ, վճռաբեկի աշխատակցի և նախկին փաստաբանի մասնակցությամբ

Նոր կոռուպցիոն սկանդալ, վճռաբեկի աշխատակցի և նախկին փաստաբանի մասնակցությամբ

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք փոխանցելու և ընդունելու պահին  ձերբակալել է երկու անձի, որոնց ինքնությունը ծառայությունը չի բացահայտում։ Հաղորդում են, որ կաշառք փոխանցելու պահին ձերբակալվել է 2 անձ, որոնցից մեկը նախկին փաստաբան է, ՀԿ-ի նախագահ, մյուսը ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակից։ Կաշառք փոխանցելու նպատակը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, քաղաքացու օգտին մի քաղաքացիական գործով վճիռ կայացնելն է։

Մեր նախնական տեղեկություններով, ձերբակալվածները նախկին փաստաբան, «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Աթոյանն է և ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը։ Առայժմ սա պաշտոնապես ճշտել չի հաջողվում։ 

ՎԴ աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը հին դպրոցի իրավաբաններից է, աշխատել է ոլորտում 90-ականներից։ Նա բարի համբավ ունի գործընկերների շրջանում, որոնց նրա ձերբակալության լուրը զարմացրել է։ 

Աշոտ Աթոյանը, մասնագիտությամբ իրավաբան է, նախկին չինովնիկ։ 90-ականներին աշխատել է մաքսային վարչությունում որպես բաժիններից մեկի պետ։  Հետագայում ընտրել է փաստաբանությունը։ Ծնունդով Շիրակի մարզից է: Վերջերս դատապարտվել էր խարդախության համար: Այդ պատճառով էլ նրա փաստաբանական արտոնագիրը դադարեցվել էր։ Ձերբակալության վերաբերյալ ԱԱԾ-ն լիարժեք գաղտնիություն է պահում։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նախկին փաստաբանը իրավաբանական ծառայություններ է մատուցում։

«Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է», - հայտնում է ԱԱԾ-ն: Մեզ հայտնի է նաև, որ գումարի փոխանցումը տեղի է ունեցել դրսում։ 
Սյուզան Սիմոնյան