Փաշինյանը հունիսի 21-ի համար քաղաքացիական պատերազմ է «եփում»

Փաշինյանը հունիսի 21-ի համար քաղաքացիական պատերազմ է «եփում»

Դեռեւս քարոզարշավի երրորդ օրն է, բայց նախընտրական մթնոլորտը գնալով շիկանում է. օր-օրի ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի է դառնում Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է, որ ընտրապայքարը երկբեւեռ է՝ Քոչարյան-Փաշինյան թեւերով: Հանդիպումների ժամանակ որքան ինքնավստահ ու հանգիստ է խոսում Քոչարյանը, այնքան ագրեսիվ ու անհավասարակշիռ է դառնում Փաշինյանը: Թեեւ քարոզարշավներին նրան դիմավորում են շարքային գյուղացիներ, համբուրում, խնդրում իրենց մենակ չթողնել, բայց Փաշինյանն ինքն էլ տեսնում է, որ իր վարկանիշը գնալով «մաշվում» է, հետեւաբար՝ հաղթելու հնարավորությունները փոքրանում: Իսկ թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ իր համար այս ընտրությունները, Փաշինյանը լավ գիտի. սա ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի պետականության ու ազատ ապրելու իրավունքի ընտրություն է, այլեւ անձնական առումով կենաց ու մահու կռիվ է Փաշինյանի համար: Առաջինը Փաշինյանին չի հետաքրքրում: Իսկ, ա՛յ, երկրորդը…

Իր չընտրվելու դեպքում Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կանգնելու է արդարադատության առաջ՝ 44-օրյա պատերազմի առեղծվածային հարցերին պատասխան տալու, երեք տարի բյուջեն մսխելու, ՀՀ Սահմանադրությունը շարունակաբար ոտնահարելու եւ շատ այլ բաների համար: Իհարկե, եթե մինչ արդարադատության հասնելը առանց թիկնազորի մնացած Փաշինյանի հետ «չհանդիպեն» զոհվածների, անհայտ կորածների, գերիների ծնողները… Փաշինյանը լավ գիտի այս ընտրություններում չհաղթելու հետեւանքներն իր եւ իր ընտանիքի համար: Ու այդ վախից, կամա թե ակամա, «ինքնապաշտպանական» հայտարարություններ է անում, որպեսզի առաջացնի ընտրողների սերը, համակրանքը, խղճահարությունը, վստահություն ներշնչի: Նա անգամ իր որդուն՝ Աշոտին օգտագործեց որպես գովազդային խաղաթուղթ. հրապարակավ կոչ արեց Ալիեւին՝ իր որդուն փոխանակել բոլոր հայ գերիների հետ: Փաշինյանը լավ գիտի, որ իր որդին Ալիեւին պետք չէ, որ Ալիեւի համար ինքը Հայաստանի ամենալավ ղեկավարն է, ուստի նա Աշոտին գրկաբաց կընդունի, «չայ» կհյուրասիրի, որպես իր լավ գործընկերոջ որդու՝ կհարգի, կպատվի: Իսկ Աշոտին նա անգամ մեկ գերու հետ, հավանաբար, չի փոխանակի, ուր մնաց՝ բոլորի… Առհասարակ, այս շուկայական-բարտերային շոուն բավականին անընդունելի է բարոյական եւ բոլոր առումներով: 

Փաշինյանը, զգալով իր պարտության «հոտը», ամեն ինչ անելու է, որ «Հայաստանը վարչապետ չունենա», ինչպես խոստանում էր 2018-ին: Սա իր անձի համար «ամենաանվտանգ» տարբերակն է՝ արդարադատության առաջ չկանգնելու համար: Իսկ որպեսզի Հայաստանն այլեւս վարչապետ չունենա, դրա համար պետք են լուրջ իրադարձություններ՝ կա՛մ հայաստանակործան հերթական ու վերջնական պատերազմ թշնամու կողմից, կա՛մ՝ քաղաքացիական պատերազմ: Առաջինի մասին դեռեւս դժվար է կանխատեսումներ անել: Բայց երկրորդի ուղղությամբ Փաշինյանն ակտիվորեն աշխատում է. նրա հանրահավաքային նախընտրական ելույթներն արդեն դարձել են անհավասարակշիռ մարդու խոսք, յուրաքանչյուր ելույթ աղմկահարույց է նախորդից: Մինչ հասարակությունը չի հասցնում մարսել մի ելույթի անհեթեթ դրույթները, նա հաջորդն է հնչեցնում: Փաշինյանն արդեն Քոչարյանի հետ «դուելի» է գնում՝ հետը տանելով հասարակությանը, խոսում է ամենադաժան վենդետաներից, երկաթյա ու պողպատյա մանդատից, քաղաքացու վրեժից, ջարդելուց, փշրելուց, հայհոյում է: Ու այսպիսի մեծ չափաբաժնով ատելության խոսք է տարածում, չարություն, ագրեսիա ներարկում իրեն հավատացողների մեջ, որոնց նա նախապատրաստում է հունիսի 21-ի համար, որ գազազած ամբոխը դուրս գա հասարակության մյուս հատվածի դեմ, ու սկսվեն քաղաքացիական արյունոտ բախումներ, երկիրը վերածվի քաոսի… ինչպես 2008-ի մարտի 1-ին…

Թե ինչ կշահի դրանից Փաշինյանը, հայտնի է միայն իրեն. հավանաբար՝ ժամանակ եւ հնարավորություն կունենա այդ խառնաշփոթից փախչել եւ թաքնվել պատասխանատվությունից: Իսկ Հայաստա՞նը… Հայաստանն այլեւս վարչապետ չի ունենա…