Հայը հայի դեմ՝ մինչև վերջին հայը

Հայը հայի դեմ՝ մինչև վերջին հայը

Ես բոլոր հիմքերն ունեմ անհանգստանալու, որ չկայացած վարչապետ, չստացված գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլն ամեն ինչ անում է պատերազմը Հայաստանի տարածք տեղափոխելու համար: Փաշինյանի այդ մտասեւեռումը պետք է անմիջապես ոչնչացնել, եւ կապ չունի, որ այն դեռեւս նրա ուղեղում է կամ լեզվի ծայրին: ՀՀ ուժային կառույցները, ՀՀ գլխավոր դատախազը եւ մյուս պատկանները պետք է անհապաղ գործի անցնեն եւ Նիկոլին ու իր խելագարված թիմին հեռացնեն ասպարեզից հենց այսօր: Հուսալ, որ Փաշինյանը կպարտվի ընտրություններում եւ կամավոր կհեռանա, միամտություն է:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ անգամ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից: Պատգամավորական մանդատը նրան հուսալի անձեռնմխելիություն չի կարող ապահովել: Պրոցեդուրան շատ պարզ է՝ դատախազը գալիս է խորհրդարան, պահանջում Նիկոլին հանձնել իրեն եւ վերջ: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն այսօր պայքարում է ոչ թե խորհրդարանում տեղ ունենալու, այլ միմիայն հաղթելու եւ իր քաղաքական գոյությունն էլի մի որոշ ժամանակ քարշ տալու համար: Իսկ որպեսզի հասնի իր նպատակին, նա պատրաստ է ամեն ինչի, այդ թվում եւ՝ Հայաստանում ներքաղաքական պատերազմ հրահրելու եւ իր իշխանությունն անգամ օտար բանակների ուժով պահելու: Ինչի մասին են վկայում «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը», «քաղաքական վենդետաներ են լինելու», «պատրաստվեք կադրային մեծ ջարդերի» արտահայտությունները, որ նա անում է ամեն անգամ՝ սպառնալով ատամներ փշրել ու չգիտես էլի ինչ վայրագություններ անել: 
Կան սահմաններ, որ երկրի իշխանությունն ու այդ իշխանության գլխին հայտնված մարդն իրավունք չունեն անցնելու: Փաշինյանն այլեւս հաղթահարել է այդ բարդույթը: Նրա համար այլեւս ամեն ինչ մի հաշիվ է՝ կա՛մ ինքը պետք է մնա վարչապետի պաշտոնում, կա՛մ Հայաստանը պետք է կործանվի, որպեսզի կարողանա խուսափել պատասխանատվությունից: Այլ տարբերակներ նրան չեն հետաքրքրում:

Որոշ վերլուծաբաններ եւ քաղաքագետներ շատ ավելի լավատես են եւ կարծում են, որ Փաշինյանը նոր մարտի 1 է հրահրում: Չեմ կիսում այդ կարծիքը: Մարտի 1-ը կարող է մի փոքրիկ միջադեպ դիտվել այն ամենի համեմատ, ինչ այսօր հրահրում է պետական լծակների եւ ռեսուրսների տիրապետող Փաշինյանը: 2008թ. մարտի 1-ին նա անկազմակերպ բանդաներից բացի ոչինչ չուներ, մինչդեռ այսօր նրա կողքին են ոստիկանության ու բանակի զենքով զինված հանցագործների կազմակերպված ջոկատներ, որոնք չեն խորշի զինված դիմադրություն ցույց տալ իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարող ոստիկանությանն ու անվտանգության ուժերին:

Նորից կրկնեմ՝ եթե չենք ցանկանում, որ իրադարձությունները զարգանան այս սցենարով, ապա Փաշինյանին եւ նրա թիմը պետք է հավաքել հենց այսօր, պետք է անել այն, ինչ չի արվել մեր կաթողիկոսների, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ նախագահի, Հայաստանում գրանցված հիմնական քաղաքական ուժերի, Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների եւ, վերջապես՝ Հայոց բանակի Գլխավոր շտաբի հայտարարություններից հետո: Նկատենք՝ Ադրբեջանը լկտիացավ եւ ոտնձգություններ կատարեց ՀՀ պետական սահմանի նկատմամբ զուտ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում մնաց պարտված եւ կապիտուլացված Նիկոլը: Նա հրաժարական տար նոյեմբերի 10-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը կմնային իրենց դիրքերում՝ ինչպես պահանջվում էր եռակողմ չարաբաստիկ համաձայնագրով: Ինչ ժամանակավոր իշխանություն էլ ձեւավորվեր այդ ժամանակ, թուրքը չէր համարձակվի մեկ քայլ անգամ առաջ գալ, որովհետեւ դրանով կարող էր վտանգել իր համար խիստ նպաստավոր «խաղաղության» համաձայնագիրը: Այլ խոսքով՝ Փաշինյանն ինքնարդարացման եւ մեղավորներ նշանակելու իր բռնած ուղով, բառիս բուն իմաստով, Ալիեւին «հրապուրեց» Հայաստանից նոր զիջումներ կորզելու հեռանկարով, ինչին էլ նա հասավ Թուրքիայի եւ Իսրայելի խորհրդատվության շնորհիվ: Մնալով իր պաշտոնում՝ Փաշինյանը, կարելի է ասել, մեր պարտությունն ու կապիտուլյացիան դարձրեց անվիճելի եւ ամբողջական: Սա պետք է կանխվեր 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան, ինչը չարվեց, եւ մեր անվտանգության մարմիններն այլեւս արդարանալու տեղ չունեն:

Ինձնից շատ ավելի խելացի մարդիկ այսօր փորձում են Փաշինյան կոչվող աղետից ազատվել ընտրությունների միջոցով: Այլ ձայներ պահանջում են, որ պետական համակարգը տարանջատվի Փաշինյանի արյունոտ ծրագրերից եւ ԱԳՆ օրինակով ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ: Խորին հարգանքներս այս մարդկանց հեռատեսության եւ համբերատարության հանդեպ, բայց իմ համոզմամբ՝ Հայաստանին այս պահին պետք են ամենակտրուկ վիրահատական միջամտություններ՝ Փաշինյանը պետք է հենց այսօր հեռացվի իշխանությունից՝ որպես պետական հանցագործ: Հակառակ պարագայում առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու հետընտրական գործընթացները վերածվելու են Հայաստանի կործանման նախերգանքի: Հունիսի 21-ին, անկախ ընտրությունների արդյունքներից, Հայաստանում կարող է ստեղծվել անիշխանության այնպիսի վիճակ, ինչպիսին ստեղծվեց Ռուսաստանում բոլշեւիկյան իշխանազավթման եւ դրան հաջորդած միջազգային ինտերվենցիայի արդյունքում:

Մեր ուժային կառույցները եւ բանակը, որոնք երկրի անվտանգության առումով այսօր ոչինչ չեն վերահսկում, գոնե պարտավոր են վնասազերծել Փաշինյանին, չեզոքության դատապարտել նրա թիմը եւ այդ թիմի հովանու տակ ապրող գործակալական ՀԿ-ները, ԱԺ-ն մաքրել «իրենց պարտականությունները կատարող» իմքայլական պատուհասներից եւ բոլոր այդ պետական հանցագործներին փակել բանտերում: Այլ ճանապարհ՝ երկիրը նոր աղետից պաշտպանելու, չկա այսօր:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ ո՞ւր մնաց արդարադատությունը: Արդարադատության համար անհանգստանալ պետք չէ: Երեք տարի այն չկար, եւ ոչ ոք չէր անհանգստանում: Ի վերջո, կարելի է մի քանի ամիս էլ սպասել, ինչպես, օրինակ, Բաքվի բանտերում սպասում են մեր գերիները: Եվ ապա՝ մի՞թե ավելի արդար է, երբ Փաշինյանը, օգտագործելով պետական գույքն ու միջոցները, իր շքախմբով գյուղից գյուղ ընկած՝ թշնամանք ու ատելություն է քարոզում մեր հանրությանը: Իսկ եթե սա էլ բավարար պայման չէ վարչապետի ԺՊ կոչեցյալին ճաղերի հետեւը տանելու համար, ապա այս «քարոզարշավի» ընթացքում նրա արած խայտառակ հայտարարությունների հիման վրա կարելի է բազմաթիվ քրեական գործեր հարուցել եւ այնպես փակել նրան, որ մոռանա թե՛ ընտրությունների եւ թե՛ իշխանության ղեկին մնալու մասին: