Ինչպես  պարզել՝ գրագողությո՞ւն է, թե՞ ոչ․ թեժ քննարկում ՀՊՄՀ-ում

Ինչպես  պարզել՝ գրագողությո՞ւն է, թե՞ ոչ․ թեժ քննարկում ՀՊՄՀ-ում

Հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող հոգեբանության մասնագիտական խորհրդում Մարատ Դուրյանի  պաշտպանած ատենախոսությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, ինչի առթիվ էլ Բարձրագույն որակավորման կոմիտեն այսօր  հրավիրել էր քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հայցորդի գիտական ղեկավար Հրայր Ավանեսյանը, գրագողության մասին փաստեր ներկայացնող Սամվել Խուդոյանը, մասնագիտական խորհրդի նախագահ Ս․ Գեւորգյանը, մասնագիտական խորհրդի անդամներ։  

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն իր խոսքում նշեց, որ երբ այդ հարցը քննարկել են մասնագետների հետ, նրանք միաձայն կարծիք են հայտնել, ինչի հիման վրա էլ որոշում են կայացրել։ Նրա կարծիքով՝ ճիշտ մոտեցումն այն է, որ մասնագետները պետք է ամեն ինչ ճիշտ եւ օբյեկտիվ գնահատեն, ոչ թե ամբողջ բեռը թողնեն ԲՈԿ-ի վրա։ Գոգյանը հիշեցրեց, որ ԲՈԿ-ում աշխատում են քաղծառայողներ, որոնք գիտական ոլորտի մասնագետներ չեն, եւ նրանց կոմպետենցիայի մեջ չի մտնում մասնագիտական գնահատականներ տալը։ 

«Ինչո՞ւ այդ աշխատանքը գրավեց մեր ուշադրությունը։ Մինչեւ պաշտպանությունը փաստեր ներկայացվեցին, որ Դուրյան Մարատի աշխատանքում՝ «Բարդ իրավիճակներում որոշումների ընդունման առանձնահատկությունները», կան մեջբերումներ, որոնցում նշված չեն աղբյուրները։ Մենք ամբողջ փաթեթը, առանց մի տող փոխելու, ուղարկեցինք մասնագիտական խորհուրդ, մասնագիտական խորհրդում տեղի ունեցան քննարկումներ, առաջին անգամ մեկ տարվա ընթացքում ներկա գտնվեց ԲՈԿ-ի աշխատակից պարոն Աղաջանյանը։ Իմ տեղեկություններով՝ նա անաչառ ներկա է գտնվել եւ չի խառնվել քննարկմանը։ Չնայած Ֆեյսբուքում պարոն Խուդոյանն ասել է, որ միջամտել է, բայց այդ փաստերը մենք ամեն դեպքում չտեսանք։ Իսկ հիմա ուզում ենք քննարկել պարոն Խուդոյանի դիտողությունները, լսենք Ձեր կարծիքները»,- նշեց Գոգյանը։ Հետո նա մեջբերում արեց, որ Դուրյան Մարատը հղում է արել միայն վերջին պարբերությանը, իրականում, սակայն, ամբողջ պարբերությունը վերցված էր այլ աղբյուրից։ Սմբատ Գոգյանը հիշեցրեց, որ բնագիտական առարկաներում բառացի մեջբերում չի լինում, իսկ հասարակագիտական առարկաներում այլ է։ 
Այնուհետեւ ԲՈԿ նախագահը քննարկման մասնակիցներին խնդրեց միմյանց չվիրավորել, չմիջամտել, չվարկաբեկել։ 

Հրայր Ավանեսյանը, անդրադառնալով ատենախոսությանը, նշեց, որ իր ասպիրանտը շատ պարտաճանաչ եւ մանրակրկիտ աշխատանք է կատարել եւ միտումնավոր պլագիատի չի դիմել։ Նա պնդեց, որ բոլոր մեջբերումներն էջ առ էջ նայել է, նույնիսկ մեջբերված տեքստերում կան մանիպուլյացիաներ։ Այդ տեքստում, ըստ նրա, կա Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ Զարուհի Ոսկանյանի մահախոսականի մասին խոսք, որը տպագրվել է թերթերից մեկում, այնտեղից մի հատված տպագրվել է Վիքիպեդիայում։ Ըստ նրա՝ Խուդոյանը մեջբերում է կատարում Վիքիպեդիայից։ Հրայր Ավանեսյանը նշեց, որ ատենախոսության մեջ օգտագործված են սկզբնաղբյուրները։ Հետո նա ասաց, որ մեջբերումներից երկու հատված տվել է փորձաքննության։ Եվ նյութը ռուսերենից հայերեն թարգմանելուց հետո ստացել է երեք տարբեր տարբերակ։ Հետեւությունը եղել է այն, որ ատենախոսության մեջ եղել են բազմաթիվ թարգմանություններ, եւ առկա են հղումները։ Նա նշեց, որ ասպիրանտն օգտագործել է Էլդա Գրինի եւ Սերգեյ Արզումանյանի գրքի հատվածները, հղում է տվել նրանց գրքին։ Իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ Սամվել Խուդոյանը, մասնագիտական խորհրդի անդամները։
Իսկ Սմբատ Գոգյանը բուհի մասնագիտական խորհրդի անդամներին հրավիրեց երկուշաբթի օրը քննարկելու ատենախոսությունը։

Ի դեպ, ՀՊՄՀ-ն, արձագանքելով նախորդ օրվա մեր հրապարակմանը, ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը․ «Ի պատասխան 20.06.2019թ. «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Գրագողության դեպք է հայտնաբերվել» հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ հոդվածում նշված թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը իրականացվել է ըստ ՀՀ ԲՈԿ-ի կողմից ներկայացված ուղեցույցի, ըստ որի՝ մեկանգամյա խորհրդի 9 անդամներից 6-ին առաջարկել է հայցորդը, որի հիման վրա ՀՀ ԲՈԿ-ը տվել է 11.02.2019թ. №15Ա հրամանը խորհրդի անդամներից մեկը ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից է, մեկը կառավարման պետական ակադեմիայից, մեկը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից և երկուսը ԵՊՀ-ից: Մեր բուհից խորհրդի կազմում ընդգրկված են 3 մասնագետներ: Ըստ ուղեցույցի՝ ԲՈԿ-ը ներկայացնում է նաև խորհրդի նախագահին, ով ի դեպ, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչն է: Նշենք նաև, որ պաշտպանական գործընթացին մասնակցել է նաև ԲՈԿ-ի ներկայացուցիչը: Այսինքն Մանկավարժական համալսարանը տվյալ պաշտպանության հետ գրեթե կապված է այնքանով, որքանով պաշտպանության գործընթացը տեղի է ունեցել բուհի տարածքում»: